2010-02-20

Եթե Եվրոպան հիմնվի բացառապես քրիստոնեության վրա, Թուրքիան երբեք Եվրոպայի մաս չի դառնա. Օրհան Փամուք

Եթե Եվրոպան հիմնվի քրիստոնեության և պատմության վրա, Թուրքիան շարունակելու է պատերազմել նրա դեմ և այդ պայմաններում երբեք չի դառնալու Եվրոպայի մաս: Այս մասին իսպանական El Pais թերթի հետ հարցազրույցում հայտարարել է թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքը:

«Գոյություն ունի մի քանի Եվրոպա և Եվրոպային հասկանալու մի քանի համակարգ: Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը խոսում էր թուրքական վերնախավի` ժամանակակից քաղաքակրթությունների մակարդակին հասնելու անհրաժեշտության մասին: Նա բացահայտորեն մատնանշում էր Եվրոպան: Դարեր շարունակ օսմանցիները Եվրոպայի դեմ են դուրս եկել և Եվրոպայի թշնամին են եղել: Եվրոպան քրիստոնյա էր: Թուրքերը պայքարում էին Եվրոպայի դեմ: Իսկ հիմա Թուրքիան պայքարում է Եվրամիության համար»,– հայտարարել է Օրհան Փամուքը` հույս հայտնելով, որ Եվրամիությունը կաջակցի Թուրքիային էլ ավելի ժողովրդավարական և ազատ հասարակություն ձևավորելու հարցում:
El Pais-ը Օրհան Փամուքի հետ հարցազրույցում անդրադարձել է նաև գրողի` Ստամբուլից հեռանալու հիմնական պատճառներին: (Երբ Օրհան Փամուքը շվեյցարական ամսագրերից մեկին տված հարցազրույցում հայտարարեց, թե Թուրքիայում 1 միլիոն հայ և 30 հազար քուրդ է սպանվել, Թուրքիայում նրան սկսեցին հետապնդել ՔՕ տխրահռչակ 301-րդ հոդվածով: Իսկ «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունից հետո այդ զազրելի հանցագործության գլխավոր մեղադրյալներից Յասին Հայալը Փամուքին հրապարակավ սպառնաց` հայտարարելով. «Թող Օրհան Փամուքը խելքը գլուխը հավաքի»-խմբ.):

Իսպանական պարբերականի թղթակիցը, սակայն, թուրք գրողին ուղղված հարցում մոռանալով Թուրքիայում սպանված 1 միլիոն հայերի մասին` որպես ցեղասպանություն է որակում միայն քրդերի կոտորածները: Ի պատասխան` Փամուքն ասել է, որ իրեն Թուրքիայում սպառնում էին, և իր բոլոր բարեկամներն ու հարազատները խորհուրդ էին տալիս հեռանալ երկրից:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-18

Տասը պատճառներ, թե ինչու թուրքերն իրենց ղեկավարներին թույլ չեն տա վավերացնել Արձանագրությունները

Իմ ավելի վաղ հոդվածներում մատնանշել էի Թուրքիայի խարդախ մոտեցումները` Հայաստանի հետ բանակցություններ վարելու և 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Արձանագրությունները ստորագրելու հարցում:

Ձգտելով խաբել ոչ միայն Հայաստանին և միջազգային հանրությանը, թուրք ղեկավարները փորձում էին մոլորության մեջ գցել նաև իրենց ամենամտերիմ դաշնակից Ադրբեջանին և թուրք հանրությանը` Արձանագրությունների հնարավոր շահավետության վերաբերյալ: Անգամ այն դեպքում, երբ Արձանագրությունները լիովին բխում էին Թուրքիայի շահերից, նրա ղեկավարները փորձում էին բանակցված պայմանագրի առավելությունները չափազանցված ձևով ներկայացնել` երկրի ներսում ու արտերկրում, հատկապես Ադրբեջանում` քննադատողների հնարավոր առարկությունները հաղթահարելու նպատակով:
Ինչպես և սպասվում էր, Էրդողանի կառավարությունը, իրոք խնդիրներ ունեցավ Ադրբեջանի հետ, երբ Իլհամ Ալիևը հրապարակավ իր դժգոհությունն արտահայտեց, որ Թուրքիան ծրագրելով բացել Հայաստանի հետ սահմանը, հրաժարվում է իր ՚փոքր եղբորիցՙ` վերացնելով այն հիմնական դրդապատճառը, որը կստիպեր Հայաստանին վերադարձնել Արցախը: Ադրբեջանական իշխանությունը չբավարարվեց թուրքական հավաստիացումներով և պատասխան քայլեր ձեռնարկեց` եռապատկելով Թուրքիա արտահանվող գազի գինը, հանելով թուրքական դրոշները հասարակական վայրերից, արգելելով թուրքական ֆիլմերն ու երգերն ադրբեջանական հեռուստաալիքներից և փակելով թուրքական ֆինանսավորմամբ գործող մզկիթները Բաքվում:

Այդ ընթացքում, Թուրքիայի ընդդիմադիր ուժերը հիանալի առիթ տեսնելով վարչապետ Էրդողանի խորհրդարանական մեծամասնությունը նվազեցնելու համար, իսկույն նրան մեղադրեցին Թուրքիայի ազգային շահերը դավաճանելու մեջ` իրենց դարավոր հայ թշնամիների և ոչ թե ադրբեջանցի եղբայրների կողմը բռնելու համար:

Այսպիսի մեղադրանքների դեմ պայքարելու համար, թուրք ղեկավարները ստիպված էին մի շարք չհիմնավորված հայտարարություններ կատարել` ուռճացնելով Արձանագրությունների շահավետությունը թե Ադրբեջանի, և թե Թուրքիայի համար: Նրանք ադրբեջանցիներին հավաստիացրին, որ ճնշում կգործադրեն Հայաստանի վրա, Արցախն Ադրբեջանին վերադարձնելու համար` մինչև թուրքական խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացումն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Բացի այդ, թուրք պաշտոնյաները իրենց հասարակությանը կրկին հավաստիացրին, որ Արձանագրությունները վերջ կդնեն Ցեղասպանության «հայկական պնդումներին» և հողային պահանջատիրությանը` Արևելյան Թուրքիայում (Արևմտյան Հայաստանում):

Սակայն Անկարայի կողմից արված Արձանագրությունների վերաբերյալ խեղաթյուրումները մոլորության մեջ չգցեցին թուրքական և ադրբեջանական հանրությանը: Ահա այն տասը հիմնական պատճառները, թե ինչու թուրքական խորհրդարանը չի վավերացնի Արձանագրությունները:

1. Չնայած Գյուլի, Էրդողանի և Դավութօղլու կողմից բազմիցս հնչած հայտարարություններին, թե Արցախի հակամարտության կարգավորումը նախապայման է Արձանագրությունների վավերացման համար, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Եվրամիությունը, ինչպես նաև Հայաստանը շարունակ նշել են, որ Արձանագրություններում այդպիսի պայման գոյություն չունի: Դեռ ավելին, նրանք հորդորել են այդ երկու հիմախնդիրները չշաղկապել կամ Արցախի հակամարտության ուղղությամբ բանակցությունները պատանդ չդարձնել Արձանագրությունների վավերացմանը: Հայաստանը կտրականապես մերժել է Արձանագրությունները կապել Արցախի հիմնահարցի հետ:

2. Իրականությանը չի համապատասխանում Թուրքիայի այն պնդումը, թե Արձանագրությունները վերջ կդնեն Ցեղասպանության ճանաչմանն ու երրորդ երկրների կողմից դրա ընդունմանը հետամուտ լինելու Հայաստանի ջանքերին: Կեղծիք է նաև այն, որ Արձանագրությունները մեխանիզմներ կստեղծեն Հայոց Ցեղասպանության ուսումնասիրման համար: Իրականում, վերջին շաբաթների ընթացքում Արձանագրությունները զարկ տվեցին հայերի ջանքերի վերսկսմանը` ձգտելով Ցեղասպանության ճանաչմանը Բրիտանիայի, Բուլղարիայի, Իսրայելի և Շվեդիայի խորհրդարանների կողմից: Բացի այդ, մարտի 4-ին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում նախատեսվում է քվեարկության դնել Հայոց Ցեղասպանության բանաձևը: Նման մի բանաձև է սպասվում նաև ԱՄՆ-ի Սենատում:

3. Ի հեճուկս թուրքական պնդումների, Արձանագրություններում հիշատակվող «պատմական հանձնաժողովը» չպետք է ծառայի որպես Ցեղասպանության վերանայման խորհուրդ, այլ որպես պլատֆորմ` Թուրքիայից փոխհատուցման պահանջների ներկայացման համար:

4. Թուրքիայի պնդումները, թե Արձանագրությունները վերջ կդնեն Հայաստանի տարածքային պահանջներին, հակասում են այն փաստին, որ անցյալի որևէ պայամանգրի հղում չի արվել, որը Հայաստանից պահանջեր հրաժարվել այդպիսի իրավունքներից: Ընդհակառակը, Արցախից կամ Արևմտյան Հայաստանից հրաժարվելու փոխարեն, նախագահ Սարգսյանը նախորդ շաբաթվա իր ելույթում, առաջին անգամ բարձրացրեց Նախիջևանի հայաթափման հարցը, մի հողատարածք, որը խորհրդային իշխանության կողմից դրվել էր Ադրբեջանի իշխանության ներքո որպես ինքնավար հանրապետություն:

5. Հայաստանը և գերտերությունները մերժեցին թուրքական պահանջները, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը ՚ուղղիՙ 2010 թվականի հունվարի 12-ի իր որոշումը, որը սահմանափակում էր Թուրքիայի` Արձանագրությունների ուռճացված մեկնաբանությունները: Դատարանը համառորեն պնդեց, որ Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելը չի կարող դադարեցվել, իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի հետ բանակցություններ չեն կարող վարվել` Արձանագրությունների երկկողմանի բնույթի պատճառով:

6. Թուրք ղեկավարները ոչ մի փաստարկ չունեն բողոքելու Հայաստանի Դատարանի` Հայոց Ցեղասպանության ճանաչմանը հետամուտ լինելու Սահմանադրության նախաբանին հղում կատարելու դեմ: Այս նախաբանը հիմնված է Հայաստանի Անկախության մասին հռչակագրի 11-րդ դրույթի վրա, որը գոյություն ուներ 1990 թվականից ի վեր, Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանն առաջին անգամ բացելուց շատ առաջ: Անկասկած, թուրք ղեկավարները քաջատեղյակ էին այս դրույթի գոյությանը՝ մինչև 2009 թվականին Արձանագրությունները ստորագրելը:

7. Թուրք պաշտոնյաներն անհիմն պնդում են, որ Արձանագրություններով ընդունվում է Կարսի 1921 թվականի պայմանագիրը, որը Խորհրդային Հայաստանը հարկադրաբար է ստորագրել: Արձանագրություններում ոչ մի հղում չկա Կարսի պայամանագրին: Բացի այդ, Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշեց, որ օրինական ուժ ունեն միայն այն պայմանագրերը, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից:

8. Իր ամպագոռգոռ նպատակին` «զրո խնդիրներ հարևանների հետ» հասնելու փոխարեն, թուրքական կառավարությունն Արձանագրությունների ստորագրմամբ լուրջ ճեղքվածք առաջացրեց հարևան Ադրբեջանի հետ, որի հետ նախկինում ոչ մի խնդիր չուներ:

9. Հարկ է նշել, որ թուրքական իշխանությունը ոչ մի առարկություն չի հայտնել Հայաստանի այն պահանջի նկատմամբ, որ Թուրքիան առաջինը պետք է վավերացնի Արձանագրությունները: Սա վիրավորական մի հարկադրանք է Թուրքիայի նկատմամբ, որի հանդեպ Հայաստանը, հասկանալի պատճառներով այս պահանջով հայտնում է իր խորը անվստահությունը:

10. Թուրք ղեկավարները չարձագանքեցին նաև Հայաստանի այն սպառնալիքին, որ չեղյալ կհայտարարի իր ստորագրությունը, եթե Թուրքիան մինչև մարտի վերջ` Ապրիլի 24-ից մեկ ամիս առաջ չվավերացնի Արձանագրությունները: Եվս մեկ վիրավորական հարկադրանք Հայաստանի կողմից մի երկրի հանդեպ, որի մեծամիտ ղեկավարները տարվել են նեո-օսմանյան վառ երևակայությամբ:

Վերոնշյալ տասը կետերը ցույց են տալիս վստահության այն լուրջ ճեղքվածքը, որ գոյություն ունի թուրքական կառավարության և իր հասարակության, ինչպես նաև միջազգային հանրության միջև: Թուրքիայի ներսում և դրսում, Անկարան փորձում էր խաբել բոլորին` Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման կեղծ տպավորություն ստեղծելով: Թուրք պաշտոնյաները, իրենցից բացի ոչ մեկին չպետք է մեղադրեն այսպիսի անելանելի կացության մեջ հայտնվելու համար: Նրանք կարծում էին, որ հերյուրանքներով կկարողանային ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից, սակայն ձախողվեցին: Այժմ նրանք ընկել են սեփական ծուղակի մեջ, և ոչ մեկը հատուկ խանադավառություն չի ցուցաբերում այդ նեղ կացությունից նրանց փրկելու համար:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ.

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ. Ռ.Ավագյանի


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-17

Դինքի սկսած երկխոսությունը պետք է շարունակել. Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան

«Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը բացեց Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության դռները, և մենք պետք է շարունակենք այդ ուղին։ Այս մասին թուրքական Sabah օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Ստամբուլում գտնվող` Հայաստանի Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Նշենք, որ եպիսկոպոսը Պոլսո հայոց պատրիարքարանի աթոռակից պատրիարքի ընտրություններին առաջադրված երեք թեկնածուներից մեկն է։«Ինչպես հայտնի է, հոգևորականները քաղաքականությամբ չեն զբաղվում, սակայն, ինչպես երևում է, քաղաքականությունն է սիրում մեզանով զբաղվել։ Մոտ մեկ դար անց հայերն ու թուրքերը հաշտեցման համար փորձ են անում նստել բանակցային սեղանի շուրջ։ Դիվանագիտական հարաբերությունները կնվազեցնեն լարվածությունը»,- հայտարարել է Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները:

«Նախ և առաջ, պետք է ապահովել անհրաժեշտ մթնոլորտ երկու հասարակությունների ներկայացուցիչների՝ միմյանց մոտիկից ճանաչելու համար։ Ժողովուրդները, ի տարբերություն պետական այրերի, ավելի հեշտությամբ կարող են լուծել նույնիսկ ամենադժվար հարցերը։ Հոգևորականները նույնպես կարող են աջակցել դրան։ Պոլսո հայոց պատրիարքարանը կարող է հոգևոր և մշակութային կամուրջ դառնալ Երևանի, Անկարայի և սփյուռքի միջև»,- նշել է եպիսկոպոս Չուլջյանը՝ ավելացնելով, որ պետք է, նախ և առաջ, կարողանան հանդիպել հայ և թուրք մտավորականները, արվեստի և գիտության ներկայացուցիչները։ «Այսօր պետք է ներդրում ապահովել ոչ թե քաղաքակրթությունների բախման, այլ հաշտեցման համար, Իսլամի և Քրիստոնեության արժեքների մերձեցման համար»։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-16

Հայազգի գործարար Ռուսաստանի 500 միլիարդատերերի ցուցակում

Ռուսաստանահայ ինը գործարարներ ընդգրկվել են ռուսական «Ֆինանս» ամսագրի հրապարակած 2010թ. Ռուսաստանի 500 միլիարդատերերի վարկանշային ցուցակում մեջ։

Հայազգի գործարար, «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, համասեփականատեր Դանիիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվել է 790 մլն դոլար (91-րդ տեղ)։ Նրա եղբայր Սերգեյ Խաչատուրովի կարողությունը նույնպես գնահատվել է 790 մլն դոլար (92-րդ տեղը)։
Նոկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրների կարողությունները գնահատվել են յուրաքանչյուրինը` 780 մլն դոլար։ Նրանք զբաղեցրել են համապատասխանաբար 93-րդ և 94-րդ տեղերը։ Նիկոլայ Սարկիսովը ռուսական խոշոր ապահովագրական «Ռեսո-գարանտիա» ընկերության փոխտնօրենն է, իսկ նրա եղբայրը՝ Սերգեյը, «Ռեսո» և «Ռեսո-գարանտիա» ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։

«Տաշիր» խմբի նախագահ և հիմնական բաժնետեր Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվել է 580 մլն դոլար, և նա ցուցակում զբաղեցրել է 139-րդ տեղը։

«Տրոյկա Դիալոգ»-ի հիմնական բաժնետեր և տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի կարողությունը կազմել է 390 մլն դոլար, և ցուցակում նա զբաղեցրել է 209-րդ տեղը (2009թ. նա ցուցակում զբաղեցնում էր 105-րդ տեղը)։

«Բորոդինո» հոլդինգի համասեփականատեր Տիգրան Ներսիսյանի կարողությունը գնահատվել է 380 մլն դոլար (215-րդ տեղ)։ «Զենիտ» բանկի համասեփականատեր Իգոր Ավանեսյանի կարողությունը գնահատվել է 200 մլն դոլար (332-րդ տեղ), իսկ Sun Investments Partners-ի համասեփականատեր Ատոմ Խաչատրյանի կարողությունը կազմել է 110 մլն դոլար (479-րդ տեղ)։

Ամսագրի հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդն է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը։ Նրա կորողությունը կազմել է 18,8 մլրդ դոլար։ Ռուսաստանի երկրորդ և երրորդ հարուստ մարդիկ են «Օնէկսիմ» խմբի նախագահ Միխայիլ Պրոխորովը և Չուկոտկայի Դումայի նախագահ Ռոման Աբրամովիչը։ Նրանց կարողությունները կազմել են համապատասխանաբար 17,85 մլրդ դոլար և 17 մլրդ դոլար։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքիայի վարչապետն ապրիլի 24–ից առաջ կմեկնի Վաշինգտոն

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլին պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ։
Թուրքական Radikal օրաթերթի փոխանցմամբ՝ Էրդողանի այցը նախապատրաստելու նպատակով արդեն Վաշինգտոն է մեկնել Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Նույն պատվիրակության կազմում է նաև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը։

Սինիրլիօղլուն պատրաստվում է ԱՄՆ-ի պետքարտուղարության և Սպիտակ տան ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշումը՝ այդ հարցում ամերիկյան կողմին հայտնելով պաշտոնական Անկարայի անհանգստությունները, մարտին ԱՄՆ Կոնգրեսում քննարկվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը և Իրանի հետ կապված հարցեր։

Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնական Անկարան Սինիրլիօղլուին ՀՀ ՍԴ որոշման առնչությամբ երաշխիքներ ստանալու նպատակով ուղարկել էր Շվեյցարիա։ Վերջինիս բանակցությունների մասին թուրքական մամուլը լռում է։

Radikal-ը նշում է նաև, որ Էրդողանն ապրիլի 14-ին մասնակցելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին։ Թուրքիայի վարչապետը, ըստ թերթի, ցանկանում է ապրիլի 24-ից առաջ Օբամայի հետ քննարկել հայ-թուրքական հարաբերությունները։

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Բրիտանացի խորհրդարանականների մեծ մասն ընդունել է Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախաձեռնության տակ ստորագրած` Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի անդամների թիվն այս շաբաթ գերազանցել է 250-ը: Early Day Motions անունով նախաձեռնության տակ, փաստորեն, ստորագրել է բրիտանացի պատգամավորների մեծ մասը:

Ընդհանուր թվով 646 պատգամավորներից միայն 495-ն ունի ստորագրություն դնելու իրավունք, մնացած 151-ը, ովքեր այլ պաշտոններ էլ են զբաղեցնում, նման իրավունք չունեն: Այս մասին Tert.am–ին տեղեկացրել է անկախ լրագրող ժան Էքյանը:
Ներկա բանաձևում ասվում է, որ «Համայնքների պալատը դատապարտում է Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության, ինչպես նաև այդ դեպքերի պատճառ դարձած թշնամանքի և պառակտման քաղաքականությունը»:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-15

Հայ-թուրքական արձանագրություններն անդունդի եզրին են. The Boston Globe

Հակառակ այն բանին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է հայ-թուրքական Արձանագրություններն ուղարկել երկրի խորհրդարան, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խուսափելով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հարցի առնչությամբ հնարավոր լուրջ քննարկումներից, կարող է ձեռքից բաց թողնել պատմական պահը։ Հայ-թուրքական Արձանագրությունները ձախողման եզրին են։ Միացյալ Նահանգներն ապրիլի 24-ից առաջ պետք է կանխի դիվանագիտական աղետը։ Այս մասին է գրում The Boston Globe թերթը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։Թերթը նշում է, որ Արձանագրությունների ձախողումը շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում նախատեսող Արձանագրություններն իրոք պատմական նշանակությամբ շրջադարձային էին, սակայն եթե դրանք չվավերացվեն երկրների խորհրդարաններում, համաձայնությունը կհայտնվի ձախողման եզրին։ Նման զարգացումը շատ լուրջ հարված կհասցնի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերին»,- գրում է թերթը։

The Boston Globe-ը, նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզով» միմյանցից հստակորեն սահմանազատվեցին Հայաստան-Թուրքիա մերձեցման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները, ընդգծում է, որ իրականում նախապայմանի լեզվող խոսում է հենց Անկարան։ «Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ենթարկվեց իր երկրում բնակվող ադրբեջանցի փոքրամասնության կոշտ քննադատությանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնաց բոյկոտել Nabucco նախագիծը»։ Հոդվածի հեղինակ Դեյվիդ Ֆիլիպսը նաև հիշեցնում է, որ այցով Բաքու մեկնած Էրդողանը «ադրբեջանցի եղբայրներին» վստահեցրեց, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի միայն ժամանակ, երբ հայերը դուրս գան վիճելի տարածքներից։ Ի վերջո, ամիսներ շարունակ իրականացվող աշխատանքներից հետո որոշում կայացվեց հոկտեմբերի 10-ին կազմակերպել Արձանագրությունների ստորագրման արարողությունը։

Սակայն վերջին րոպեին թուրք պաշտոնյաներն սկսեցին երկմտել, և խայտառակ իրավիճակը կանխվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից»,- գրում է թերթը՝ ավելացնելով, որ այդքանից հետո թուրքերն սկսեցին քննադատել Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ Արձանագրությունների առնչությամբ կայացրած որոշումը։

Թերթը գրում է նաև, որ ներկա պահին գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, և պետք ձեռքից բաց չթողնել պատմական պահը։ «Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հակառակ Թուրքիայի՝ համաձայնությանը խոչընդոտելու բոլոր ջանքերին, հայտարարեց, որ Արձանագրություններն ուղարկելու է խորհրդարան։ Իսկ Էրդողանի համար հեշտ չի լինելու ճնշումներ գործադրել երկրի խորհրդարանում Արձանագրությունների վավերացման հարցում, որովհետև նա ընտրությունների նախաշեմին ցանկանում է խուսափել լուրջ քննարկումներից։

Եթե Էրդողանը որոշի այդ ուղղությամբ ներդնել իր ողջ քաղաքական կապիտալը, դա էլ չի բավականացնի։ Անցած տարի Էրդողանին ուղղված աջակցությունը նվազել է՝ 47%-ից հասնելով 32%-ի»,- գրում է The Boston Globe-ը։

Ամերիկյան պարբերականը, նշելով, որ որևէ կապ չպետք է գոյություն ունենա հայ-թուրքական սահմանի բացման և յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգ բերվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի միջև, միևնույն ժամանակ գրում է, որ գործնականում այդպիսի կապ գոյություն ունի։ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան իրեն կարադարացնի Արձանագրություններից հրաժարվելու հարցում։ Նույնիսկ Էրդողանը կարճաժամկետ հեռանկարում կարող է քաղաքական դիվիդենտներ շահել»։

The Boston Globe-ն ընդգծում է նաև, որ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է անի հնարավորը՝ այդ դիվանագիտական աղետը կանխելու համար։ «Քանի որ դա լուրջ հարված կհասցնի ամերիկյան շահերին այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգները Իրաքում կայունության հաստատման, Աֆղանստանում ՆԱՏՕ-ին աջակցություն ցուցաբերելու և Իրանի միջուկային խնդրի հետ կապված հարցերում զգում է Թուրքիայի աջակցության կարիքը»։

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Հաքերային հարձակման է ենթարկվել «Ակօս» շաբաթաթերթը

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը հարձակման է ենթարկվել թուրք հաքերների կողմից։
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հաքերները, կոտրելով շաբաթաթերթի կայքէջը, այնտեղ տեղադրել են «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի նկարը՝ վերջինիս ուղղելով գովաբանության խոսքեր, իսկ շաբաթաթերթին` սպառնալիքներ։

NTV-ի հետ հարցազրույցում «Ակօս»-ի լրագրողներից Սարգիս Գյուրեհը հայտարարել է, որ դեպքի առնչությամբ իրենք պատրաստվում են դիմել փաստաբաններին և գործին ընթացք տալ։

Սարգիս Գյուրեհը մտահոգիչ է համարել կատարվածը` միևնույն ժամանակ հայտարարելով, որ «չի վախենում»։
Հեռուստաալիքի հետ հարցազրույցում թուրքական Radikal օրաթերթի հայտնի թուրք լրագրող և հոդվածագիր Օրալ Չալըշլարը հայտարարել է, որ պետությունը կարող է անմիջապես գտնել այդ զազրելի արարքի հեղինակներին։
Նա նշել է նաև, որ կան ուժեր, որոնք նման անձանց դրդում են այդպիսի քայլերի։

«Գրության մեջ կան սպառնալիքներ։ Իրավապահներն անմիջապես պետք է գործի անցնեն»,- հայտարարել է Չալըշլարը։
Նշենք, որ այս պահին հնարավոր չէ մուտք գործել «Ակօսի» էլեկտրոնային կայք:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2010-02-14

Փետրվարի 15-ին սկսվում է Մեծ Պահքը

Այս տարի փետրվարի 15-ից սկսվում է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 4-ին:

Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք, հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է:
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Մեծ Պահքն այս տարի կիսվում է մարտի 10-ին և կոչվում է միջինք: Ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Սովորության համաձայն` բաժին հասնող մետաղադրամը հաջողություն է բերում:

Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերին:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Շունը ոստիկանություն է կանչել

Ստորին սաքսոնյան Լյուխովում զավեշտալի դեպք է գրանցվել։ Տանտիրուհին շանը փակել է տանը, ինչից հետո կենդանին ոստիկանություն է կանչել: Այդ մասին հաղորդում է AFP գործակալությունը:

Միջադեպի հանգամանքներն այնքան էլ պարզ չեն: Ենթադրվում է, որ շունը խաղացել է հեռախոսով և պատահմամբ հավաքել 112 համարը:

Ոստիկանության բաժնի աշխատակիցները, լսելով շան բարձր հաչոցը, անհանգստացել են և պարզելով բաժանորդի հասցեն` մեկնել են դեպքի վայր

Տանը ոստիկանները հայտնաբերել են շանը և 63-ամյա տանտիրուհուն, որը հենց նոր էր վերադարձել գնումներից:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Դիվանագետը ամուսնալուծվել է մորուքավոր կնոջից

Արաբական Միացյալ Էմիրություններից մի դիվանագետ ամուսնանալուց անմիջապես հետո ապահարզան է պահանջել: Տղամարդը, ում անունը չի հրապարակվում, ցանկանալով համբուրել իր սիրելիին, իր ընտրյալի մոտ հայտնաբերել է մոտ մորուք և աչքերի շլություն: Այդ մասին հաղորդում է Gulf News-ը: Սակայն կնոջը սիրահետելու ժամանակ նա դրանք ամենևին էլ չի նկատել, քանի որ կնոջ դեմքն ամբողջ ժամանակ ծածկված է եղել գլխաշորով:

Նշենք, որ որդու համար ընտրություն էր կատարել մայրը, սակայն լուսանկարում, որը ցույց է տվել հարսնացուի ընտանիքը, պատկերված է եղել ոչ թե ապագա հարսնացուն, այլ նրա քույրը:
Դիվանագետը դա հայտնաբերել էր միայն պսակադրության արարողությանը։ Նա դիմել է դատարան ապահարզանի խնդրանքով: Նրա հայտը բավարարվել է:

Բացի այդ, խաբված դիվանագետը պահանջել է փոխհատուցել այն գումարները, որոնք նա ծախսել է հարսնացուի համար ոսկերչական զարդեր և ամուսնական նվերներ գնելու համար: Սակայն դատարանը մերժել է նրա այդ հայցադիմումը:



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs