2010-03-17

1000 լիտր արյուն` կառավարությանն անիծելու համար

Թայլանդի «կարմիր վերնաշապիկավորները» սկսել են արյան նվիրաբերման ակցիա, որպեսզի շաղախեն կառավարության շենքը՝ որպես ծիսակարգային ավանդական անեծք` ուղղված ոչ լեգիտիմ իշխանություններին։

Նշենք, որ երեք օր շարունակվող բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են Թայլանդի վարչապետ Աբհիսիտ Վեջաջիվայի հրաժարականն ու արտահերթ ընտրությունների նշանակում։ Սակայն կառավարությունն անդրդվելի է։ Այդ պատճառով թայլանդական ընդդիմությունը որոշել է անեծքով տապալել կառավարությունը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Արյան նվիրատվությունները կատարվում են ցույցի հրապարակում տեղադրված երեք վրաններում։ Թայլանդական ընդդիմության առաջնորդները նշել են, որ իրենց արյամբ կշաղախեն կառավարության շենքի մուտքը, եթե վարչապետը չլուծարի խորհրդարանը։

«Կարմիր վերնաշապիկավորները» մտադիր են հավաքել 1000լ արյուն։

Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Դավութօղլուն դեմ է Թուրքիայից հայերին վտարելուն

Վտարել Թուրքիայում ապօրինի բնակվող Հայաստանի քաղաքացիներին` նշանակում է հաղթաթուղթ տալ Թուրքիային դեմ հանդես եկող երկրներին: Այս մասին, Sabah օրաթերթի փոխանցմամբ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած դռնփակ նիստի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն` ի պատասխան Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության անդամ պատգամավոր Ջանան Արըթմանի` ապօրինի բնակվող հայաստանցիներին Թուրքիայից վտարելու առաջարկությանը:«Նման քայլը հաղթաթուղթ կդառնա մեր դեմ հանդես եկող երկրների ձեռքին: Բացի այդ, աշխարհի բոլոր երկրների թերթերը կհրապարակեն վտարվող հայերի մասին նյութեր: Կձևավորվի ցեղապաշտական պատկեր, Թուրքիան ավելի դժվարին իրավիճակում կհայտնվի»,- հայտարարել է Դավութօղլուն:

Իսկ ի պատասխան խորհրդարանից հայ-թուրքական Արձանագրությունները հետ կանչելու ընդդիմության պահանջին` Դավութօղլուն նշել է, որ այդ քայլը ճիշտ չի լինի:

«Արձանագրությունների հետ կանչելը ճիշտ չի լինի: Ըստ էության, նման նպատակ էլ չունենք: Արձանագրությունները մեր ձեռքին շատ կարևոր գործիք և լծակ են: Մենք դրանք օգտագործում ենք որպես արգելակ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեմ է արտահայտվել նաև ամերիկյան Ինջիրլիք ռազմակայանը փակելու ընդդիմության առաջարկությանը` հայտարարելով, թե նման քայլն այսօրվա փոփոխված քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում որևէ ազդեցություն չի կարող ունենալ:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-16

Եթե Հիտլերը թուրք լիներ, Թուրքիան ժխտելու էր նաև Հոլոքոստը

Թուրքական Star օրաթերթը, անդրադառնալով ամերիկացի և շվեդ օրենսդիրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունմանը և քննադատելով ի դեմս Էնվեր փաշայի, իթթիհաթականների չարագործություններին սատար կանգնելուն և դրանք ժխտելուն ուղղված թուրքական քաղաքականությունը, գրում է. «Եթե Ադոլֆ Հիտլերը թուրք լիներ, ժխտելու էինք նաև Հրեական ցեղասպանությունը»:

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց նաև Շվեդիայի Ռիկսդագը: Դրանք ոչ թե այսպես կոչված, այլ իրական որոշումներ են: Իշխանությունները շատ բարկացան: Ե´վ Վաշինգտոնից, և´ Ստոկհոլմից դեսպաններին հետ կանչեցին: Չեղյալ հայտարարեցին ԱՄՆ և Շվեդիա նախատեսված այցերը:
Այս հակազդեցության նպատակն է կանխել բանաձևի ընդունումը այլ երկրների կողմից, որովհետև նախկինում նման բանաձևեր ընդունող երկրների դեմ այդպիսի հակազդեցություն չկար. ոչ դեսպաններն էին հետ կանչվում, ոչ էլ` այցելությունները չեղյալ հայտարարվում: Հավանաբար պետությունը որոշում է կայացրել 2010–ից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին «այո» ասող երկրներ չայցելել, այդ երկրներում էլ դեսպաններ չունենալ»,- գրում է Star-ը` ավելացնելով. «Մենք մեր մեջ հնարավոր է` քննադատենք իթթիհաթականներին և նրանց որդեգրած քաղաքականությունը: Սակայն մեզանում գերիշխում է այն մտածելակերպը, թե ամեն ինչ պետք է մնա տան պատերի ներսում»:

Թուրքական պարբերականը խիստ քննադատության է ենթարկում նաև Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միությանը (TÜSİAD)` իր իսկ որդեգրած ուղեգծին հակասելու համար: (TÜSİAD-ը, ի հակազդեցություն Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձևի ընդունմանը, չեղյալ էր հայտարարել իր պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ):

«Անգամ TÜSİAD-ը դարձավ իշխանանամետ: Ամո´թ: Ե'վ հանդես է գալիս անկախ քաղաքականության ջատագովի դիրքերից, և' միևնույն ժամանակ անձնատուր լինում շովինիստական քաղաքականությանը: Նշանակում է` դուք էլ եք իթթիհաթական, ամեն դեպքում ձեր կապիտալի հիմքում մեծ է իթթիհաթականների բաժինը: Եթե նրանք չկեղեքեին և չկոտորեին ազգային փոքրամասնություններին, ձեր պապերը հաստատ այդ ունեցվածքների վրա նստած կապիտալ չէին դիզի: Կարճ ասած`սատար եք կանգնում ձեր պատմությանը»,- գրում է Star-ը:

«Ամերիկացիներն էլ սպանել են հնդկացիներին, այնպես չէ՞: Սակայն նրանք դա ընդունել են և այդ թեման ներառել դպրոցական դասագրքերում: Իսկ հայ երեխաներն աքսորվեցին` ռուսների հետ միասին Օսմանյան կայսրության դեմ պատերազմելու համար: Նրանց մայրերն էլ տեղահանվեցին` իրենց երեխաներին զենք մատակարարելու համար: Սեպտեմբերի 6-7-ի իրադարձություններն էլ հույների կողմից էին կազմակերպվել` Թուրքիայի վարկանիշը համաշխարհային հանրության առջև գցելու համար: Օսմանյան դինաստիան կարող էր դավաճան լիներ, թշնամու հետ համագործակցել, սակայն նրանց վարչակազմը Ցեղասպանություն չի գործել»,- սեփական անցյալի մութ անցքերը կոծկելուն ուղղված թուրքական պետական քաղաքականության մասին հեգնանքով գրում է թերթը:

Ըստ Star պարբերականի` այս ամենից հետո թուրքերին մնում է վերցնել «Ամենքս Էնվեր ենք, ամենքս` իթթիհաթական» գրությամբ ցուցապաստառներ և դուրս գալ փողոց:

«Եթե Հիտլերը թուրք լիներ, ժխտելու էինք նաև Հրեաների ցեղասպանությունը… Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ընդունում ենք, որ բանակը մզկիթները ռմբահարելու մասին ծրագրեր է մշակել, սակայն այդ նույն բանակի`իր քաղաքացիներին թնդանոթներով ոչնչացնելու մասին իրողությունը` ոչ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Դերսիմի իրադարձություններն իրողություն են, իսկ Հայոց ցեղասպանությունը` սուտ… Այդ ինչպե՞ս է ստացվել, որ հազար տարուց ավելի այս հողերում ապրող հայերի թվաքանակն այժմ հասնում է ընդամենը տասնյակ հազարների: Ըստ իս` ապրիլի 24-ին ամենքը պետք է «Բոլորս Էնվեր ենք, բոլորս` իթթիհաթական» գրությամբ ցուցապաստառներ պատրաստեն և փողոց դուրս գան»,- եզրափակում է Star-ը:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի մահացել. Աբդուլլահ Գյուլ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի մահացել, և այժմ լուռ դիվանագիտության շրջան է: Այս մասին, թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է պաշտոնական այցով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Թուրքիայի նախագահը քննադատել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունումը և հայտարարել, որ դա բացասաբար է անդրադառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Միևնույն ժամանակ, նա նշել է, որ չնայած դրան՝ գործընթացը չի մահացել. «Թեմայի առնչությամբ մենք շարունակելու ենք մեր համառ աշխատանքները: Դժվարին խնդիրները երբեմն լուծվում են լուռ դիվանագիտությամբ»,- հայատարարել է Գյուլը` նշելով, թե արձանագրային գործընթացում Թուրքիան Հայաստանից առաջ է, քանի որ Անկարան, ի տարբերություն Երևանի, Արձանագրություններն անմիջապես ուղարկեց խորհրդարան:
Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-03-11

Շվեդիայում Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար վճռորոշ է եղել քուրդ խորհրդարանականի ձայնը

Մարտի 11-ին Շվեդիայի Ռիկսդագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար վճռորոշ է եղել ազգությամբ քուրդ պատգամավորի քվեն:

Firat գործակալության փոխանցմամբ` բանաձևն ընդունվել է Շվեդիայի ժողովրդական կուսակցության ազգությամբ քուրդ պատգամավոր, ծնունդով Վանից Գուլան Ավջըի «կողմ» քվեարկելու արդյունքում:

«Շվեդիայի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչում շատ կարևոր է: Գիտեմ` իմ ձայնը որոշիչ է եղել: Դա պետք էր, որովհետև ժամանակն է, որ Թուրքիան հաշվի նստի իր անցյալի հետ և ընդունի պատմության ընթացքում իր գործած ցեղասպանություններն ու կոտորածները: Աշխարհի մի շարք երկրներ Թուրքիան համարում են ցեղասպան պետություն»,- հայտարարել է քուրդ խորհրդարանականը:
Հիշեցնենք, որ երեկ Շվեդիայի Ռիկսդագը 131 կողմ, 130 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:

Իսկ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձևի ընդունման համար վճռորոշ էր եղել մուսուլման կոնգրեսականի քվեն:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրք խորհրդարանականը լքել է Ռիկսդագի դահլիճը Ցեղասպանության բանաձևի քվեարկության ժամանակ

Շվեդիայի Ռիկսդագի թուրք խորհրդարանական Մեհմեթ Քափլանը Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության ժամանակ լքել է նիստերի դահլիճը:

Թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ` թուրք խորհրդարանականի այդ քայլը առաջ է բերել Շվեդիայում բնակվող թուրքերի դժգոհությունը: Նրանց կարծիքով, եթե Քափլանը մնար և «ոչ» ասեր բանաձևին, հնաարվոր է, որ բանաձևը չընդունվեր: Հիշեցնենք, որ բանաձևն ընդունվել է 131 կողմ, 130 դեմ ձայներով:
Մեհմեթ Քափլանը Շվեդիայի Կանաչների կուսակցությունից է, որն աջակցում է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը:
Թուրքական մամուլը Մեհմեթ Քափլանի այդ քայլը որակել է որպես Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմանը «ոչ» ասելու անկարողություն:



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքիայում մինչև օրս Հայկական հարցի առնչությամբ կայքէջեր են արգելափակվում. Լրագրողներ առանց սահմանների

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Կիբեր-գրաքննության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ սուր գրաքննության են ենթարկվում և իշխանությունների կողմից վերահսկվում համացանցային կայքերը:

RSF-ի «Համացանցի թշնամիները» վերտառությամբ զեկույցում քաղաքացիների՝ համացանցից օգտվելու հնարավորությունները սահմանափակող «ամենաահավոր խախտումներ կատարող» երկրների ցանկում տեղ են զբաղեցրել Սաուդյան Արաբիան, Բիրման, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Եգիպտոսը, Իրանը, Ուզբեկստանը, Սիրիան, Թունիսը, Թուրքմենստանը և Վիետնամը:
Զեկույցի «համացանցը վերահսկող» երկրների ցանկում են ընդգրկվել Թուրքիան և Ռուսաստանը:

Նշվում է, որ մինչև օրս Թուրքիայում տաբու են համարվում «Աթաթուրքի, բանակի, Հայկական և քրդական հարցերի քննարկումները», ինչի պատճառով հազարավոր կայքէջեր են արգելափակվում։ Որպես դրա վառ օրինակ` RSF-ը նշում է YouTube-ի արգելափակումը:

Զեկույցում նաև ասվում է, որ քանի որ Ռուսաստանում ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է Կրեմլի կողմից, համացանցն ավելի ազատ տեղեկատվության աղբյուրի է վերածվել: Սակայն այդ անկախությունը մի շարք բլոգերների ձերբակալությունների և հետապնդումների պատճառով հայտնվել է սպառնալիքի տակ: Ըստ RSF-ի` վարչակարգի քարոզչությունն սկսում է ավելի մեծ տեղ զբաղեցնել համացանցում և վտանգ կա, որ համացանցը կվերածվի քաղաքական վերահսկողության գործիքի:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs