2009-10-24

Թուրքիայում նկատվում է հայկական ինքնության ճանաչման ձգտումը. Կ.Պոլսի պատրիարքարանի կոչը

Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձերը։ Պատրիարքարանի ուղերձում շեշտը դրվում է խաղաղ երկխոսության անհրաժեշտության վրա, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի համբերատար և ներողամտաբար վերաբերվել միմյանց։

«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ստորագրված Արձանագրությունները հատկապես նշանակալի են Թուրքիայի հայկական համայնքի համար։ Թուրքիայի հայկական համայնքը տրամադրված է սկսված դիվանագիտական գործընթացի լավատեսական հանգուցալուծման վրա, այն, որ բոլոր քայլերը կուղղվեն հանուն երկու ազգերի բարօրության։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարությունները մինչև վերջ կգնան երկու երկրների հարաբերությունների բարելավմանը՝ հիմնվելով ցանկությունների անկեղծության վրա, քանի որ դրանից է կախված հարևանների հետագա խաղաղ համագոյակցությունը»,- նշված է պատրիաքարանի ուղերձում։
Պատրիարքարանում նաև հայտնել են, որ Հայ առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի առաջնորդի լիազորված անձը՝ Եկեղեցական խորհրդի վարչության ղեկավար արքեպիսկոպոս Արամ Ատեշյանը, ներկայացրել է իր դիրքորոշումը Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Աբդուլլա Գյուլին թուրքական Բուրսա քաղաք կատարած այցի շրջանակներում, որտեղ հոկտեմբերի 14-ին կայացավ երկու երկրների ֆուտբոլային հավաքականների միջև հանդիպումը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում բնակվում է մոտավորապես 70 հազ. հայ։ Նրանց մեծամասնությունը փոխել են հայկական ազգանունները թուրքերենով։ Այնուամենայնիվ, իրականում էթնիկ հայերի թիվը, ովքեր իսլամ են ընդունել Հայոց ցեղասպանության ժամանակ արտաքսումից խուսափելու համար, գերազանցում է պաշտոնական ցուցանիշը մի քանի անգամ։ Համշենահայերի (մահմեդական հայեր) մեծ մասը մինչև վերջերս բացասաբար է վերաբերվել «էրմենի» (հայ) անվանումին։ Սակայն հայ-թուրքական բանակցությունների մեկնարկից հետո երիտասարդ համշենահայերի մեջ նկատվում է հայկական ինքնությունը ճանաչելու ձգտում։ Այսպես, օրինակ, նկարահանվել է առաջին համշենական ֆիլմը համշենահայերի բարբառով, թողարկվել է ձայնասկավառակ ժողովրդական երգերով։

Նշենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից հետո Թուրքիայում բնակվող հայերը հույս ունեն, որ կլուծվի նաև հոգևոր առաջնորդի ընտրության հարցը, քանի որ երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի կառավարությունը չի թույլատրում հայկական համայնքին նշանակել նոր պատրիարքի կամ նրա փոխանորդի ընտրություններ։ Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը գտնվում է ծանր առողջական վիճակում բազմաթիվ վիրահատություններից և «Էրգենեկոն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված մահափորձերից հետո։

Նշենք նաև, որ Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանը՝ Երուսաղեմի պատրիարքարանի հետ միասին, Հայկական եկեղեցու ինքնավար պատրիարքարաններից մեկն է։ Երկու պատրիարքներն էլ ենթարկվում են Էջմիածնի կաթողիկոսին։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

«Դուք տեսաք` ինչ կատարվեց Թուրքիայի և Հայաստանի միջև...». Ջո Բայդենը տարածաշրջանի խնդիրների մասին

Հարավային Կովկասի ժողովուրդները սկսում են հասկանալ, որ իրենց սեփական շահը առավել ընդարձակ համագործակցության մեջ է, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Պրահայում` «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Միացյալ Նահանգները գնահատում իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ վերջին զարգացումները մի կողմից բազմաթիվ հնարավորություններ, մյուս կողմից` ռիսկեր են պարունակում, Ջո Բայդենն ասել է. «Մեծ ազգերն ու մեծ դաշինքները օգտվում են փոփոխությունների ընձեռած առավելություններից և դրանք դարձնում են հնարավորություններ: Ես ողջունում եմ պետքարտուղար Քլինթոնի ջանքերը. դուք տեսաք` ինչ կատարվեց Թուրքիայի և Հայաստանի միջև, դուք տեսնում եք` ինչ է կատարվում այժմ մյուս` երկարատև և լուծում չստացած տարաձայնություններում»:
Կարծիք հայտնելով, թե տարածաշրջանի երկրները սկսել են հասկանալ, որ ընդարձակ համագործակցությունը բխում է իրենց սեփական շահերից, Բայդենն ասել է. «Այդ համագործակցությանը ոչ թե սերն է դրդում, այլ անհրաժեշտությունն ու կարիքը»:

«Շատ բարդ ժամանակաշրջան է սպասվում, որը վտանգներ է պարունակում, սակայն, ես կպնդեի, որ հնարավորություններն ավելի են, քան վտանգները: Ես առավել դրական, քան բացասական զարգացումներ եմ տեսնում, սակայն այս ամենը հմտություններ եւ ավելի շատ հաջողություն է պահանջում: Այնպես որ, մենք աշխատում ենք մեր բարեկամների հետ Թուրքիայում, Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայի և Կովկասի երկրներում, որոնք իրական փոփոխությունների առջև են կանգնած»,- ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը:

«Եկեք խնդրին այլ տեսանկյունից նայենք. տասը տարի անց այդ տարածաշրջանը իսկական չափորոշիչ է լինելու, քննություն, որով մեր սերունդները որոշելու են` արդյոք մենք հաջողել ենք 21-րդ դարում իրական փոփոխությունների հասնել աշխարհում», - կարծիք է հայտնել ԱՄՆ-ի փոխնախագահն ու ընդգծել։ «Կարծում եմ` բոլորն էլ հասկանում են, թե ինչի կհանգեցնի առաջընթացի բացակայությունը Հարավային Կովկասում, և, քանի որ շատերն են աշխատում այդ ուղղությամբ, ես ավելի շատ լավատես եմ, քան հոռետես», – Բայդենի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-23

Ամենահետաքրքիր ամուսնալուծությունների հնգյակը

«Аргументы и факты» թերթը հրապարակել է անցյալի և ներկայի ամենատարօրինակ և ամենաանհեթեթ ամուսնալուծությունների տասնյակը:

Հինգերորդ տեղում հայտնվել է 67-ամյա ռումինացի թոշակառու Սանդու Բ.-ն, ով ամուցնացել էր 47-ամյա կնոջ հետ և 8 ամիս նրա հետ ապրել հաշտ ու երջանիկ: Իսկ ահա 9-րդ ամսվա ընթացքում կնոջ կատուն մեկը մյուսի հետևից կերել է ամուսնու սիրելի երկու թութակներին:

Չորրորդ տեղում անգլիացի ֆուտբոլիստ Նիլ Դյուհարտն է, ով ապահարզանի դիմելու իր ցանկությունը դատավորին բացատրել էր նրանով, որ իր կինը լվացել էր ինքնագրերի հավաքածուով իր շապիկը: Դատարանը կնոջը միանգամից մեղադրել էր վանդալիզմի մեջ և բավարարել Նիլի հայցը:
Երրորդ տեղում էլ ավելի հետքրքիր պատմություն է: Այսպես, ամերիկացի Մարոն Դանիելսոնի կինը պաշտում էր դետեկտիվներ: Իսկ նրա «սրիկա» ամուսինը յուրաքանչյուր նոր գրքի 3-րդ էջում գրում էր մարդասպանի անունը` այսպիսով անհետաքրքիր դարձնելով գրքի հետագա ընթերցանությունը: Լսելով ամուսնու այս սովորության մասին` դատարանը կանգնել էր կնոջ կողքին և բավարարել ամսուսնալուծության նրա հայցը` «ամուսնու կողմից առանձնահատուկ դաժան վերաբերմունքի պատճառով»:

Երկրորդ տեղում հայտնվել է գերմանական Նաումբուրգ քաղաքի 55-ամյա ագարակատեր Վոլֆգանգ Զոբերի ամուսնուլուծության դեպքը: Զոբերը հետաքրքրության համար ծանոթացել էր 38-ամյա Ռենդի Վիկտորիայի հետ: Թե նկարներում, հետագայում նաև ծանոթության ժամանակ տիկինը շատ քնքուշ է թվացել: Եվ միայն հարսանեկան առաջին գիշերվա ընթացքում պարզվել է, որ Ռենդին այդքան էլ կին չէ: Ավելի ճիշտ, նա ամենևին էլ կին չէր, այլ առնանդամի և երկու երեխաների տեր տղամարդ:

Առաջին հորիզոնականում, թերևս, ամսուսնուլուծության ամենատարօրինակ դեպքն է: Այսպիսով, բոսնիացի ամուսիններ 32-ամյա Ադան Կլարիչը և 27-ամյա Սանան ինտերնետային սիրավեպեր են սկսել: Սակայն դրանում նրանց բախտը փոքր-ինչ չի բերել: Քաղցրիկ և Ուրախության արքայազն կեղծանունների տակ նրանք գտել են միմյանց: Օնլայն կրքոտ զրույցներից հետո նրանք որոշել են հանդիպել: Սակայն, ցավոք, նրանց մեծ հիասթափություն էր սպասում, քանի որ պարզվել է, որ երկար ժամանակ շփվել են իրենց` արդեն մի քանի տարվա կողակցի հետ: Արդյունքում ամուսինները ամսուսնալուծվել են` միմյանց մեղադրելով դավաճանության փորձի մեջ:

Հետաքրքրական է, որ նման իրավիճակ տեղի է ունեցել նաև Չինաստանում, որտեղ սակայն, այն ավարտվել է Happy End-ով: Ինտերնետային շփումից հետո ամուսինները որոշել են հանդիպել և, տեսնելով միմյանց, համոզվել են, որ իրենք, իսկապես, ստեղծված են միմյանց համար:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-22

Գիտնականները լուսնի մակերեսի վրա հայտնաբերել են թունելի մուտք

Գիտնականները լուսնի մակերեսի վրա փոս են հայտնաբերել, որը, ամենայն հավանականությամբ, մակերեսի տակ տեղակայված թունելի մուտք է: Դրա լուսանկարներն արվել են ճապոնաական արբանյակի կողմից, որը երկու տարի «ճանապարհորդել է» լուսնի շուրջը և իր առաքելությունն ավարտել այս տարվա հունիսին:

Տվյալ բացահայտումը հաստատում է այն ենթադրությունը, որ լուսնի վրա առկա են հրաբխային ծագման թունելներ: Լուսնի վրա գիտարշավների ժամանակ մարդիկ կարող են արևի ճառագայթներից թաքնվել թունելներում. Ավելին՝ թունելում ավելի հեշտ է մշտական ջերմություն պահպանել:



Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ինչո՞ւ է նախագահ Սարգսյանը նախաձեռնել վտանգավոր խաղը. կարծիք

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրի առջև ծառացած մարտահրավերներին, որոնք են, ըստ նրա, ներքաղաքական ճգնաժամը, քաղբանտարկյալների առկայությունը, ժողովրդավարության նահանջը, ԼՂՀ հարցը և հայ–թուրքական հարաբերությունների խնդիրը։

Գոյություն ունեցող խնդիրների ֆոնի վրա հայ–թուրքական գործընթացի նախաձեռնումը, ըստ Կոնգրեսի ներկայացուցչի, լի է մարտարհրավերներով և հետապնդում է այլ նպատակ։
«Ես հանգում եմ այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է այս վտանգավոր խաղը միայն մի նպատակով՝ շեղել հասարակության ուշադրությունը երկրում ահագնացող ապօրինություններից և կամայականություններից, շեղել միջազգային հանրության սևեռումը երկրում առկա քաղբանտարկյալների խնդրից և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ներկայացված բանականությունից դուրս մեղադրանքից և ազատությունից զրկելու քայլերից»,– հայտարարել է Վլադիմիր Կարապետյանը։

Անդրադառնալով հայ–թուրքական ստորագրված Արձանագրություններին՝ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ դրանք կազմված են ոչ դիվանագիտորեն։ «Շատ վատ բանակցված և կազմված փաստաթղթեր են»,– արձանագրել է նա։

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Աշխարհի ամենամազոտ մարդը դիմել է պլաստիկ վիրաբույժի՝ ֆիլմում դեր ստանալու համար

Չինացի Յու Չժենխուանը, ով արժանացել է աշխարհի ամենամազոտ մարդու տիտղոսին, որոշել է դիմել պլաստիկ վիրաբույժի` նոր ֆիլմում ցանկալի դեր ստանալու համար: Հորմոնալ դիսբալանսի պատճառով 32-ամյա չինացու մարմնի 96%-ը պատված է մազածածկույթով, այնպես որ, նա լիովին կարող է հավակնել ֆիլմում կապիկի դերը ստանձնելուն, գրում է The Daily Telegraph-ը:

Չժենխուանը դեռևս մանկուց նկարահանվել է ֆիլմերում: Վերջերս նա փորձել է գլխավոր դեր ստանալ «Ճանապարհորդություն դեպի Արևմուտք» չինական դասական սիրավեպի սյուժեով նկարահանվող հեռուստաֆիլմում:

«Ես ինձ համարում եմ ամենահարմար թեկնածուն, քանի որ ես նման եմ կապիկի, իսկ իմ մականունը հենց այդպիսինն է` մարդակապիկ: Ես կարդացել եմ գիրքը և գտել պրոֆեսիոնալ վարսավիրի, ով ինձ կվերածի իսկական մարդակապկի»,- հայտարարել է նա:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-21

«Հեռուստացմփորիկներ»-ի հեղինակները թմրամոլներ են

Բրիտանական BBC հեռուստաընկերության ղեկավարությունը, այդ թվում նաև մանկական խմբագրության ղեկավարները, իրենց աշխատակիցներին թույլ են տվել թմնարյութեր օգտագործել, The Daily Mail-ին տված հարցազրույցում խոստովանել է Children’s BBC հեռուստաընկերության պրոդյուսեր Սարա Գրեմը:

40-ամյա Գրեմի խոսքերով` գործընկերները հեռուստաընկերությունում աշխատելու առաջին իսկ օրվանից իրեն կոկաին են առաջարկել, ինչից հետո նա «նստել է» ծանր թմրանյութերի վրա՝ օգտագործելով նույնիսկ «քրեք» և հերոին:
BBC-ի ղեկավարները ոչ միայն չեն վռնդել թմրամոլ-աշխատակիցներին, այլ նաև խրախուսել են նրանց «ոչ-ստանդարտ մտածողության համար»:

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ BBC-ի հայտնի մանկական սերիալները թմրամոլների անհեթեթության ծնունդ են: Խոսքը, օրինակ, «Մազի»-ի (անգլերեն լեզու ուսուցանող տեսածրագիր) և «Հեռուստացմփորիկներ»-ի մասին է:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Խոսքի ազատության ցուցիչով Հայաստանը 111-րդ տեղում է

«Խոսքի ազատության ցուցիչ» զեկույցի համաձայն, որն ավանդաբար կազմում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Հայաստանը զբաղեցրել է 111-րդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ նահանջելով մեկ հորիզոնականով, հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։

Առաջին եռյակում են Դանիան, Ֆինլյանդիան և Իռլանդիան։ Հավելենք, որ այս տարի բազմաթիվ եվրոպական երկրներ զգալիորեն զիջել են դիրքերը։

«Մեզ անհանգստացնում է այն, որ եվրոպական ժողովրդավարական երկրները, ինչպես օրինակ Ֆրանսիան, Իտալիան և Սլովակիան, տարեցտարի վատթարացնում են իրենց դիրքերը «Խոսքի ազատության ցուցիչում»։ Եվրոպան պետք է օրինակ ծառայի այլ երկրների համար»,- նշել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ժան Ֆրանսուա Ժուլյարը։
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա այդ ցուցանիշով Վրաստանը զբաղեցնում է 81-րդ տեղը, Թուրքիան՝ 123-րդ, Ադրբեջանը՝ 146-րդ և Ռուսաստանը՝ 153-րդ։

Միացյալ Նահանգները բարձրացել են 20 հորիզանականով շնորհիվ «Օբամայի գործոնի»։ Կազմակերպության քարտուղարին հատկապես անհանգստացնում է իրավիճակն Իրանում։ «Այդ երկիրը խոսքի ազատության ցուցիչով մոտենում է աղետալի իրավիճակի, որի մեջ տարիներ շարունակ գտնվում են Հյուսիսային Կորեան և Թուրքմենստանը»,- նշել է նա։

Հավելենք, որ այդ ցուցակում վերջին հորիզոնականն է զբաղեցնում Էրիտրեան։



Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-20

Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից խոսեցին հայկական ջարդերի մասին

Երևանի ժամանակով 16:00-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում` ներկայացնելով հայ-թուրքական Արձանագրությունները և Թուրքիայի ԱԳՆ աշխատանքների ընթացքը:

Թուրքիայի ԱԳ ղեկավարը հատուկ ընդգծել է, որ վերջին 17 տարվա ընթացքում սա առաջին լուրջ գործողությունն էր Հայաստանի հետ հարաբերություններում:

Նա նշել է, որ Արձանագրությունների ստորգրումը շատ կարևոր քայլ էր Հայաստանի հետ խաղաղության հաստատման, ինչպես նաև ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար: Դավուտօղլուի խոսքով՝ Հարավային Կովկասում շատ են հակամարտությունները, և անցյալ տարվա Հարավային Օսիայի պատերազմը ցույց տվեց, որ նման կերպ շարունակել չի կարելի:
Թուրքիան խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, - ասել է ԱԳ ղեկավարը:

Ելույթից հետո Դավութօղլուին բազմաթիվ հարցեր ուղղեցին, եղան նաև դժգոհ պատգամավորներ, ովքեր բողոքեցին հայ-թուրքական Արձանագրությունների դեմ:

Մասնավորապես, դժգոհ էր Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Շուքրու Էլեքդաղը, ով կրկնեց իր կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի այն թեզը, որ Թուրքիան կորցնում է Ադրբեջանը:

Քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սելահեթին Դեմիրթաշը, իր հերթին, հայտարարել է, որ իր կուսակցությունը կողմ է հայ–թուրքական հարաբերություններին։ Միևնույն ժամանակ նա հայկական հարցին վերաբերող մի շարք սուր հարցեր է բարձրացրել։

Պատգամավորը հայտարարել է, որ Թուրքիայի պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ «հայկական» բառը օգտագործվել է որպես անեծք։ «Մենք պետք է հիշենք դա», – հայտարարել է Դեմիրտաշը՝ ավելացնելով, որ մինչ այժմ Թուրքիայի կառավարությունն անվտանգության համապատասխան միջոցներ չի կիրառում, ինչպես դա երևաց Հրանտ Դինքի սպանության դեպքում։

Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Թուրքիայից, խորհրդարանի ամբիոնից Դեմիրտաշը ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել։ «Հայերի ջարդերը իրենց արտացոլումը չեն գտել մեր պատմության գրքերում», – հայտարարել է պատգամավորը՝ հավելելով, որ Թուրքիայում պատմության դասագրքերը պետք է ձերբազատվեն խտրականության դրսևորումներից։ Նա հայտարարել է, որ թուրքական հասարակությունը կապրի եղբայրության մթնոլորտում այն ժամանակ, երբ պատմության կարտացոլվի «խաղաղության համընդհանուր լեզուն»։

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs