Անցյալ շաբաթ Հաագայում ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի չորս անդամներ հանդիպեցին Նիդեռլանդների Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության (CDA) խորհրդարանական խմբակցության քարտուղար Սիբրանդ վան Հաերսմա Բումայի հետ:
Հանդիպման նպատակը նույն կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ տիկին Օմեն-Ռաույթենի` Թուրքիայի մասին զեկույցի առնչությամբ Հայ Դատի հանձնախմբի մտահոգությունների արծարծումն էր:
Տիկին Օմեն-Ռաույթենը Եվրախորհրդարանի հանձնարարությամբ արդեն երկու տարի է` զեկույց է պատրաստում Թուրքիայի ներքաղաքական և հասարակական իրավիճակի մասին, որը, սկզբունքորեն, Եվրամիության գնահատականն է Թուրքիայի` երկիրը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված աշխատանքներին:
Եթե նախկինում նույն կուսակցության անդամ Էուրլինգսը բավական անաչառ և արդարացի զեկույց էր պատրաստում Թուրքիայի ներքաղաքական վիճակի մասին, ապա Օմեն-Ռաույթենը ինչ-ինչ պատճառներով փորձում է առնվազն մեղմել կամ իրենց անուններով չանվանել Թուրքիայում առկա խնդիրները:
Այսպես` Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի կապակցությամբ նա մեղմորեն հիշատակում է, որ Եվրախորհրդարանը այն այլ կերպ կցանկանար տեսնել, իսկ Հայոց Ցեղասպանության մասին ընդհանրապես խոսք չկա: Մոռացության է մատնված նաև Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման փաստը:
Բնականաբար, զեկույցը մեծ վրդովմունք է առաջացրել հայկական շրջանակներում: Մանավանդ այն հանգամանքը, որ տիկին Օմեն-Ռաույթենը այն կուսակցության անդամ է, որը 2004 թվականին միաձայն քվեարկել է հօգուտ Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի, Հայ Դատի հանձնախմբում երկմտանք է առաջացրել այդ հարցում կուսակցության դիրքորոշման վերաբերյալ:
Այդ պատճառով հանձնախմբի անդամները դիմել էին հանդիպման ակնկալիքով, և հունիսի 18-ին հանձնախմբի պատվիրակությանը ընդունեց պարոն Հաերսմա Բուման, որը, կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարը լինելուց բացի, նաև Հայոց Ցեղասպանության հարցերի պատասխանատուն է:
Վերոհիշյալ խնդիրները ներկայացնելով` հանձնախմբի անդամները բացատրություն պահանջեցին տիկին Օմեն-Ռաույթենի հակահայ դիրքորոշման վերաբերյալ: Հաերսմա Բուման բացատրեց, որ իրենց կուսակցությունը Եվրախորհրդարանի` մի քանի քրիստոնեական կուսակցություններից կազմված խոշոր միավորման մասն է, որի դիրքորոշումների մշակման վրա հոլանդական կուսակցության ազդեցությունը բավականին փոքր է: Այս հանգամանքը հայացքների ընտրության ազատություն է տալիս զեկույցը պատրաստողին:
Այնուամենայնիվ, պարոն Հաերսմա Բուման խոստացավ Հայ Դատի հանձնախմբի դիտողությունները փոխանցել կուսակցության բյուրոյին և խորհուրդ տվեց անմիջապես ազդեցություն գործել նաև Եվրախորհրդարանի քրիստոնեական միության վրա:
Հանձնախմբի համար կարևոր էր նաև իմանալ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ կուսակցության արդի դիրքորոշման մասին: Պարոն Հաերսմա Բուման նշեց, որ իր կուսակցությունը հավատարիմ է այն տեսակետին, որը հիմք է ընդունվել Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի օգտին քվեարկելիս, և չնայած այդ դիրքորոշումը թանկ նստեց կուսակցության վրա` ծագումով թուրք պատգամավորներ կորցնելու առումով, այնուամենայնիվ, Հայոց Ցեղասպանության փաստը որևէ կասկած չի հարուցում կուսակցության մեջ:
Հույս հայտնելով, որ կուսակցությունը հետևողականություն կդրսևորի իր անդամների կողմից նրա տեսակետների իրականացման գործում, Հայ Դատի հանձնախմբի անդամները հրաժեշտ տվեցին պարոն Հաերսմա Բումային:
/Երկիր /
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>