Ֆինանսական ճգնաժամի առաջացման իրական պատճառների որոնումները հանգիստ չեն տալիս տնտեսագետներին: ԱՄՆ Յեյլի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Ջոն Գինակոպլոսն այդ ուղղությամբ իր ուսումնասիրությունների համար ներշնչանք է գտել Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսում:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, դեռևս 16-րդ դարում գրված պիեսի հիմքում վարկային պատմությունն է:
Պարտքերի մեջ խրված հերոսը որոշում է ամուսնանալ հարուստ աղջկա հետ և օգնություն է խնդրում վենետիկցի վաճառական Անտոնիոյից: Անտոնիոն պարտք է վերցնում վաշխառու Շեյլոկից՝ պայմանով, որ վարկատուն իրավունք ունի մեկ ֆունտ միս կտրել վաճառականի մարմնից, եթե վերջինը ժամանակին չմարի պարտքը:
Գինակոպլոսը զուգահեռներ է տեսել պիեսի իրադարձությունների և այսօրվա իրավիճակի միջև:
«Ջոն Գինակոպլոսը տնտեսության նկատմամբ նոր ձևավորվող մոտեցման խորհրդանիշն է,- գրում է պարբերականը: - Սակայն պարտադիր չէ, որ հենց նրա մտքերը ժամանակի ընթացքում բազային դառնան: Այսպիսի կանխատեսումներ անելու համար դեռ շատ վաղ է: Այդուհանդերձ, Յեյլի համալսարանի պրոֆեսորի կոմպետենտության մասին է խոսում փաստը, որ նա այն գիտնականների շարքում էր, որոնց հետ խորհրդակցում էր ԴՊՀ ղեկավար Բեն Բեռնանկեն 2008թ. աշնանը, երբ ճգնաժամն իր գագաթնակետին էր հասել»:
1997թ. վերընթերցելով «Վենետիկի վաճառականը», մասնավորապես՝ մեկ ֆունտ մսի մասին հատվածը՝ Յեյլի համալսարանի պրոֆեսորը սկսեց մտածել վարկերի ապահովության մասին: Արդյունքում 2000թ. համալսարանական պարբերականում Գինակոպլոսը նոր տեսություն առաջարկեց:
Նրա կարծիքով՝ բանկերը չափից դուրս ցածր գործակիցներ են սահմանում՝ պարտք տալով ավելի մեծ գումար, քան կարող են ապահովել: Վարկային միջոցների մեծ ծավալները թույլ են տալիս բարձրացնել գները՝ հասցնելով դրանք ռեկորդային մակարդակի: Սա էլ հենց խաթարում է «արդյունավետ շուկայի» գաղափարը:
Այժմ, երբ ֆինանսական ճգնաժամը վերհանել է ԿԲ-ների ավանդական մոտեցումների թերությունները, տնտեսագետները կրկին ակտիվ գործունեություն են սկսել այդ ոլորտում, ճիշտ այնպես, ինչպես երկու «հեղափոխություններից» առաջ:
Գինակոպլոսի տեսությունները դեռ պետք է համալիր տնտեսական մոդելի վերածվեն: «Նրա աշխատությունը ենթադրում է, որ վարկային հողի վրա հիմնված ցիկլերը ճիշտ չեն: Սակայն նա բավարար չափով խորհուրդներ չի տալիս այն մասին, թե կանոնակարգող մարմիններն ինչպես պետք է դրանք վերահսկեն»,- նշում է Փրինսթոնի համալսարանի տնտեսագետ Մարկուս Բրուննեմայերը:
«Կապիտալ» օրաթերթ
2009-11-07
Ճգնաժամի առաջացման պատճառը գտել են Շեքսպիրի պիեսում
Publicado por Hayasa en 22:59
Etiquetas: Զարմանազան
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario