2009-10-30

Սեռերի հավասարության վարկանիշային աղյուսակում Հայաստանը 91-րդն է

Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է զեկույց, որտեղ ներկայացված է երկրների վարկանիշային աղյուսակը, որը բնորոշում է տարբեր պետություններում սեռերի հավասարության աստիճանը:

Սեռերի հավասարության ցուցիչը կազմվում է տղամարդկանց և կանանց հնարավորությունների համեմատության ճանապարհով գործունեության տարբեր չորս ոլորտներում` քաղաքականություն, աշխատանք և կարիերա, կրթություն, առողջապահություն:

Այս տարի առաջատարների թվում են Իսլանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան և Շվեդիան, ինչպես նաև Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունն ու Լեսոտոն:

Այս անգամ Հայաստանը զբաղեցրել է 91-րդ հորիզոնականը` նահանջելով 13 հորիզոնականով:
Վրաստանն ու Ադրբեջանը հայտնվել են 84-րդ և 90-րդ հորիզոնականներում: Ռուսաստանը զբաղեցրել է 51-րդ տեղը:

Վարկանիշային աղյուսակը եզրափակում են Սաուդյան Արաբիան, Բենինը, Պակիստանը, Չադը և Յեմենը:

Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-26

Լատվիական քաղաքի վրա երկնքից ինչ–որ բան է ընկել

Լատվիայի Մազսալաց քաղաքում երեկ տեղի ժամանակով մոտ 18:30-ին երկնաքար է ընկել: Утро.ru կայքի հաղորդմամբ` պատահարի մասին պատմել է քաղաքի բնակիչներից մեկից, ով, նկատելով հրդեհը, զանգահարել է հրշեջ ծառայություն:

Դեպքի վայրում հրշեջները հայտնաբերել էն 20 մետր տրամագծով և 10 մետր խորությամբ փոս: Երկնաքարն ընկել է բնակելի տան հարևանությամբ, սակայն, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:

Մասնագետները չեն բացառում, որ դա կարող է լինել ոչ թե երկնաքար, այլ Երկրագնդի արհեստական արբանյակ կամ դրա մասնիկ:
Ինչպես հայտնել է պետական հրշեջ-փրկարար ծառայության պետի օգնական Ինգա Վետերեն, ընկնող օբյեկտը երկնքում թողել է կրակի հետքեր, իսկ այն տեղում, որտեղ երկնաքարն ընկել է, հրդեհ է բռնկվել: «Տարածքն անմիջապես շրջափակվել է, քանի որ մենք հստակ չգիտենք, թե ինչ օբյեկտ է երկնքից ընկել: Ըստ նախնական տվյալների` դա երկնաքար է: Չի բացառվում նաև ռադիոակտիվ աղտոտումը»,- հավելել է Վետերեն:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Ճապոնացիները հայտանգործել են թարգմանիչ-ակնոցներ

NEC Corp. ճապոնական ընկերությունը հայտնագործել է աշխարհում նախադեպը չունեցող թարգմանիչ-ակնոցներ, որոնք օտար լեզվով բանավոր խոսքը վերածում են տեքստի և թարգմանությունը ցուցադրում աչքի ցանցաթաղանթի վրա։ Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Իոմիուրի» թերթին։

Թարգմանիչ-ակնոցները՝ ներդրված բարձրախոսով և մինի համակարգչով, կարելի է օգտագործել ժամեր շարունակ, քանի որ աչքերը դրանցից չեն հոգնում։ Պրոյեկտորից ազդանշանը փոխանցվում է անմիջապես ցանցաթաղանթին, որը տեսողական նյարդերով ուղարկում է այն դեպի ուղեղ, այդ իսկ պատճառով զրուցակիցները կարող են զրույցը վարել երկու տարբեր լեզուներով՝ նայելով միմյանց վրա և առանց թարգմանության տեքստի ընթերցման։

Նորամուծությունը, հավանաբար, վաճառքի կդրվի 2010թ.։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Մերձեցումը կարելի է սկսել մշակույթից. թուրք նախարար

Առաջիկա օրերին Կարսում տեղի կունենա թուրք և հայ պատմաբանների և հնագետների հանդիպում: Գիտնականները միասին կորոշեն, թե ինչպես վերականգնեն Անիի ավերակները, հաղորդում է Vesti.az-ը` հղում կատարելով Patronlardunyasi-ին:

Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Էրթողրուլ Գյունայը Star հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ շարունակվում են աշխատանքները համատեղ հանձնաժողով ձևավորելու ուղղությամբ, որը որոշում կկայացնի Անիի ավերակների վերականգնման վերաբերյալ:
«Քննարկվում են հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ վերջին հարցերը, և մոտ ապագայում դուք բոլորդ կդառնաք այդ կառույցի գործունեության ականատես»,- ասել է Գյունայը:

Նախարարի խոսքերով` մոտ ապագայում ծրագրվում է համատեղ մշակույթային նախագծեր սկսել, որոնցում կմասնակցեն հայ և թուրք երգիչները և երաժիշտները:

«Թուրք հայտնի երգիչներից և երաժիշտներից ոմանք հայկական արմատներ ունեն: Հարաբերություններ ստեղծելով` մենք չպետք է ընկնենք ինչ-որ տհաճ մանրուքների հետևից, այլ փորձենք համատեղ ջանքերի շնորհիվ դրական պահեր գտնել հարաբերություններում»,- նշել է նախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք թուրք նախարարը պատրաստվում է առաջիկայում այցելել Հայաստան, Գյունայը նշել է, որ չի բացառում դա:

«Ինչո՞ւ չէ: Ես չեմ բացառում նման հավանականությունը: Վերջիվերջո, մերձեցումը կարելի է սկսել նաև մշակույթից»,- ասել է նա:



Tert.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Աշխարհում սովյալների թիվը գերազանցել է 1 միլիարդը

Մոլորակի յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում ի վիճակի չէ նորմալ սնվել: Աշխարհում սովյալների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 1 միլիարդ մարդ: Այս մասին հայտարարել է Համաշխարհային պարենային ծրագրի գործադիր տնօրեն Ջոզեթ Շիրանը:

«Սխալ չի լինի ընդունել, որ «սովը զբոսնում է Երկրագնդով մեկ»: Պարենային ճգնաժամը բոլորովին էլ չի ավարտվել: Այն ժամանակ, երբ գլոբալ ճգնաժամը համաշխարհային խոշոր պարենային շուկաներում հանգեցրել է գների անկման, հիմնական սննդամթերքների գինը զարգացող երկրներում աճել է»,- Շիրանի խոսքերն է մեջբերում ИТАР-ТАСС-ը:


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

Օբամա՝ $200, Պուտին՝ $10 000, Կիրիլ՝ $50 000, Բեռլուսկոնի՝ $500 000

Ինչպիսի՞ և ի՞նչ արժողությամբ ժամացույցներ են կրում տարբեր երկրների առաջնորդներն ու ղեկավարները։ Ведомости թերթը վերլուծել է մի շարք չինովնիկների լուսանկարները և պարզել, որ ամենաթանկարժեք ժամերը կրում է ոչ թե Դմիտրի Մեդվեդևը կամ Վլադիմիր Պուտինը, այլ Մոսկվայի քաղաքապետի տեղակալը։

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կրում է Blancpain, Leman Aqualung Grande Date ժամացույցը՝ 10,5 հազ. դոլար արժողությամբ։ Հենց այդ ժամացույցը Պուտինը մի քանի անգամ նվիրել է շարքային քաղաքացիներին։ Նախկինում, սակայն, Վլադիմիր Պուտինը կրում էր Patek Philippe հանրահայտ ժամագործական ընկերության ժամացույցը՝ 60 հազ. դոլար արժողությամբ։
Միացյալ Նահանգների առաջնորդ Բարաք Օբամայի ձեռքը գեղեցկացնում է սպորտային ոճի Jorg Gray 6500 էժան ժամացույցը, որը պատրաստվում է Չինաստանում և սովորաբար վաճառվում 200 դոլարով։

Նման համեստությամբ աչքի էր ընկնում նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը. մինչև վերջերս նա նախընտրում էր 50-դոլարանոց Timex Indiglo-ն։

Նշենք, որ ամենաթանկարժեք ժամացույցը կրում է Ւտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Բացի այդ, նա ունի ևս մի քանի մոդելներ, որոնց գինը հասնում է շուրջ 500 հազ. եվրոյի։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախընտրում է շվեյցարական Patek Philippe Calatrava 5120j ժամացույցը, որն արժե մոտ 17 հազ. դոլար։

Վերջերս Ուկրաինա կատարած այցի ժամանակ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ձեռքին լրագրողները նկատել էին Breguet ապրանքանիշի ժամացույց՝ 28-ից մինչև 36 հազ. եվրո արժողությամբ։ Նշենք, որ այդ ժամացույցը նա կրում էր այն պահին, երբ բացատրում էր, որ ներկա ճգնաժամը «մեղքի արդյունք է, որը ներթափանցել է այժմյան տնտեսության մեջ։ Ազնիվ աշխատանքով ապրող մարդիկ վճարում են նրանց համար, ովքեր կորզել են միլիոններ և միլիարդներ օդից»։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը նախընտրում է Classique Moon Phase ժամացույցը՝ 32,3 հազ. դոլար արժողությամբ։ Ի դեպ, ամուսնու ճաշակը կիսում է նաև Ռուսաստանի առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևան։

Ամենաթանկարժեք ժամացույցներից կրում է նաև Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Վլադիմիր Ռեսինը՝ DeWitt, La Pressy Grande Complication-ը՝ 1,044 հազ. շվեյցարական ֆրանկ արժողությամբ։

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը կրում է Bovet ժամացույցի Fleurier Minute Repeater մոդելը՝ պատրաստված 18-կարատանոց սպիտակ ոսկուց։ Միացյալ Նահանգներում այդ մոդելի մանրածախ գինը կարող է կազմել մոտավորապես 300 հազ. դոլար։


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>

2009-10-24

Թուրքիայում նկատվում է հայկական ինքնության ճանաչման ձգտումը. Կ.Պոլսի պատրիարքարանի կոչը

Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման փորձերը։ Պատրիարքարանի ուղերձում շեշտը դրվում է խաղաղ երկխոսության անհրաժեշտության վրա, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի համբերատար և ներողամտաբար վերաբերվել միմյանց։

«Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ստորագրված Արձանագրությունները հատկապես նշանակալի են Թուրքիայի հայկական համայնքի համար։ Թուրքիայի հայկական համայնքը տրամադրված է սկսված դիվանագիտական գործընթացի լավատեսական հանգուցալուծման վրա, այն, որ բոլոր քայլերը կուղղվեն հանուն երկու ազգերի բարօրության։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարությունները մինչև վերջ կգնան երկու երկրների հարաբերությունների բարելավմանը՝ հիմնվելով ցանկությունների անկեղծության վրա, քանի որ դրանից է կախված հարևանների հետագա խաղաղ համագոյակցությունը»,- նշված է պատրիաքարանի ուղերձում։
Պատրիարքարանում նաև հայտնել են, որ Հայ առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի պատրիարքարանի առաջնորդի լիազորված անձը՝ Եկեղեցական խորհրդի վարչության ղեկավար արքեպիսկոպոս Արամ Ատեշյանը, ներկայացրել է իր դիրքորոշումը Հայաստանի և Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Աբդուլլա Գյուլին թուրքական Բուրսա քաղաք կատարած այցի շրջանակներում, որտեղ հոկտեմբերի 14-ին կայացավ երկու երկրների ֆուտբոլային հավաքականների միջև հանդիպումը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում բնակվում է մոտավորապես 70 հազ. հայ։ Նրանց մեծամասնությունը փոխել են հայկական ազգանունները թուրքերենով։ Այնուամենայնիվ, իրականում էթնիկ հայերի թիվը, ովքեր իսլամ են ընդունել Հայոց ցեղասպանության ժամանակ արտաքսումից խուսափելու համար, գերազանցում է պաշտոնական ցուցանիշը մի քանի անգամ։ Համշենահայերի (մահմեդական հայեր) մեծ մասը մինչև վերջերս բացասաբար է վերաբերվել «էրմենի» (հայ) անվանումին։ Սակայն հայ-թուրքական բանակցությունների մեկնարկից հետո երիտասարդ համշենահայերի մեջ նկատվում է հայկական ինքնությունը ճանաչելու ձգտում։ Այսպես, օրինակ, նկարահանվել է առաջին համշենական ֆիլմը համշենահայերի բարբառով, թողարկվել է ձայնասկավառակ ժողովրդական երգերով։

Նշենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից հետո Թուրքիայում բնակվող հայերը հույս ունեն, որ կլուծվի նաև հոգևոր առաջնորդի ընտրության հարցը, քանի որ երկար ժամանակ է, ինչ Թուրքիայի կառավարությունը չի թույլատրում հայկական համայնքին նշանակել նոր պատրիարքի կամ նրա փոխանորդի ընտրություններ։ Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը գտնվում է ծանր առողջական վիճակում բազմաթիվ վիրահատություններից և «Էրգենեկոն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված մահափորձերից հետո։

Նշենք նաև, որ Հայ առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանը՝ Երուսաղեմի պատրիարքարանի հետ միասին, Հայկական եկեղեցու ինքնավար պատրիարքարաններից մեկն է։ Երկու պատրիարքներն էլ ենթարկվում են Էջմիածնի կաթողիկոսին։


Թերթ.am


Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>
Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs