Թուրքական Star օրաթերթը, անդրադառնալով ամերիկացի և շվեդ օրենսդիրների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունմանը և քննադատելով ի դեմս Էնվեր փաշայի, իթթիհաթականների չարագործություններին սատար կանգնելուն և դրանք ժխտելուն ուղղված թուրքական քաղաքականությունը, գրում է. «Եթե Ադոլֆ Հիտլերը թուրք լիներ, ժխտելու էինք նաև Հրեական ցեղասպանությունը»:
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց նաև Շվեդիայի Ռիկսդագը: Դրանք ոչ թե այսպես կոչված, այլ իրական որոշումներ են: Իշխանությունները շատ բարկացան: Ե´վ Վաշինգտոնից, և´ Ստոկհոլմից դեսպաններին հետ կանչեցին: Չեղյալ հայտարարեցին ԱՄՆ և Շվեդիա նախատեսված այցերը:
Այս հակազդեցության նպատակն է կանխել բանաձևի ընդունումը այլ երկրների կողմից, որովհետև նախկինում նման բանաձևեր ընդունող երկրների դեմ այդպիսի հակազդեցություն չկար. ոչ դեսպաններն էին հետ կանչվում, ոչ էլ` այցելությունները չեղյալ հայտարարվում: Հավանաբար պետությունը որոշում է կայացրել 2010–ից հետո Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերին «այո» ասող երկրներ չայցելել, այդ երկրներում էլ դեսպաններ չունենալ»,- գրում է Star-ը` ավելացնելով. «Մենք մեր մեջ հնարավոր է` քննադատենք իթթիհաթականներին և նրանց որդեգրած քաղաքականությունը: Սակայն մեզանում գերիշխում է այն մտածելակերպը, թե ամեն ինչ պետք է մնա տան պատերի ներսում»:
Թուրքական պարբերականը խիստ քննադատության է ենթարկում նաև Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միությանը (TÜSİAD)` իր իսկ որդեգրած ուղեգծին հակասելու համար: (TÜSİAD-ը, ի հակազդեցություն Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից թիվ 252 բանաձևի ընդունմանը, չեղյալ էր հայտարարել իր պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ):
«Անգամ TÜSİAD-ը դարձավ իշխանանամետ: Ամո´թ: Ե'վ հանդես է գալիս անկախ քաղաքականության ջատագովի դիրքերից, և' միևնույն ժամանակ անձնատուր լինում շովինիստական քաղաքականությանը: Նշանակում է` դուք էլ եք իթթիհաթական, ամեն դեպքում ձեր կապիտալի հիմքում մեծ է իթթիհաթականների բաժինը: Եթե նրանք չկեղեքեին և չկոտորեին ազգային փոքրամասնություններին, ձեր պապերը հաստատ այդ ունեցվածքների վրա նստած կապիտալ չէին դիզի: Կարճ ասած`սատար եք կանգնում ձեր պատմությանը»,- գրում է Star-ը:
«Ամերիկացիներն էլ սպանել են հնդկացիներին, այնպես չէ՞: Սակայն նրանք դա ընդունել են և այդ թեման ներառել դպրոցական դասագրքերում: Իսկ հայ երեխաներն աքսորվեցին` ռուսների հետ միասին Օսմանյան կայսրության դեմ պատերազմելու համար: Նրանց մայրերն էլ տեղահանվեցին` իրենց երեխաներին զենք մատակարարելու համար: Սեպտեմբերի 6-7-ի իրադարձություններն էլ հույների կողմից էին կազմակերպվել` Թուրքիայի վարկանիշը համաշխարհային հանրության առջև գցելու համար: Օսմանյան դինաստիան կարող էր դավաճան լիներ, թշնամու հետ համագործակցել, սակայն նրանց վարչակազմը Ցեղասպանություն չի գործել»,- սեփական անցյալի մութ անցքերը կոծկելուն ուղղված թուրքական պետական քաղաքականության մասին հեգնանքով գրում է թերթը:
Ըստ Star պարբերականի` այս ամենից հետո թուրքերին մնում է վերցնել «Ամենքս Էնվեր ենք, ամենքս` իթթիհաթական» գրությամբ ցուցապաստառներ և դուրս գալ փողոց:
«Եթե Հիտլերը թուրք լիներ, ժխտելու էինք նաև Հրեաների ցեղասպանությունը… Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ընդունում ենք, որ բանակը մզկիթները ռմբահարելու մասին ծրագրեր է մշակել, սակայն այդ նույն բանակի`իր քաղաքացիներին թնդանոթներով ոչնչացնելու մասին իրողությունը` ոչ: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Դերսիմի իրադարձություններն իրողություն են, իսկ Հայոց ցեղասպանությունը` սուտ… Այդ ինչպե՞ս է ստացվել, որ հազար տարուց ավելի այս հողերում ապրող հայերի թվաքանակն այժմ հասնում է ընդամենը տասնյակ հազարների: Ըստ իս` ապրիլի 24-ին ամենքը պետք է «Բոլորս Էնվեր ենք, բոլորս` իթթիհաթական» գրությամբ ցուցապաստառներ պատրաստեն և փողոց դուրս գան»,- եզրափակում է Star-ը:
Թերթ.am
0 comentarios:
Publicar un comentario