2010-02-15

Հայ-թուրքական արձանագրություններն անդունդի եզրին են. The Boston Globe

Հակառակ այն բանին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է հայ-թուրքական Արձանագրություններն ուղարկել երկրի խորհրդարան, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խուսափելով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հարցի առնչությամբ հնարավոր լուրջ քննարկումներից, կարող է ձեռքից բաց թողնել պատմական պահը։ Հայ-թուրքական Արձանագրությունները ձախողման եզրին են։ Միացյալ Նահանգներն ապրիլի 24-ից առաջ պետք է կանխի դիվանագիտական աղետը։ Այս մասին է գրում The Boston Globe թերթը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին։Թերթը նշում է, որ Արձանագրությունների ձախողումը շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ «Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորում նախատեսող Արձանագրություններն իրոք պատմական նշանակությամբ շրջադարձային էին, սակայն եթե դրանք չվավերացվեն երկրների խորհրդարաններում, համաձայնությունը կհայտնվի ձախողման եզրին։ Նման զարգացումը շատ լուրջ հարված կհասցնի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերին»,- գրում է թերթը։

The Boston Globe-ը, նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզով» միմյանցից հստակորեն սահմանազատվեցին Հայաստան-Թուրքիա մերձեցման և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները, ընդգծում է, որ իրականում նախապայմանի լեզվող խոսում է հենց Անկարան։ «Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ենթարկվեց իր երկրում բնակվող ադրբեջանցի փոքրամասնության կոշտ քննադատությանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնաց բոյկոտել Nabucco նախագիծը»։ Հոդվածի հեղինակ Դեյվիդ Ֆիլիպսը նաև հիշեցնում է, որ այցով Բաքու մեկնած Էրդողանը «ադրբեջանցի եղբայրներին» վստահեցրեց, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի միայն ժամանակ, երբ հայերը դուրս գան վիճելի տարածքներից։ Ի վերջո, ամիսներ շարունակ իրականացվող աշխատանքներից հետո որոշում կայացվեց հոկտեմբերի 10-ին կազմակերպել Արձանագրությունների ստորագրման արարողությունը։

Սակայն վերջին րոպեին թուրք պաշտոնյաներն սկսեցին երկմտել, և խայտառակ իրավիճակը կանխվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից»,- գրում է թերթը՝ ավելացնելով, որ այդքանից հետո թուրքերն սկսեցին քննադատել Հայաստանի Սահմանադրական դատարանի՝ Արձանագրությունների առնչությամբ կայացրած որոշումը։

Թերթը գրում է նաև, որ ներկա պահին գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, և պետք ձեռքից բաց չթողնել պատմական պահը։ «Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հակառակ Թուրքիայի՝ համաձայնությանը խոչընդոտելու բոլոր ջանքերին, հայտարարեց, որ Արձանագրություններն ուղարկելու է խորհրդարան։ Իսկ Էրդողանի համար հեշտ չի լինելու ճնշումներ գործադրել երկրի խորհրդարանում Արձանագրությունների վավերացման հարցում, որովհետև նա ընտրությունների նախաշեմին ցանկանում է խուսափել լուրջ քննարկումներից։

Եթե Էրդողանը որոշի այդ ուղղությամբ ներդնել իր ողջ քաղաքական կապիտալը, դա էլ չի բավականացնի։ Անցած տարի Էրդողանին ուղղված աջակցությունը նվազել է՝ 47%-ից հասնելով 32%-ի»,- գրում է The Boston Globe-ը։

Ամերիկյան պարբերականը, նշելով, որ որևէ կապ չպետք է գոյություն ունենա հայ-թուրքական սահմանի բացման և յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի օրակարգ բերվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի միջև, միևնույն ժամանակ գրում է, որ գործնականում այդպիսի կապ գոյություն ունի։ «Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան իրեն կարադարացնի Արձանագրություններից հրաժարվելու հարցում։ Նույնիսկ Էրդողանը կարճաժամկետ հեռանկարում կարող է քաղաքական դիվիդենտներ շահել»։

The Boston Globe-ն ընդգծում է նաև, որ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է անի հնարավորը՝ այդ դիվանագիտական աղետը կանխելու համար։ «Քանի որ դա լուրջ հարված կհասցնի ամերիկյան շահերին այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգները Իրաքում կայունության հաստատման, Աֆղանստանում ՆԱՏՕ-ին աջակցություն ցուցաբերելու և Իրանի միջուկային խնդրի հետ կապված հարցերում զգում է Թուրքիայի աջակցության կարիքը»։

Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs