2009-03-12

Եվրոյի տասնամյակը

2009թ. առաջին օրը Եվրամիության կարևորագույն և ամենաբարդ ծրագրերից մեկը տոնեց իր առաջին նշանակալի հոբելյանը. եվրոն 10 տարեկան է։
Սկզբում ֆրանսիացի տնտեսագետ և ֆինանսական քաղաքական գործիչ Ժակ Ռյուեֆի 1950թ. արած մարգարեությունն էր. «L'Europe se fera par la monnaie ou ne se fera pas» - Եվրոպան միասնական կդառնա միասնական արժույթի միջոցով կամ ընդհանրապես չի դառնա։ Եվրոպական արժութային միության առաջին կշռադատումներն ու պլաններն առաջ եկան արդեն 1960-ական և 70-ական թվականների սկզբին, սակայն գործելու ճնշումը եկավ դրսից։

«Վիետնամի պատերազմի և դրա ֆինանսավորման հետևանքով էր, որ Նիքսոնի վարչակազմը վերացրեց ոչ միայն դոլարը ոսկով փոխանակելու պարտավորությունը, այլև արժույթների միջև կայուն հարաբերակցության սկզբունքը»,– հիշում է նախկին Դաշնային կանցլեր Հելմուտ Շմիդտը, որն այն ժամանակ նաև ֆինանսերի նախարար էր։ 1972թ. այն ժամանակվա եվրոպական հանրության վեց, այնուհետև ինը անդամներ միավորվեցին և ստեղծեցին փոխարժեքի միություն։ Նրանք պարտավորվեցին սահմանափակել իրենց արժույթների տատանումները միմյանց նկատմամբ նեղ սահմաններում, ինչպես օձի շարժումները թունելում։ Ընդհանուր հաշվառման միավորը կոչվում էր ECU։ Շմիդտը շարունակում է. «Հավանաբար դա ազգային արժույթներին զուգահեռ արժույթ էր։ Այդ գաղափարը վերցրեց և առաջ տարավ Ժակ Դելորը»։ Դելորը ԵՄ հանձնաժողովի նախագահ եղած ժամանակ ստեղծեց եվրոպական տնտեսական և արժութային միության հիմքերը, որոնք բերեցին Եվրոպական կենտրոնական բանկի ստեղծմանն ու եվրոյի ներդրմանը։
Այդ մարմինը՝ Եվրոպական կենտրոնական բանկը, մինչ օրս բավականին վստահորեն ղեկավարում էր եվրոն բոլոր արժութային տատանումների ժամանակ։ Իր գործածության առաջին օրը, 1999թ. հումվարի 4-ին, եվրոյի արժեքը համարյա 1 դոլար և 18 ցենտ էր։ Սակայն հետագայում քաղաքական գործիչներն ու տնտեսագետները ավելի ու ավելի նյարդայնանում էին, քանի որ եվրոյի արժեքը գնալով նվազում էր։ 2000թ. այն հասավ իր պատմության մեջ նվազագույն արժեքին, երբ մեկ եվրոյի դիմաց տալիս էին մոտ 82 ԱՄՆ ցենտ։ Սակայն դրանք, այսօրվա տեսակետից, միայն սկզբնական դժվարություններ էին, քանի որ դրանից հետո եվրոյի արժեքը մշտապես բարձրացել է։ Միասնական արժույթն օրվա ամենաբարձր արժեքն ունեցավ 2008թ. հուլիսի 15-ին, երբ 1 եվրոյի դիմաց տալիս էին համարյա 1,60 դոլար։ Սակայն նա, ով չի արտահանում իր արտադրանքը դոլարի գործածության տարածք կամ չի անցկացնում այնտեղ իր արձակուրդը, դժվար թե հետաքրքրվի համաշխարհային շուկայում եվրոպական միասնական արժույթի արժեքով, նա ավելի շուտ հետաքրքրված է իր արժույթի ներքին կայունության մեջ։

Ամենից առաջ Գերմանիայում եվրոն մեղադրում էին գների աճի համար։ Փողի կտրուկ արժեզրկման զգացումը համառորեն պահպանվում էր, չնայած վիճակագրությունը այլ բան է ասում։ Միջինում գների բարձրացումը եվրոյի գործածությամբ 11 երկրներում, ինչպես նաև Հունաստանում 1999թ. և 2007թ. միջև կազմում էր տարեկան 2,1 տոկոս, և դրանով իսկ չնչին չափով չհասավ Եվրոպական կենտրոնական բանկի նպատակին՝ արժեզրկումը պահել 2 տոկոսից մի փոքր ցածր սահմաններում։

Այսօր համարյա 320 միլիոն եվրոպացիներ վստահում են եվրոյին։ 15 պետություններում այն պաշտոնական վճարման միջոց է։ Վեց այլ, հիմնականում փոքր երկրներ, լուռ կարգով շրջանառության մեջ են մտցրել այն. սա նույնպես միասնական արժույթի հաջողության նշան է։ «Թեկուզ և ևս կես դար անցնի, որպեսզի կարողանանք խոսել Եվրամիության կառուցման ավարտի մասին,– ասում է նախկին կանցլեր Շմիդտը,– սակայն եվրոն ավելի շուտ, քան մեկ տասնամյակ անց, կդառնա համաշխարհային արժույթ»։

1999թ. եվրոն շրջանառության մեջ դրվեց միայն որպես անկանխիկ տարադրամ։ Հանձնումը վերջնական օգտագործողներին սկսվեց 2002թ. հունվարի 1-ին։



Աղբյուրը. dpa

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs