Մեմֆիսցի կոնգրեսական Սթիվ Կոենը իր մամլո ասուլիսի ընթացքում դուրս հրավիրեց լրագրող Պիտեր Մուսուրլյանին, որը կոնգրեսմենին խնդրեց բացատրել Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանն իր ցուցաբերած դիմադրության պատճառը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA):
«Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդունմանն ուղղված դիմադրության վերաբերյալ փաստեր հավաքել փորձող լրագրողին մամլո ասուլիսից դուրս հրավիրելը Կոնգրեսի ներկայացուցչի կողմից խուլիգանական արարք է»,-հայտնել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Բուրբանկի (Կալիֆորնիա) հանրային հեռուստատեսությունում աշխատող Պիտեր Մուսուրլյանը Կոենից հարցազրույց էր փորձում վերցնել դեռեւս նախորդ շաբաթ. այդ հարցում նա մերժվել էր: Լրագրողը ձգտում էր Սթիվ Կոենի հետ զրուցելու հնարավորություն գտնել, բայց նրա ջանքերը չարդարացվեցին, եւ Կոենի նստավայրում տեղի ունեցող մամլո ասուլիսի ժամանակ կոնգրեսմենը Մուսուրլյանից պահանջեց հեռանալ սենյակից: Մամլո ասուլիսի ընթացքում կոնգրեսականը, ծայրահեղ կոպիտ անդրադառնալով Մուսուրլյանի հայկական ծագմանը, կրկին հայտնեց Հայոց ցեղասպանության օրինագծի ընդունման դեմ իր պայքարի մասին:
ԱՄՆ Կոնգրեսի 106-րդ բանաձեւը ներկա պահին սատարում են 219 կոնգրեսականներ: 2007թ. հոկտեմբերի 10-ին բանաձեւը արժանացավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի հավանությանը: Կոնգրեսմեն Կոենը բանաձեւի ընդունման հակառակորդներից մեկն էր: «Ցեղասպանությունը պետք է դատապարտվի ամբողջ աշխարհի կողմից, անկախ նրանից, թե երբ եւ որտեղ է իրագործվել: Կոնգրեսմեն Կոենի՝ Հայոց ցեղասպանության հարցում ցուցաբերած դիմադրության հետ կապված հարց է առաջանում. իսկ ո՞ր ցեղասպանության ճանաչմանն է նա դիմադրելու վաղը»,-նկատել է Արամ Համբարյանը:
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>