2010-02-27

Եգիպտացի քրմերը ուտում էին աստվածներին զոհաբերված կերակուրը և մահանում սրտանոթային հիվանդություններից

Հին Եգիպտոսի քրմերի սննդակարգը անառողջ է եղել. այն հիշեցնում է ժամանակակից McDonald's ռեստորանների կերակուրը: Նման սննդակարգը քրմերի մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման պատճառ է դարձել. Մանչեսթերի համալսարանի բրիտանացի գիտնականները այսպիսի եզրակացության են եկել `ուսումնասիրելով քրմերի մումիաների անալիզներն ու հին եգիպտական տաճարների պատերի գրությունները: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Գրությունների համաձայն, քրմերը սնվել են այն կերակուրներով, որը զոհաբերել են աստվածներին, այսնինքն, բարձր կալորիականության սննդով: Եգիպտոսի աստվածներին զոհաբերել են յուղոտ մսի կտորներ, հաց, ձու, կարագ, ինչպես նաև քաղցրավենիք, պատրաստված յուղով և յուղային հավելումով: Քրմերը նաև չարաշահել են ալկոհոլը, որը նույնպես զոհաբերվում էր Եգիպտոսի աստվածներին:

Բացի այդ, նրանց օգտագործած ուտելիքն աղի էր, քանի որ պահածոյացման համար աղ էր օգտագործվում: Հաշվի առնելով անառողջ սննդակարգը, գիտնականները չեն զարմանում, որ Հին Եգիպտոսի էլիտայի ներկայացուցիչները, չնայած իրենց հարստությանը, կարճ են ապրել. 40-50 տարի: Իսկ ահա գյուղացիները Հին Եգիպտոսում ավելի առողջ սնունդ են օգտագործել, նախընտրելով հիմնականում բուսական սնունդ, բանջարեղեն, կանաչեղեն, միրգ, սոխ, սխտոր և այլն:

Թերթ. Am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-26

Թուրք պատգամավորները Բերմանին հորդորում են վերանայել Ցեղասպանության բանաձևի հարցը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի առնչությամբ նամակ է ուղարկվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին:
Anadolu գործակալության փոխանցմամբ` նամակում թուրք խորհրդարանականները, արտահայտելով իրենց մտահոգությունը մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ, նշում են, որ բանաձևի ընդունումը չի բխում ո'չ Միացյալ Նահանգների, ո'չ Հայաստանի, և ո'չ էլ Թուրքիայի շահերից:
«Այն ժամանակ, երբ Երևանի հետ ընթանում է, ըստ էության, զգայուն գործընթաց, պետք է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել կայունությանն ու խաղաղությանը Կովկասում… Բանաձևը խեղաթյուրում է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած պատմական իրողությունները: 1915թ. իրադարձությունների վրա պետք է լույս սփռեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները: Մենք հավատում ենք, որ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գիտակցում է իր ուսերին վերցրած միջազգային ծանր պատասխանատվությունը և պատմական ցավերով լի, վիճահարույց հարցի առնչությամբ կորդեգրի անկողմնակալ մոտեցում: Մենք ակնկալում ենք, որ Դուք կվերանայեք բանաձևը քվեարկության դնելու հարցը»,- նշվում է թուրք խորհրդարանականների նամակում:

Հիշեցնենք, որ այս շաբաթվա վերջին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի գլխավորությամբ հինգ հոգուց բաղկացած պատվիրակություն է մեկնելու Վաշինգտոն, որտեղ թուրքական պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան իրենց ամերիկացի գործընկերների հետ և կփոխանցեն պաշտոնական Անկարայի մտահոգությունները Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-25

Կետաձուկը շոուի ժամանակ սպանել է վարժեցնողին

Միացյալ Նահանգների Օռլանդո քաղաքի SeaWorld ակվապարկում կետաձուկը սպանել է 40-ամյա կին վարժեցնողի ։ Ակվապարկի ղեկավարությունը փորձում է կոծկել միջադեպը՝ նշելով, թե կինը սայթաքելով ընկել է ջուրն ու խեղդվել։ Սակայն իրականում, ինչպես նշել են ականատեսները, շոուի ժամանակ կետաձուկը բարձր ցատկ է կատարել ջրից, գոտկատեղից բռնել կնոջն ու ջրի տակ տարել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։


Ակվապարկն անմիջապես փակել են և տարհանել շոուի հանդիսատեսին։ Սարսափած ականատեսների խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը կանգնած էր մեջքով դեպի ջուրը և պատմում էր շոուի ծրագրի մասին։ Նրանցից մեկը պատմել է, որ կետաձուկը, բռնելով վարժեցնողին, դաժանաբար ցնցել է նրան օդում։
Հրշեջ ծառայության աշխատակիցները փորձել են օգնության հասնել կնոջը, սակայն նրան ջրից դուրս բերելուց հետո այդպես էլ չեն կարողացել վերակենդանացնել։ Նշենք, որ մարդասպան կետաձուկ Թիլիկումը նախկինում արդեն սպանել էր մեկ այլ վարժեցնողի։ Դեպքը տեղի էր ունեցել Կանադայում 1991թ.։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-24

ԱՄՆ Պետդեպարտամենտը գտնում է, որ Հայոց Ցեղացպանության մասին բանաձևի ընդունումն այժմ անցանկալի է

Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը կարող է խանգարել հայ-թուրքական մերձեցմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Անցանկալի կլիներ, եթե ԱՄՆ Կոնգրեսը բանաձև ընդուներ Հայոց ցեղասպանության մասին: Այժմ,երբ մենք բոլորս ջանում ենք, որ թուրք-հայկական հարաբերությունները կարգավորվեն,նման բանաձևերը չեն կարող օգուտ բերել գործընթացին»,-հայտարարել է Քլինթոնը`ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում կայացած լսումների ժամանակ`թիվ 252 բանաձևի գծով քվեարկության շեմին, որը տեղի կունենա մարտի 4-ին:

Ըստ նրա, ԱՄՆ վարչակազմի բոլոր քայլերն ու գործերը պետք է նպաստեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ոչ թե խոչընդոտեն գործընթացին: «Եվ ես, և նախագահ Օբաման մեր կարծիքին ենք մնում, որ մենք դեմ ենք այն որոշումներին, որոնք կարող են ետ մղել այդ գործընթացները կամ վնասել դրանց: ԱՄՆ-ն կողմ է այդ գործընթացի արագացմանը և գտնվում է մշտական շփման մեջ երկու կողմերի հետ»,-ասել է Քլինթոնը: Միևնույն ժամանակ Պետքարտուղարն ընդգծել է, որ նախագահ Օբաման չի փոխել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում:

Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի, Քլինթոնի այս հայտարարությունն երրորդն է վերջին շրջանում: «Նախագահ Օբամայի վարչակազմի հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա չի արտահայտի իր տեսակետը բանաձևի քվեարկության վերաբերյալ: Ներկայիս ամերիկյան վարչակազմը, ի տարբերություն նախորդի, չի աշխատում միավորներ հավաքել Անկարայի առջև` հակազդելով ոճրագործության դեմ բանաձևի ընդունմանը»,-ասել է Համբարյանը:

Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը ներկայացվել է ԱՄՆ 110-րդ գումարման Կոնգրեսում 2007թ. հունվարի 31-ին Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 27 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հավանություն տվեց թիվ 106 բանաձևին, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց Պալատում և Սենատում կայանալիք ամբողջական քվեարկության վրա:

2009թ. բանաձևը կրկին ներկայացվեց Կոնգրեսում Ադամ Շիֆի և Մարկ Քըրքի կողմից: Ներկայումս թիվ 252 բանաձևն արդեն 134 կողմնակից ունի Ներկայացուցիչների պալատում: Նմանատիպ բանաձևէ ներկայացվել նաև Սենատում:


Աղբյուրը` PanArmenian.Net


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-23

Washington Times. Փաշաները Թուրքիայում այլևս անձեռնմխելի չեն

«Բալյոզ» հեղաշրջման ծրագրի առնչությամբ իրականացվող հետաքննության արդյունքում երեկ Թուրքիայում տեղի ունեցած աղմկահարույց ձերբակալություններին հետաքրքիր դիտարկումներով անդրադարձել է նաև միջազգային մամուլը:

Guardian-ը տեղի ունեցած ձերբակալությունները որակել է որպես Թուրքիայում «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և բանակի միջև իշխանության համար մղվող պայքար: «Հիմա դատախազները չորս օրվա ընթացքում փորձելու են կալանավորել ձերբակալվածներին: Եթե դա տեղի չունենա, բանակը չի լռելու»:
Daily Telegraph-ը, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումներին, գրում է. «1960 թվականից ի վեր Թուրքիայում բանակն իրականացրել է չորս հեղաշրջում: Իսկ ԵՄ անդամակցության գործընթացը նվազեցրեց բանակի` ընտրված քաղաքական գործիչների գործունեությանը միջամտելու հնարավորությունը»:

«Վերջին գործողությունը վկայում է այն մասին, որ Օսմանյան կայսրության ժամանակներից ի վեր որպես փաշաներ որակվող սպաները Թուրքիայում արդեն անձեռնմխելի չեն»,- գրում է Washington Times-ը:

«Տեղի ունեցածը Թուրքիայի պատմության մեջ աշխարհիկության պահապանների դեմ ուղղված ամենախոշոր գործողությունն է, որն ավելի մեծացրեց «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության և զինվորականության միջև առկա լարվածությունը: Թուրքիայում զինվորականությունը միշտ եղել է աշխարհիկության պահապանը: Բանակում ոմանք կարծում են, թե իշխանությունն իսլամի առնչությամբ գաղտնի ծրագրեր ունի և փորձում է նվազեցնել բանակի դերն ու նշանակությունը»,- գրում է դանիական մամուլը:

Նշենք, որ ըստ վերջին տեղեկությունների` Անկարայում, Ստամբուլում և Իզմիրում երեկ իրականացված լայնամասշտաբ գործողության արդյունքում ձերբակալվել է 49 սպա, այդ թվում` 11 պաշտոնաթող գեներալ, 4 ծովակալ։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-22

Թուրքական իշխանությունները վերականգնում են Վանի հայկական եկեղեցիները

Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել վերականգնել Վանի հայկական եկեղեցիները:
Anadolu գործակալության հետ հարցազրույցում Վանի փոխնահանգապետ Հալիլ Բերքը հայտարարել է, որ նահանգապետարանի կողմից պատրաստված նախագծով նախատեսվում է վերականգնել Վանա լճի Չարփանաք կղզում և Յուքարըբաքրաչլը գյուղում (Վարագավանք) գտնվող հայկական եկեղեցիները: «Վանա լիճ ասելիս` պատկերացնում ենք Աղթամար կղզին:


Սակայն Վանա լճում Աղթամարից բացի ևս 3 կղզի կա, որոնցից յուրաքանչյուրն ունի եկեղեցի։ Մեր պատրաստած նախագծի շրջանակում այս տարվա ապրիլից կսկսվեն Չարփանաք կղզում և Յուքարըբաքրաչլը գյուղում գտնվող հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները»,- հայտարարել է փոխնահանգապետը:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-21

Չինացիներն ուրախությունից այրել են հնագույն կոթողը

Լուսնային օրացույցով Ամանորը դիմավորող չինացիները հրդեհել են ճարտարապետության հնագույն կոթողներից մեկը։ Հրավառությունից հրդեհ է բռնկվել, որն ավերել է Չինաստանի հյուսիսային քաղաքներից մեկի հնագույն դարպասները։ Այս մասին հաղորդում է AP գործակալությունը։

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Պեկինից 250 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Չժենդին չինական քաղաքում։ Հրդեհի հետևանքով տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Հրդեհի հասցրած նյութական վնասը կազմում է 150 հազ. դոլար։

Չժենդինի պարիսպները կառուցվել են դեռ 5-րդ դարում։ 2001թ. դրանց վերականգնմանը հատկացվել է 600 հազ. դոլար։ Չժենդին քաղաքը շատ հայտնի է զբոսաշրջիկների շրջանում իր հնագույն կառույցներով և բուդդիստական տաճարներով։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs