2009-03-30

Հայտնի դարձավ Օբամայի՝ Թուրքիա կատարվելիք այցի ժամկետը. Գյուլի համար այն շատ կարևոր է

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման կմասնակցի ՄԱԿ-ի «Քաղաքակրթությունների դաշինք» երկրորդ տարեկան ֆորումին, որը համանախագահում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն։ Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet-ը՝ հղում կատարելով իսպանական EFE-ին։
Նշենք, որ Օբամայի մասնակցությունը վերոնշյալ ֆորումին կասկածի տակ էր, սակայն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով գնտվել է Անկարայում թուրք ղեկավարների հետ բանակցությունների համար, օրերս նշել է, որ Օբաման մեկ ամսվա ընթացքում կայցելի Թուրքիա։ Սակայն պետքարտուղարը չի նշել ԱՄՆ նախագահի պաշտոնական այցի հստակ ամսաթիվը։ Հայտնի է, որ տվյալ ֆորումը կկայնա ապրիլի 6–7-ին Թուրքիայում, իսկ դա նշանակում է, որ այդ օրերին Օբաման կգտնվի մեր հարևան երկրում։
Օբամայի այցի մասին խոսելով՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն այսօր նշել է, որ այն շատ կարևոր է իր երկրի համար։

«Այս այցն ակնհայտորեն շատ կարևոր է թե՛ Թուրքիայի և թե՛ Միացյալ Նահանգների համար, քանի որ մեր երկու երկրները ընդհանուր շահեր ունեն բազմաթիվ գերկարևոր ոլորտներում, նաև այն ոլորտներում, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին»,- նշել է Աբդուլլա Գյուլը մամուլի ասուլիսի։

Ինչպես նշել է Թուրքիայի նախագահը, Օբամայի այցը հնարավորություն կընձեռի ամրապդնել երկկողմանի հարաբերությունները, որոնք նա բնորոշել է որպես «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանցքային հենք»։

«Նոր դարաշրջան է սկսվել՝ այն ուղերձների և նորովի մոտեցման շնորհիվ, որոնք ցուցաբերում է ԱՄՆ նոր վարչակազմը։ Յուրաքանչյուր ոք պետք է պատրաստ լինի այդ նոր դարաշրջանին, քանի որ այն շատ կարևոր կլինի աշխարհում խաղաղության և կայունության համար»,- նշել է Աբդուլլա Գյուլը։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ցեղասպանության վերաբերյալ նոր փաստաթղթերը Թուրքիայում լռությամբ են ընդունվել

Երկար ժամանակ չհրապարակված Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարի փաստաթղթերի համաձայն` հայկական բնակչության թիվը Օսմանյան Թուրքիայում 1915-ից 1916 թթ. կրճատվել է 972 հազար մարդով, հայտնում է InoPressa–ն՝ հղում կատարելով International Herald Tribune-ի վրա։
Այս թվերը ներկայացված են թուրք գրող և լրագրող Մուրաթ Բարդաքչիի գրքում, որտեղ զետեղված են Մեհմետ Թալէաթի՝ Թալէաթ փաշայի փաստաթղթերը և գրառումները։ Վերջինս համարվում է հայկական ջարդերի գլխավոր իրագործողը։

Սակայն գրքի՝ հունվարին լույս տեսնելուց հետո այս թվերը այլևս ոչ մի տեղ չեն հիշատակվել։ Թերթերը գրեթե ոչինչ չէին գրում այդ մասին, հարցը չէր քննարկվում հեռուստատեսությամբ, գրում է հոդվածի հեղինակ Սաբրինա Տավերնայսը։
Բարդաքչիի խոսքերի համաձայն, նման լռությունը կարող է միայն մեկ բան նշանակել.

«Իմ թվերը չափից ավելի մեծ են հասարակ մարդկանց համար։ Հավանաբար, մարդիկ դեռ պատրաստ չեն խոսել այդ մասին»։

Թուրքական բնակչության մի քանի սերունդ փաստորեն ոչինչ չգիտեին 1915-18 թվականների հայերի ցեղասպանության մասին։ «Թուրքիան՝ Խորհրդային Միության օրինակով, թաքցրել է իր պատմության նողկալի էջերը՝ բացառելով պատահածի մասին ցանկացած հիշատակում դպրոցական դասագրքերից և պաշտոնական լրատվությունից՝ մոռացության ագրեսիվ քաղաքականություն իրագործելով», – գրում է Սաբրինա Տավերնայսը։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-03-17

«Ազգ». Մտածո՞ւմ են արդյոք հայ բարձրաստիճան պաշտոնյաները

Օրաթերթը ներկայացրել է Հայաստանի կառավարության պաշտոնյաների երկու հայտարարությունների վերաբերյալ սփյուռքահայերի մտահոգությունների մասին «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը, որից էլ ներկայացնում ենք հատվածներ:

Մտածո՞ւմ են արդյոք հայ բարձրաստիճան պաշտոնյաները

Առաջինը փետրվարի 21-ին Ծաղկաձորում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն է միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, որին մասնակցել են բարձրաստիճան հյուրեր Ռուսաստանից, Բուլղարիայից, Իրանից և այլ երկրներից: Տնտեսական համագործակցության վերաբերյալ իր ելույթում նա Ռուսաստանին և Թուրքիային կոչ արեց մասնակցել Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությանը...

Մի շարք հայ քաղաքական մեկնաբաններ մտահոգություն են արտահայտել նման զգայուն մի ծրագրում Թուրքիայի ներառման առնչությամբ: Ոմանք մատնանշել են Հայաստանի ազգային անվտանգության հարցը՝ հաշվի առնելով Թուրքիայի դարավոր թշնամանքը... ՀՅԴ կուսակցությունից խորհրդարանական պատգամավոր Արա Նռանյանը, օրինակ, հայտարարել է, որ իր կուսակցությունը դեմ է շինարարությանը Թուրքիայի մասնակցությանը՝ համարելով դա «Հայաստանի շահերին վնասակար»...

Երկրորդ մտահոգությունը վերաբերում է մեկ ուրիշ հրավերի` ուղղված Թուրքիայի արտգործնախարարին՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական կոնֆերանսին, որը պետք է կայանա ապրիլի 16-17-ին, այսինքն՝ ընդամենը մի քանի օր առաջ Եղեռնի 94-ամյակից: Հարցն ավելի սուր բնույթ ստացավ թուրքական «Թուդեյզ Զաման» թերթի այն հոդվածի տպագրությամբ, որտեղ մասնավորապես նշվում էր, որ հայկական կողմը որպես բարի կամեցողության դրսևորում փոխել էր ամսաթիվը՝ ապրիլի 29-ից տեղափոխելով ապրիլի 16-ը, որպեսզի ավելի հարմար լիներ Ալի Բաբաջանի համար...

Դժվար է հավատալ, որ Հայաստանի կառավարությունը Թուրքիայի արտգործնախարարին հրավիրում է այցելել Հայաստան ապրիլի 24-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Մի դեպքում միայն դա կարող է արդարացված լինել. եթե Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան նախատեսում է ծաղկեպսակ դնել ցեղասպանության հուշահամալիրում և ներողություն խնդրել հայ ժողովրդից: Այլապես նրա այցը չպետք է ընդունելի լինի:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Բուենոս Այրեսում բացվեց բրազիլահայ ճարտարապետ և լուսանկարիչ Ստեփան Նորայր Շահյանի լուսանկարների ցուցահանդեսը

Մարտի 13-ին Բուենոս Այրեսի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Սարգիս Բենկլյան սրահում կայացավ բրազիլահայ ճարտարապետ և լուսանկարիչ Ստեփան Նորայր Շահյանի` «ԷքսպոԱրմենիա» խորագիրը կրող Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։
Ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ վարչության նախաձեռնությամբ և «Ռիթեքս» ընկերության ֆինանսական աջակցությամբ, հովանավորվում է Արգենտինայում Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի դեսպանությունների, ինչպես նաև Արգենտինայի և Հայաստանի Մշակույթի նախարարությունների կողմից։

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կատարեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Վ. Կարմիրշալյանը և «Ռիթեքս» ընկերության նախագահ, ազգային բարերար Ա. Էքսերջյանը։ Ներկաների թվում էին արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական և մշակութային գործիչներ, լրագրողներ, Բուենոս Այրեսում Հայաստանի և Բրազիլիայի դեսպանությունների աշխատակիցներ։

Ցուցահանդեսն ունի կարևոր ճանաչողական նշանակություն։ Այն 2009թ. ընթացքում կշրջի ողջ երկրով` այցելելով թե այնպիսի հայաշատ քաղաքներ, ինչպիսիք են Կորդոբան և Մար դե Պլատան, թե Նեուկենի, Ռիո Նեգրոյի, Չիպոլետտիի, Միսիոնեսի նման փոքրիկ բնակավայրեր, որտեղ հայության թիվը ընդամենը մի քանի տասնյակ մարդ է կազմում։



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-03-12

Եվրոյի տասնամյակը

2009թ. առաջին օրը Եվրամիության կարևորագույն և ամենաբարդ ծրագրերից մեկը տոնեց իր առաջին նշանակալի հոբելյանը. եվրոն 10 տարեկան է։
Սկզբում ֆրանսիացի տնտեսագետ և ֆինանսական քաղաքական գործիչ Ժակ Ռյուեֆի 1950թ. արած մարգարեությունն էր. «L'Europe se fera par la monnaie ou ne se fera pas» - Եվրոպան միասնական կդառնա միասնական արժույթի միջոցով կամ ընդհանրապես չի դառնա։ Եվրոպական արժութային միության առաջին կշռադատումներն ու պլաններն առաջ եկան արդեն 1960-ական և 70-ական թվականների սկզբին, սակայն գործելու ճնշումը եկավ դրսից։

«Վիետնամի պատերազմի և դրա ֆինանսավորման հետևանքով էր, որ Նիքսոնի վարչակազմը վերացրեց ոչ միայն դոլարը ոսկով փոխանակելու պարտավորությունը, այլև արժույթների միջև կայուն հարաբերակցության սկզբունքը»,– հիշում է նախկին Դաշնային կանցլեր Հելմուտ Շմիդտը, որն այն ժամանակ նաև ֆինանսերի նախարար էր։ 1972թ. այն ժամանակվա եվրոպական հանրության վեց, այնուհետև ինը անդամներ միավորվեցին և ստեղծեցին փոխարժեքի միություն։ Նրանք պարտավորվեցին սահմանափակել իրենց արժույթների տատանումները միմյանց նկատմամբ նեղ սահմաններում, ինչպես օձի շարժումները թունելում։ Ընդհանուր հաշվառման միավորը կոչվում էր ECU։ Շմիդտը շարունակում է. «Հավանաբար դա ազգային արժույթներին զուգահեռ արժույթ էր։ Այդ գաղափարը վերցրեց և առաջ տարավ Ժակ Դելորը»։ Դելորը ԵՄ հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ ստեղծեց եվրոպական տնտեսական և արժութային միության հիմքերը, որոնք բերեցին Եվրոպական կենտրոնական բանկի ստեղծմանն ու եվրոյի ներդրմանը։
Այդ մարմինը՝ Եվրոպական կենտրոնական բանկը, մինչ օրս բավականին վստահորեն ղեկավարում էր եվրոն բոլոր արժութային տատանումների ժամանակ։ Իր գործածության առաջին օրը, 1999թ. հումվարի 4-ին, եվրոյի արժեքը համարյա 1 դոլար և 18 ցենտ էր։ Սակայն հետագայում քաղաքական գործիչներն ու տնտեսագետները ավելի ու ավելի նյարդայնանում էին, քանի որ եվրոյի արժեքը գնալով նվազում էր։ 2000թ. այն հասավ իր պատմության մեջ նվազագույն արժեքին, երբ մեկ եվրոյի դիմաց տալիս էին մոտ 82 ԱՄՆ ցենտ։ Սակայն դրանք, այսօրվա տեսակետից, միայն սկզբնական դժվարություններ էին, քանի որ դրանից հետո եվրոյի արժեքը մշտապես բարձրացել է։ Միասնական արժույթն օրվա ամենաբարձր արժեքն ունեցավ 2008թ. հուլիսի 15-ին, երբ 1 եվրոյի դիմաց տալիս էին համարյա 1,60 դոլար։ Սակայն նա, ով չի արտահանում իր արտադրանքը դոլարի գործածության տարածք կամ չի անցկացնում այնտեղ իր արձակուրդը, դժվար թե հետաքրքրվի համաշխարհային շուկայում եվրոպական միասնական արժույթի արժեքով, նա ավելի շուտ հետաքրքրված է իր արժույթի ներքին կայունության մեջ։

Ամենից առաջ Գերմանիայում եվրոն մեղադրում էին գների աճի համար։ Փողի կտրուկ արժեզրկման զգացումը համառորեն պահպանվում էր, չնայած վիճակագրությունը այլ բան է ասում։ Միջինում գների բարձրացումը եվրոյի գործածությամբ 11 երկրներում, ինչպես նաև Հունաստանում 1999թ. և 2007թ. միջև կազմում էր տարեկան 2,1 տոկոս, և դրանով իսկ չնչին չափով չհասավ Եվրոպական կենտրոնական բանկի նպատակին՝ արժեզրկումը պահել 2 տոկոսից մի փոքր ցածր սահմաններում։

Այսօր համարյա 320 միլիոն եվրոպացիներ վստահում են եվրոյին։ 15 պետություններում այն պաշտոնական վճարման միջոց է։ Վեց այլ, հիմնականում փոքր երկրներ, լուռ կարգով շրջանառության մեջ են մտցրել այն. սա նույնպես միասնական արժույթի հաջողության նշան է։ «Թեկուզ և ևս կես դար անցնի, որպեսզի կարողանանք խոսել Եվրամիության կառուցման ավարտի մասին,– ասում է նախկին կանցլեր Շմիդտը,– սակայն եվրոն ավելի շուտ, քան մեկ տասնամյակ անց, կդառնա համաշխարհային արժույթ»։

1999թ. եվրոն շրջանառության մեջ դրվեց միայն որպես անկանխիկ տարադրամ։ Հանձնումը վերջնական օգտագործողներին սկսվեց 2002թ. հունվարի 1-ին։



Աղբյուրը. dpa


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-03-10

Անկարան լուրջ մտավախություն ունի, որ ԱՄՆ նախագահն այնուամենայնիվ կճանաչի Հայոց Ցեղասպանությունը

ԱՄՆ-ի նոր վարչակազմը հաշվի է առնում Թուրքիայի դիրքորոշումն ու նրա զգայունությունը 1915 թվականի իրադարձությունների հարցում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը` հավելելով, որ դեռևս «ռիսկ» կա այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ:
1915 թվականի իրադարձությունների թեման արծարծվել է Անկարայում Ալի Բաբաջանի ու ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի բանակցություններում, հաղորդում է Anatolian News Agency-ն: «Ես կարող եմ ասել, որ ներկայիս վարչակազմը տեղյակ է Թուրքիայի կարծիքին այդ հարցի վերաբերյալ և մենք ոչ մի դժվարություն չունենք այդ իմաստով»,-ընդգծել է Բաբաջանը` նշելով, որ հարցը կարող է լուծվել առանց որևէ խնդրի և ամերիկա-թուրքական հարաբերությունների վատթարացման: Սակայն Թուրքիայի ԱԳՆ-ն գտնում է, որ դեռևս «ռիսկ» կա, որ Բարաք Օբաման կճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Նման քայլը միայն կխոչընդոտի Թուրքիայի և Հայաստանի հաշտեցմանն ուղղված ջանքերին: Ես նախկինի պես վտանգ եմ տեսնում, քանի որ Օբաման հինգ անգան անընդմեջ խոստացել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Թուրքիայի ԱԳ ղեկավարը:

Ապրիլին Բարաք Օբաման, ինչպես ակնկալվում է, կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի «Քաղաքակրթությունների երկխոսություն» խորհրդաժողովին: Իր նախընտրական արշավի ժամանակ նա բազմիցս է ասել, որ դառնալով ԱՄՆ նախագահ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

PanArmenian.net


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Օբաման կայցելի Թուրքիա

Մինչև սեպտեմբեր Իրաքից կհեռանա 12.000 ամերիկացի զինծառայող, հայտարարել են ամերիկյան զինված ուժերի ներկայացուցիչները: Դա կարելի է համարել մինչեւ 2010 թ. Իրաքից ամերիկյան զորակազմը դուրս բերելու մասին Բարաք Օբամայի` վարչակազմի ծրագրի իրականացման մեկնարկ: Փետրվարին սահմանելով զորակազմի դուրս բերման վերջնաժամկետը` Բարաք Օբաման հայտարարել էր, թե մինչև հեռանալը Միացյալ Նահանգներն իր գործողությունները պետք է սահմանափակի հասանելի նպատակներով:
Չնայած զորակազմի դուրսբերման ծրագրին, Միացյալ Նհանգները, սակայն, չի պատրաստվում ամբողջովին հեռանալ այս երկրից, իսկ ազդեցության պահպանման համար Վաշինգտոնին դաշնակիցներ են անհրաժեշտ: Իրաքյան խնդիրը քննարկվել է նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի` Անկարա կատարած այցի շրջանակում: Պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի համատեղ հայտարարությունում մասնավորապես նշվում է. "Թուրքիան և Միացյալ Նահանգները վերահաստատում են ընդհանուր մտահոգություն ներկայացնող հարցերի` ահաբեկչության դեմ պայքարի, Իրաքի, Աֆղանստանի, Մերձավոր Արևելքի և Թուրքիայի ԵՄ անդամակցության շուրջ սերտ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը":
Անկարայում Հիլլարի Քլինթոնը հայտնել է նաև, թե ապրիլին Թուրքիա է պատրաստվում ժամանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Մինչ այդ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Բարաք Օբամային կոչ է արել ձեռնպահ մնալ նախորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները ցեղասպանություն որակելուց:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs