2009-08-28

«Բեկորը» կդառնա Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր շինությունը

Լոնդոնում մեկնարկել են Shard London Bridge 306-մետրանոց աշտարակի շինարարական աշխատանքները, որը պարզապես անվանվում է «Բեկոր» (թարգմանաբար)։ Մեծ Բրիտանիայում ամենաբարձր 72-հարկանի աշտարակի շինությունը պետք է ավարտվի 2012թ. գարնանը։ Այդ մասին հաղորդում է membrana.ru-ն՝ հղում անելով Dezeen-ին։
«Բեկորը» կդառնա Լոնդոն-Բրիջ նոր թաղամասի մի մասը։ Shard London Bridge-ի նախագիծը ստեղծվել է իտալացի ճարտարապետ Ռենցո Պիանոյի կողմից։ Նախագծի հեղինակի պնդմամբ՝ նա ոգեշնչվել է Լոնդոնի տաճարներից և Թեմզա գետում հանգրվանած նավերի կայմերից։
Երկնաքերի տարածքում 54 488 քառ մետր հատկացվելու է գրասենյակներին, 34-ից մինչև 52-րդ հարկերը զբաղեցնելու է Shangri-La հինգաստղանի հյուրանոցը։ 53-65-րդ հարկերում գտնվելու են էքսկլյուզիվ բնակարաններ։ Բացի այդ, հյուրանոցում նախատեսված են խանութներ, ռեստորաններ, սրճարաններ, պատկերասրահներ և այլն։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Աշխարհը պարտվել է՝ ցեղասպանությունները վտանգ են բոլորի համար Արփի Վարդանյան

Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետության գրասենյակների ղեկավար Արփի Վարդանյանն այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում, անդրադառնալով Կալիֆորնիայի դատարանի վճռին, հայտարարել է, որ նման վճռի կայացմամբ պարտվել է ոչ թե հայկական լոբբին կամ հայ ժողովուրդը, այլ պարտվել են աշխարհի ժողովուրդները:
«Այսպիսի հերքումներով ու ժխտումներով աշխարհի ժողովուրդներն են հայտնվում վտանգի տակ: Այս վճիռը հետ է գցել Հայոց ցեղասպանության և բոլոր ցեղասպանությունների կանխարգելման պրոցեսը»,- մասնավորապես հայտարարել է Արփի Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Կալիֆորնիայի դատարանի վերջերս կայացրած վճռով մերժվել է գերմանական ընկերության հայցն այն մասին, որ Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդները կարող են փոխհատուցում ստանալ: Ամերիկայի հայկական համագումարի ՀՀ և ԼՂՀ գրասենյակների ղեկավարը Կալիֆորնիայի դատարանի վճիռը որակել է խայտառակություն, քանի որ վճիռը կայացրած դատավորներից երկուսը (երեք դատավորներից մեկը դեմ է եղել վճռին) վճիռը կայացնելիս հաշվի են առել փաստերի միայն մի մասը:

Ըստ Վարդանյանի, նրանք հաշվի չեն առել ԱՄՆ 43 նախահանգների դեկլարացիաներն ու հայտարարությունները Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, հաշվի չեն առել, որ նախագահ Ռեյգանը օգտագործել է Հայոց ցեղասպանություն բառը, հաշվի չեն առել, որ հենց իրենց նահանգի ղեկավարը՝ Առնոլդ Շվարցնեգերը, ընդունել է Հայոց ցեղասպանությունն ու մի շարք այլ փաստեր:

Արփի Վարդանյանը տեղեկացրել է, որ Ամերիկայի հայկական համագումարը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին՝ պահանջելով անմիջապես հանդես գալ հայտարարությամբ այն մասին, որ Կալիֆորնիայի դատարանը չի հասկացել ԱՄՆ վերջին տարիների քաղաքականությունը:



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-08-27

Հայաստանը չպետք է զարգացում ակնկալի Թուրքիայի հետ հարաբերություններում. ՀԴԿ նախագահ

Եթե մենք հայ-թուրքական հարաբերությունները կապում ենք ղարաբաղյան հիմնահարցի հետ, ապա մենք ի սկզբանե տանուլ ենք տվել, այսօր հայտարարել է Հայաստանի դեմոկրատա-կան կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Հայկական կողմը ճիշտ է անում, երբ ասում է, որ որևէ նախապայման չպետք է լինի հայ-թուրքական հարաբերություն-ների զարգացման մեջ»,-ընդգծել է նա: Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման նախադրյալների մասին` Սարգսյանը հավաստիացրել է, որ չարժե ակնկալել դրանց կարգավորումը, նույնիսկ եթե այդ հարաբերությունները շաղկապվեն ղարաբաղյան հակամարտության հետ:
«Թուրքիայի հետաքրքրությունն այս գործընթացի նկատմամբ սառչել է ոչ թե ադրբեջանցիների պատճառով, այլ որովհետև Եվրոպան մերժեց դրա մուտքը ԵՄ»,- նշել է ՀԴԿ նախագահը:

Շոշափելով նաև Հայաստանի նախագահի հնարավոր այցը Թուրքիա՝ Սարգսյանը հայտարարել է, որ «կարելի է գնալ զուտ ֆուտբոլի խաղը դիտելու, ինչպես պարոն Գյուլն արեց` որևէ բանակցությունների ակնկալիք չունենալով»:

«Մյուս կողմից, հաշվի առնելով թուրքական կողմի կեցվածքը, որը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և ժամկետները, նախագահը բոլոր իրավունքներն ունի ասելու՝ «Շնորհկալ եմ, բայց ես չեմ գալիս»». հավելել է Սարգսյանը
:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ուկրաինայում թողարկվել է «Սուրբ Խաչ» արծաթե հուշադրամ

Այս տարի նշվում է Ղրիմում գտնվող հայկական «Սուրբ Խաչ» վանքի 650-ամյակը, ինչի կապակցությամբ Ուկրաինայի ազգային բանկը «Ուկրաինայի ճարտարապետական կառույցներ» հուշադրամների շարքի շրջանակում թողարկել է արծաթե հուշադրամ՝ նվիրված XIV-րդ դարում հիմնադրված հայկա-կան «Սուրբ Խաչ» վանքին:
Հուշադրամի դիմերեսին պատկերված է վանքի տարածքում տեղակայված Խաչքարը, իսկ դարձերեսին պատկերված են վանական շինությունները. ձախ կողմում՝ «Հին Ղրիմ հայկական վանքը» (XIV-րդ դար) և աջ կողմում՝ «Սուրբ Խաչ» վանքը:
Հատկանշականն այն է, որ առաջին անգամ արտերկրի կողմից իրականացվել է Հայաստանի պատմությանը և հայկական մշակույթին նվիրված հուշադրամի թողարկում: «Սուրբ Խաչ» արծաթե հուշադրամ ձեռք բերել ցանկացողները կարող են դիմել ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահ: Այս մասին հաղոդրում են ՀՀ ԿԲ-ից;

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Կալիֆորնիայի դատարանի վճիռը վտա՞նգ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Մանոյան

Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում մեկնաբանել է Կալիֆորնիայի վերաքննիչ դատարանի՝ օգոստոսի 20-ին կայացրած վճռի հետևանքները:
Մանոյանը նշել է, որ Կալիֆորնիայի դատարանը մերժել է գերմանական 3 ընկերություններից մեկի հայցը՝ Հայոց ցեղասպանության հետնորդներին փոխհատուցում տալու վերաբերյալ, մինչդեռ քաղաքային դատարանը նախկինում բավարարել է «Նյու Յորք Լայֆ ինշուրընս» և «Աքսա» ապահովագրական ընկերությունների նույնաբովանդակ հայցերը
Կալիֆորնիայի դատարանը մերժել է գերմանական ընկերության հայցը՝ պատճառաբանելով, որ եթե ԱՄՆ-ն պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որևէ նահանգ չի կարող ԱՄՆ նախագահի արտաքին քաղաքականությանը հակառակ քայլ կատարել: Մինչդեռ, ըստ Մանոյանի, դատարանի վճիռը լավ հիմնավորված չէ, քանի որ ԱՄՆ-ում չկա որևէ օրենք, որը պարտադրում է՝ որ եթե նախագահը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, Նահանգները չեն կարող որոշում ընդունել:

«Եթե այս վճիռն անփոփոխ մնա, վճիռը թուրքական շրջանակների կողմից վստահաբար օգտագործվելու է, որպեսզի մնացած բոլոր Նահանգների կողմից ճանաչումները փորձեն դատական վճռով չեղյալ համարել, հակասահմանադրական համարել և նույնիսկ այս վճռի հիման վրա կարելի է ԱՄՆ Կոնգրեսին արգելել որևէ բանաձև որդեգրել, որտեղ Հայոց ցեղասպանությունը կճանաչվի»,- վճռի հետևանքներից ամենավատի մասին ահազանգել է Կիրո Մանոյանը:

Շարունակելով, սակայն, դաշնակցական գործիչն ասել է, որ ելքեր կան՝ նախ կարելի է հայցը բողոքարկել՝ հատկապես, որ դրա իրավական հնարավորությունը կա, հետո նաև՝ հետամուտ լինել, որ այդ վճիռը չդառնա նախադեպային որոշում:

Կալիֆորնիայի դատարանի վճռի կայացման հետևում Կիրո Մանոյանը թուրքական լոբբիի ազդեցությունն անուղղակի է համարում, բայց նաև տեղեկություն ունի, որ Կալիֆորնիայում Թուրքիայի դեսպանատունը նամակով դիմել է դատարանին: Ընդհանուր առմամբ, նա չի բացառել նաև, որ թուրքական կողմը հարցի առնչությամբ ճնշում է գործադրել անգամ ԱՄՆ կոնգրեսականների վրա:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-08-26

Նոր բացահայտումներ հեթանոսական տաճարի պեղումների արդյունքում

Այս օրերին Ախուրյան գետի վերին ավազանում՝ Ամասիա քաղաքից ոչ հեռու, ընթանում են Հողմիկի հեթանոսական տաճարական համալիրի պեղումները, որոնք իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը՝ պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Հակոբյանը, տվյալ հնավայրի պեղումներն ունեն բացառիկ նշանակություն՝ իմաստավորելու համար հայ հեթանոսական մշակույթը, մասնավորապես՝ կրոնը, պաշտամունքային ճարտարապետությունն ու հոգևոր Հայաստանը։
Պատմաբանի խոսքերով՝ մինչև վերջին տասնամյակները հին Հայաստանի տաճարների մասին խոսելիս հիմնականում ներկայացվում էր Գառնիի հեթանոսական տաճարը, որը հայոց հողի վրա կառուցված հունա-հռոմեական ստեղծագործություն է։
«Հայ վաղ միջնադարյան պատմիչների մի մասը՝ Ագաթանգեղոս, Խորենացի, շատ ժլատ ակնարկում են հեթանոսական մեհյանների մասին։ Այս անունը նրանք ստացել են Միհրի անունից։ Սակայն մինչև վերջերս պարզ չէր, թե հին Հայաստանի այդ տաճարներն ինչպիսի հորինվածք ունեն»,– տեղեկացրեց Հայկ Հակոբյանը։
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ Հողմիկի հնավայրում պեղված է մոտավորապես 50 սրահ, սենյակ, պահեստային շինություններ, որոնց մեջ գտնվում են զոհաբերված կենդանիների մնացորդներ, զոհասեղաններ, արձանիկներ, նշանագրված քարից նմուշներ։ Սակայն ամենահարուստ նյութը խեցեղենն է, որի օգնությամբ հնարավոր է թվագրել հնավայրի տարբեր շերտերը։
Դատելով պեղումների արդյունքներից՝ հնավայրը գործել է մոտ 400 կամ ավելի տարի։ Մ.թ.ա. 2-րդ դարից մինչև մ.թ. 3-րդ դարի վերջը, երբ Քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն։
Որոշ սենյակներում բացվում են միմյանց հաջորդող երեք կամ նույնիսկ չորս հատակներ, որոնց վրա գտնվում է տարբեր տիպի խեցեղեն և տաճարական գույք՝ քուրմերի համար ածելիներ, կենդանիների վերջույթները հատելու համար կացիններ, դեղագործական չափումներ անելու համար նախատեսված կավից սրվակներ և այլն։
Նշենք, որ արշավախմբի աշխատանքներին մասնակցում են գիտնականներ և ուսանողներ ԵՊՀ-ից։ Պեղումները շարունակական են, քանի որ համալիրն ունի մոտ 300 մ լայնություն և մոտ կես կմ երկարություն։ Այն բաղկացած է շենքերից, որոնք բաժանվում են միմյանցից փողոցներով։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Շրթներկը կօգնի պայքարել ավելորդ քաշի դեմ

Մեծ Բրիտանիայում վաճառքի է հանվել շրթներկ, որի օգնությամբ կանայք կարող են ազատվել հավելյալ յուղաշերտերից։ Շրթներկ արտադրող ընկերությունը խոստանում է, որ դրա օգնությամբ կանայք այլևս չեն ցանկանա չարաշահել շոկոլադը կամ պաղպաղակը։ Այդ մասին հաղորդում է mignews.com-ը։
Burner Balm բալզամի գինը 10 դոլար է. շրթներկի բաղադրիչներն են յուղը, կոֆեինը և կանաչ թեյը։ Բալզամը պետք է օգտագործել օրական առնվազն վեց անգամ։
Արտադրող ընկերությունը նշում է, որ կանայք պետք է օգտագործեն շրթներկն ամեն անգամ, երբ զգան սնվելու կարիքը։

Նշենք, որ առողջ ապրելակերպի և ճիշտ սննդակարգի բազմաթիվ ասոցիացիաներ արդեն դեմ են դուրս եկել Burner Balm ընկերությանը՝ պնդելով, որ այն նվաստացնում է գեր կանանց։


Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs