Հայաստանի հարավ-արևելքում գտնվող քարանձավներից մեկում՝ իրանական սահմանից ոչ շատ հեռու, հայտնաբերվել է նախամարդու ուղեղ։ Նախնական գնահատմամբ լավ պահպանված գտածոն 6000 տարեկան է։ 2007-2008թթ. Արենի-1 քարանձավում կատարած պեղումների արդյունքում հնագետները հայտնաբերել են 5-6 հազար տարվա վաղեմության արտեֆակտներ, այդ թվում՝ 13-14 տարեկան երեք աղջիկների գանգեր:
Մարդաբանների կողմից անցկացրած անատոմիական վերլուծությունը ցույց է տվել, որ աղջիկները սպանվել են մահակի հարվածներից, ամենայն հավանականությամբ, ծիսական արարողության ժամանակ։ Երրորդ գանգում գիտնականները չորացած, բայց լավ պահպանված ուղեղ են հայտնաբերել:
Մասնագետների կարծիքով՝ այս գտածոն կարող է Հին աշխարհում երբևէ հայտնաբերված ամենահին նախամարդու ուղեղը լինել։ Ներկայում մասնագետները հետազոտում են ուղեղը։ Դրա մակերեսին պահպանվել են արյունատար անոթներ, որոնցից վերցված արյան բջիջներն ուղարկվել են մանրամասն վերլուծության:
Քարայրում հայտնաբերվել են նաև խոշոր կուժեր, մետաղյա դանակներ, ավելի քան 30 տեսակի մրգերի սերմեր, խոտաբույսեր, պարաններ, հագուստ, ծղոտ և չորացած սև սալոր։ Պղնձե դարի այս բոլոր իրերը լավ են պահպանվել քարայրում օդի խոնավության ցածր մակարդակի և կայուն ջերմաստիճանի շնորհիվ։
Հնագետները մտադիր են շարունակել պեղումները Արենի-1-ում և Արփա գետի ափին գտնվող այլ քարանձավներում։ Դրանցից մեկը, ի դեպ, իր չափերով գերազանցում է Արենի-1-ին, ուստի չի բացառվում, որ դրանում նույնպես բազմաթիվ արտեֆակտներ հայտնաբերվեն։
«Կապիտալ» օրաթերթ
0 comentarios:
Publicar un comentario