2009-10-17

Թուրքիան պետք է հաղթի նաև իշխանության ներսում առկա ընդդիմությանը, փորձագետ

Հայ-թուրքական արդեն ստորագրված Արձանագրությունների վավերացման հնարավորությունն ու չվավերացման հնարավորությունը հավասար է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Շարունակելով`քաղաքագետը նշել է, թե ինքը չի ցանկանում վավերացման կամ չվավերացման հնարավորությունների համար տոկոս նշել, սակայն երկու երկրներում էլ Արձանագրությունների վավերացման հավանականությունը նույնքան է։

Ալեքսանդր Իսկանդարյանը նկատել է, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, որը նախնական տեղեկություններով կայանալու է հոկտեմբերի 20-ին, որոշիչ կլինի Թուրքիայի կողմից Արձանագրությունների վավերացման հարցը քննարկելու առումով։ Այդ նիստից հետո Արձանագրությունները կուղարկվեն Թուրքիայի խորհրդարան, որտեղ էլ դրանք պետք է վավերացվեն։
Վավերացման ճանապարհին հնարավոր խոչընդոտների մասին խոսելիս` քաղաքագետն ասել է, որ երկու երկրներում էլ կան ընդդիմություններ, որոնք դեմ են Արձանագրություններին, սակայն Թուրքիայում իրավիճակն այլ է:

«Թուրքիան պետք է հաղթահարի ոչ միայն իր իշխանությունից դուրս եղած ընդդիմությունը, այլև հենց իշխանության ներսում եղած ընդդիմությունը»,- հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը։

Ամեն դեպքում, Կովկասի ինստիտուտի տնօրենը վստահություն է հայտնել, թե Արձանագրությունները երկու երկրներն էլ կվավերացնեն, եթե լինի բավական կամք։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-16

Հանդիպում Անկարայում. թուրք նախարարը փորձել է անկեղծ լինել հայ լրագրողների հետ

Հայոց Ցեղասպանությունը չճանաչելու փաստը չի կարող արգելք լինել Թուրքիայի` Եվրամիության կազմում ինտեգրվելու համար: Հոկտեմբերի 15-ին Հրանտ Դինք հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Եվրամիության հարցերով նախարար և ԵՄ ինտեգրման գծով Թուրքիայի կողմից գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիշը, հաղորդում է Tert.am-ի թղթակիցը Անկարայից։

Նրա խոսքով` Եվրամիության անդամ մի շարք երկրներ ավելի շատ խնդիրներ ունեն, քան Թուրքիան, սակայն դա չի խանգարում նրանց լինել այդ կառույցում, այնպես որ Ցեղասպանության խնդիրը, ըստ նախարարի, չափանիշ չէ ԵՄ կազմում ինտեգրվելու: Որպես օրինակ Բաղիշը նշեց, որ ԵՄ-ի կազմում կան երկրներ, որտեղ ավելի մեծ թվով մարդիկ են սպանվել:
Հայ լրագրողի այն առարկմանը, որ եթե նախարարը նկատի ունի Գերմանիան, ապա վերջինս ճանաչել է Հոլոքոստը և ներողություն խնդրել հրեաներից, Բաղիշը պատասխանել է, թե ինքը կոնկրետ երկրի անուն չի նշել:

Հայ լրագրողների և Եվրամիության հարցերով նախարարի հանդիպումը մեկնարկեց թուրք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Էգեմեն Բաղիշը ողջույնի խոսք ասաց` ընդգծելով, որ Թուրքիան կողմնակից է հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: Նա հիշեցրեց, որ երբ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն իշխանության եկավ, որոշում կայացվեց հարաբերությունները բարելավել բոլոր հարևանների հետ: Բաղիշը նշեց, որ 2005թ. իր երկրի կառավարությունը նամակ էր ուղարկել Ռոբերտ Քոչարյանին` առաջարկելով բանակցություններ սկսել հարաբերությունները բարելավելու ուղղությամբ:

Բացման խոսքում Բաղիշը կրկնեց թուրք պաշտոնայնների՝ բազմիցս հնչեցրած ծրագրային ելույթները՝, թե Թուրքիան միշտ պատրաստ է համագործակցել հարևանների հետ, աջակցել կայունությանը տարածաշրջանում:

Իր խոսքից հետո նախարարը խնդրեց թուրքական հեռուստաընկերությունների օպերատորներին հեռանալ:

Բնական է, որ հայ լրագրողների հետ զրույցի ժամանակ հիմնական հարցերը կապված էին Հայոց Ցեղասպանության ճանաչման և ղարաբաղյան հիմնախնդրի հետ:

Բաղիշը կրկնեց Թուրքիայի իշխանությունների պաշտոնական տեսակետը, որ Ցեղասպանության խնդիրը պետք է ուսումնասիրվի գիտնականների հանձնաժողովի կողմից:

Ինչ վերաբերում է ԼՂՀ խնդրին, ապա նա նշեց, որ թեև Արձանագրություններում այդ հարցը չի շոշափվել, բայց քանի դեռ «Ադրբեջանի հողերը օկուպացված են», խորհրդարանի որոշումն անկանխատեսելի է:

Թուրքիայի խորհրդարանն անկախ մարմին է, համոզված է Բաղիշը, և կարող է յուրաքանչյուր որոշում կայացնել: Նա միևնույն ժամանակ նշեց, որ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումն այլ կերպ կտրամադրի խորհրդարանականներին: Այն հարցին, թե ինչ ինքը նկատի ունի` ասելով ղարաբաղյան հարցի լուծում, Բաղիշը պատասխանեց. «Յուրաքանչյուր լուծում, որն ընդունելի կլինի և' հայկական, և' ադրբեջանական կողմի համար»:

Հանդիպման վերջում լրագրողներից մեկը նկատեց, որ, դատելով թուրք պաշտոնյաների տրամադրվածությունից, կարելի է կանխատեսել, որ հայ-թուրքական սահմանի բացումը կասկածի տակ է դրվում:

«Այդքան վստահ մի եղեք: Ես այս հարցում լավատես եմ», - պատասխանեց նախարարը:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Եվրահանձնաժողովը Թուրքիայի մասին զեկույցում անդրադարձել է հայ–թուրքական հարաբերություններին

Եվրահանձնաժողովի կողմից Թուրքիայի վերաբերյալ հրապարկված հերթական զեկույցը հարևան երկրում գնահատում են որպես «չափավոր»: Ի տարբերություն նախորդ զեկույցների, որտեղ Եվրահանձնաժողովը ավելի սուր քննադատության էր ենթարկում Թուրքիային, այս անգամ մի շարք կետերում Թուրքիան դրական գնահատականներ է ստացել:

«2009թ. Առաջընթացի զեկույցում» եվրոպացի փորձագետները նշում են, որ Թուրքիան «լուրջ ջանքեր է գործադրել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ»` մատնանշելով հոկտեմբերի 10-ին ստորագրված Արձանագրությունները:
Զեկույցում նաև նշված է, որ "Նաբուկո" գազատարի գործարկման նախագծին Եվրահանձնաժողովը մեծ կարևորություն է տալիս, քանի որ այն հնարավորություն կտա թուլացնել կախվածությունը Ռուսաստանից:

Որպես բացասական կետեր նշված են ավելի ակտիվ քաղաքական բարեփոխումների անհրաժեշտությունը, խոսքի ազատության և մարդու իրավունքների ոտնահարման հետ կապված խնդիրները:

Զեկույցում նաև ասվում է, որ Թուրքիան շարունակում է բարելավել և ի կատար ածել իր պարտավորությունները, ինչն անհրաժեշտ է ԵՄ-ին անդամագրվելու համար:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ռուբեն Սաֆրաստյան. «Չի գտնվի մի փաստաթուղթ, որը կամրապնդի Թուրքիայի ժխտողական դիրքերը»

«Ցեղասպանության հարցն ընդունված է։ Հիմա եթե թուրքերը՝ մեծ մասը, դա չեն ընդունում, դա չի նշանակում, թե այդ հարցը հարցականի տակ է դրվում։ Ամբողջ աշխարհն ընդունել է՝ և ԱՄՆ–ն, և Եվրոպան։ Ես նկատի ունեմ ոչ թե կառավարական մակարդակով, այլ զուտ պատմաբանների, գիտնականների շրջանակում»,– այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ խոսելով արխիվային փաստաթղթերի հնարավոր ազդեցությունների մասին։«Եթե ինչ–որ մի ամերիկացի պատմաբան գիտական շրջանակներում, համալսարանում վեր կենա ու ասի, որ հայերի ցեղասպանություն չի եղել, նրա վրա կամ կծիծաղեն, կամ կասեն նա մասնագետ չի, կամ էլ թուրքերի կողմից կաշառված է»,– շարունակել է նա ու ընդգծել, որ աշխարհի գիտական շրջանականերն այսօր ընդունում են Հայոց ցեղասպանության փաստը, և փաստի չընդունումը Թուրքիայի կողմից չի կարող որոշիչ գործոն լինել։

«Անցել է այդ փուլը, երբ Թուրքիան կարող է վիճարկել Հայոց ցեղասպանության փաստը»,– նկատել է Ռուբեն Սաֆրաստյանը՝ արձագանքելով թուրքական կողմից հնչող այն հայտարարությունները, թե արխիվների բացումից հետո հայերին անակնկալներ է սպասվում։ Ըստ Սաֆրաստյանի, հայկական կողմի համար չեն կարող անակնկալներ լինել և չի գտնվի մի փաստաթուղթ, որը կամրապնդի Թուրքիայի ժխտողական դիրքերը։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

«Ժամանակ». ՀԱԿ-ը թարգմանում է Քոչարյանի դեմ հայցը

Օրաթերթն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի դեմ 2008թ. Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած ստորագրահավաքին՝ Հաագայի միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու վերաբերյալ։

ՀԱԿ-ը թարգմանում է Քոչարյանի դեմ հայցը .

2008թ. Հայ ազգային կոնգրեսը ստորագրահավաք էր նախաձեռնել Ռոբերտ Քոչարյանի դեմ Հաագայի միջազգային քրեական դատարան հայց ներկայացնելու վերաբերյալ։ Մեծ մասսայականություն վայելած ու աղմուկ հանած ստորագրահավաքի արդյունքներն ամփոփվել են, իսկ Քոչարյանի դեմ ներկայացվելիք հայցը բաղկացած է լինելու 400 էջից։ Այն հիմա թարգմանվում է և ավարտվելուն պես կուղարկվի դատարան։
Այնպես որ, հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի սպանդի հետ ասոցացվող Քոչարյանին քաղաքականություն վերադառնալու փոխարեն սպառնում է Հաագայի դատարանի առաջ հայտնվելու տխուր հեռանկարը, և նա գուցե վայելում է իր ազատության վերջին մի քանի ամիսները։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

20 տարի անց Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում ամռանը սառույց չի լինի. գիտնական

Գլոբալ տաքացման արդյունքում Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում 20 տարի անց ամռանը չի լինի սառույց, ինչի հետևանքով կբարձրանա ջրի մակարդակը և մեծապես կտուժի կենդանական աշխարհը. կանհետանան փոկերն ու բևեռային արջերը: Նման հայտարարությամբ հանդես է եկել առաջատար բրիտանացի գիտնական Փիթեր Ուոդհեմսը, հայտնում է reuters-ը:

Ինչպես նշել է Քեմբրիջի համալսարանի օվկիանոսային ֆիզիկայի գծով գիտնականը, սառույցի մեծ մասը կհալվի առաջիկա տասնյամկի ընթացքում, սակայն, ըստ բրիտանացի գիտնականի, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում ձմռան ամսիների սառույցը չի հալվի:
Գլոբալ տաքացման հետևանքով այս փոփոխությունները կփոխեն տիեզերքից նկատվող Երկրագնդի վերին հատվածի գույնը. սպիտակի փոխարեն` կապույտ: Միևնույն ժամանակ, ըստ բրիտանացու, կփոխվի նաև նավերի հաղորդակցության ուղին Ռուսաստանի հյուսիսային ջրերում:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Պուտինը կրկին հայտնվել է ամերիկյան մուլտֆիլմում

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտնվել է մեծահասակների համար նախատեսված հանրաճանաչ «Family Guy» մուլտսերիալում, որը Ռուսաստանում առավել հայտնի է «Գրիֆիններ» անունով: Այս մասին հաղորդում է «Взгляд»-ը` հղում տալով «Московский комсомолец» թերթին:

Վարչապետի անիմացիոն կերպարը շատ նման է նրա իրական կերպարին, բացառությամբ այն հանգամանքի, որ Պուտինն իրական կյանքում չի ծխում, զբաղվում է սպարտով և հանդիսանում է առողջ կենսակերպի ջատագով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` դեռևս նախագահ եղած ժամանակ, Պուտինի կերպարը հայտնվել էր ամերիկյան մեկ այլ` «Հարավային այգի» հումորային մուլտսերիալում: Մուլտֆիլիմի սյուժեով, գլխավոր հերոսները զանգահարում են Կրեմլ և նախագահին խնդրում իրենց օգնել` կետին դեպի Լուսին ուղարկելու հարցում: Արդյունքում Պուտինը բարկանում և ասում է` «Գրողի տարած Բուշ, հոգնել եմ քո կատանկերից»:

Հավելենք, որ «Գրիֆիններ» հեռուստասերիալը ցուցադրում է FOX հեռուստաընկերությունը: Ներկայումս ընթանում է մուլտսերիալի 8-րդ սեզոնը:


Թերրթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-15

Ամերիկայի Հայոց Ցեղասպանության թանգարանին գրքեր են նվիրաբերել

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Ուիլյամսբուրգ քաղաքի William and Mary քոլեջի պատվավոր դասախոս և համահիմնադիր, Ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային միության նախկին նախագահ դոկտոր Ռոջեր Սմիթն իր անձնական գրադարանը նվիրաբերել է Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանին: Այս մասին հաղորդում է Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական կայքը:

Նվիրաբերությունն անելիս՝ դոկտոր Սմիթը, մասնավորապես, ասել է.
«Ես երկար ժամանակ ներգրավված եմ եղել Հայկական գիտական կազմակերպություններում, Ցեղասպանության վերաբերյալ զեկույցներ եմ ունեցել բազմաթիվ հայկական համայնքների առջև, սակայն ես նաև խորապես զբաղվել եմ գիտնականների նոր սերնդին գիտելիքներ տալով, ովքեր էլ հետագայում շարունակելու են մեր կողմից դեռևս քսանհինգ տարի առաջ սկսած գործը: Ես իմ գրքերը նվիրաբերում եմ Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանին, որպեսզի ապահովեմ այնպիսի նյութերով, որոնք ոչ միայն գիտնականներին կօգնեն ուսումնասիրություններ կատարել Ցեղասպանության մասին, այլ նաև որպես լրացում և շարունակություն այն մարդկանց հետ հաղորդակցման, որոնց կյանքը ես բախտ եմ ունեցել ուսումնասիրել իմ կյանքի ընթացքում»:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ո՞րն է Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր–Պետրոսյանի տարբերությունը. բացատրում է ՀԱԿ համակարգողը

Լևոն Տեր–Պետրոսյանը եղել է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կողմնակից, բայց ոչ ցեղասպանության ուրացման։ Լևոն Տեր–Պետրոսյանը երբեք չէր համաձայնի պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը, որը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպնության փաստը»,– այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է Կոնգրեսը դեմ Արձանագրությունների ստորագրմանը, երբ Սերժ Սարգսյանն այսօր անում է այն, ինչ Լևոն Տեր Պետրոսյանը ցանկանում էր անել 90–ական թվականներին։

Զուրաբյանը չի համաձայնել, թե Լևոն Տեր–Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը Թուրքիայի հանդեպ վարում են նույն քաղաքականությունը։ Հարաբերությունների հաստատումն, ըստ նրա, ցանկանում էին երկու նախագահներն էլ, բայց ի տարբերություն ներկա նախագահի, առաջին նախագահը դեմ էր ցեղասպանության խնդիրը քննարկելի դարձնելուն։ Ըստ Զուրաբյանի՝ եթե Սերժ Սարգսյանը գնար միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու ճանապարհների բացմանը, կնշանակեր անում է այն, ինչը ցանկանում էր անել Լևոն Տեր–Պետրոսյանը 90–ական թթ.։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Թուրքիա այցելությանը՝ Լևոն Զուրաբյանը նկատել է, թե նրան կդիմավորեն «մեծ պատիվներով, քանի որ որևէ հայ ղեկավար այսքան մեծ նվեր չէր տվել Թուրքիային»։

Ինչ վերաբերում է ֆուտբոլային խաղից սպասումներին՝ Զուրաբյանը նախ նկատել է, որ իրենց սպասումները միայն խաղից են, ապա մեր հավաքականին մաղթել է հզոր ելույթ ու հաղթանակ։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Նոբելյան մրցանակակրին կրկին ցանկանում են դատել հայերի համար

Թուրքիայի Գերագույն դատարանի գլխավոր դատական կոլեգիան վճռել է վերաբացել հայտնի թուրք գրող Օրհան Փամուկի դեմ հարուցված դատական գործը։ Դատական համապատասխան որոշման դեպքում գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրը որպես տույժ պետք է վճարի 36 հազ. թուրքական լիրա (մոտ 17,000 եվրո)՝ սեփական մտքերի և արտահայտությունների համար։ Նշենք, որ այս տույժը սահմանվել է Օրհան Փամուկի դեմ 2005թ. փետրվարին Շվեյցարիայում հարցազրույցի ժամանակ հետևյալ հայտարարությունը կատարելու համար՝ «...դրա պատճառով սպանվել են 30 հազ. քրդեր և 1 մլն հայեր...»։Նշենք, որ մինչ օտար երկրներում Օրհան Փամուկը արժանանում է պատվո տարբեր շքանշանների, ինչպես օրինակ, հոկտեմբերի 6-ին Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոյի կողմից նրան շնորհված «Գրան մեդալը», ապա հայրենիքում նա մազապուրծ է լինում բանտի ճաղերից՝ դրա դիմաց 4 տարի շարունակ ստիպված լինելով վճարել դրամական փոխհատուցումներ սեփական գաղափարների համար։

Այսպիսով, հոկտեմբերի 7-ին կայացրած դատավճռի համաձայն՝ գլխավոր դատական կոլեգիան մերժեց Օրհան Փամուկի իրավաբանների` նախնական որոշումը վերանայելու մասին հայցը։ Ըստ նոր սահմանված դատավճռի՝ գրողի դեմ ներկայացված դատական գործը կվերսկսվի Շիշլի համայնքի առաջին ատյանի քաղաքացիական դատարանում։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Թուրքիան հասել է իր գլխավոր նախապայմանին, վերլուծաբան

Թեկուզ Թուրքիայի քայլի մեջ որոշ անսպասելի բան կար նույն պարոն Նալբանդյանի համար, բայց շատերի համար դա բնական քայլ է. այսօր այսպիսի կարծիք է հայտնել վերլուծաբան Արմեն Աղայանը`փորձելով պատասխանել Արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանի և Թուրքիայի գործողությունների մասին հարցին:

Վերլուծաբանը նաև կասկածանքով է վերաբերվել Արձանագրությունների ստորագրումը հետաձգելու փաստին. «Ակնհայտ է, որ շոու էր: Պատկերացրեք, որ դուք գնում եք թատրոն, և հանկարծ դերասանը ներկայացման կեսից որոշում է փոխել տեքստը, որոշում է իմպրովիզացիա անել»:
Աղայանը կարծում է, որ եթե լրջորեն հետևենք գործընթացին, կարելի է տարակուսանք հայտնել, առնվազն, այն հանգամանքի կապակցությամբ, որ դա կարող է նախօրոք ծրագրված թատրոն լինել, որի իմաստը կարելի է որակել այսպես. հաճախ տարբեր ուժեր և մարդիկ խոսում էին ճնշման մասին: Վերլուծաբանը հայտարարել է, որ ինքը բոլոր հիմքերն ունի հայտարարելու համար, որ Հայաստանի վրա բացակայում են ցանկացած տեսակի ճնշումները:

Խոսելով Թուրքիայի մասին` Աղայանը վստահություն է հայտնել, որ Ղարաբաղի հարցը Թուրքիայի համար կարևոր է, չնայած Թուրքիայի համար ամենակարևորը միշտ էլ եղել է իր տարածքային ամբողջականության հարցը: «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիան դիտարկում է որպես միջոց, որպեսզի, թերևս, Հայաստանի թույլ իշխանությունը դրանով ճանաչի և վերջնականապես նրան ազատի Արևմտյան Հայաստանի պրոբլեմներից»:

Այս համատեքստում նա նշել է, որ ստորագրված Արձանագրություններում Թուրքիան հասել է իր գլխավոր նախապայմանին:

Ընդգծելով ղարաբաղյան համակարտության շաղկապվածությունը հայ-թուրքական հարաբերություններին, վերլուծաբան Արմեն Աղայանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է հայ-թուրքական հարաբերությունների հարց:

«Հայ-ադրբեջանական հարաբերություններն այնքանով գոյություն ունեն, որքանով Ադրբեջանն ընդհանրապես թուրքական քաղաքակրթության ներկայացուցիչն է մեր տարածաշրջանում»,- եզրափակել է վերլուծաբանը:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Բաքվում այրել են թուրք առաջնորդների դիմանկարները

Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանում` Թուրքիայի դեսպանատան շենքի մոտ:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ցույցի ընթացքում հնչել են «Թուրքիա՛, մի վաճառի Ղարաբաղը հայերին», «Ամոթ թուրք իշխանություններին», «Կամ Ղարաբաղ, կամ մահ» կարգախոսները: Բացի այդ, ցուցարարները ձեռքերում պահում էին Թուրքիայի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի դիմանկարներ, որոնց վրա սև խաչ էր քաշած: Ցուցարարները այնուհետև այրել են դիմանկարները:
Նշենք, որ Ադրբեջանի ոստիկանությունը թույլ չի տվել ցուցարարներին մոտենալ դեսպանատան շենքին, այդ իսկ պատճառով ակցիան անցկացվել է դեսպանատան հարակից պուրակում: Այն տևել է ընդամենը 10 րոպե, ոստիկաններին հաջողվել է ցրել ցուցարարներին: Նշենք, որ ցույցի մի քանի մասնակիցներին ձերբակալել են, այդ թվում նաև «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» նախագահ Ակիֆ Նագին:

Հավելենք, որ ցուցարարները ցանկանում էին դեսպանատանը հանձնել իրենց հռչակագիրը, որտեղ նրանք կոչ են անում Թուրքիայի իշխանություններին հրաժարվել հայ-թուրքական սահմանի բացումից և կասեցնել բանակցությունները: Բացի այդ, ցուցարարները պահանջում էին զերծ մնալ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումից:


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-14

Արձանագրությունները մինչև ապրիլ հազիվ թե վավերացվեն, Քոչունյան


Արձանագրությունները մինչև ապրիլի 24-ը Թուրքիայում հազիվ թե վավերացվեն, կարծում է Ստամբուլում հրատարակվող հայկական «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Քոչունյանը։

Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա ավելի շատ «դիմահարդարման» բնույթ է կրում, որովհետև Արձանագրությունների ստորագրումից հետո որոշ կառուցողական կարծիքներ պետք է հնչեն և կառուցողական հայտարարություններ արվեն։ Սակայն դրանից հետո իրարանցումը կանցնի, իսկ ողջ գործընթացը կմարի մինչև փետրվար։

Մինչև փետրվար այդ հարցն օրակարգում չի լինի, և միայն ապրիլի 24-ից առաջ կրկին հնչողություն կստանա, համոզված է Քոչունյանը։
«Ակտիվացում կլինի ապրիլի 24-ից առաջ, երբ ակտիվացում կդիտվի նաև Եվրոպայի և ԱՄՆ–ի կողմից», – ասել է «Ժամանակի» խմբագիրը հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա Քոչունյանը կարծում է, թե «լավատեսություն կլինի» կարծել, որ այն կապված չէ հայ–թուրքական մերձեցման գործընթացի հետ։ Նա պատահական չի համարում այն փաստը, որ ղարաբաղյան հարցում վերջերս խիստ ակտիվություն է նկատվում։



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs