2008-07-09

Վերսկսվում է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը

Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով այսօր վերսկսվող դատավարությունը կուղեկցվի դատարանի շենքի մոտ բողոքի ցույցով։ Մի շարք կազմակերպություններ մտադիր են արդար դատավարության պահանջով կրկին իրենց բողոքի ձայնը բարձրացնել։
Ա. Գոչունյանը հայտնել է նաև, որ սպանված խմբագրապետի գործին վերաբերող դատական նիստերն այսօրվանից հավանաբար պետք է բաց լինեն լրատվամիջոցների համար։


«Մինչև այս նիստը Հրանտ Դինքի ոճրագործի 18 տարին չէր լրացել, այդ պատճառով դատական նիստերը դռնփակ էին ընթանում։ Այժմ 18 տարին արդեն լրացել է, հետևաբար արդեն հնարավոր է նախ` նրա անունը ամբողջությամբ նշել, մինչ այժմ նիստում և լրատվամիջոցներում անունը նշվում էր «Օ.Ս», բացի այդ, ԶLՄ-ները պետք է որ հնարավորություն ունենան ազատ հետևել դատավարությանը։ Այսինքն` դատական նիստերն այսուհետ պետք է դադարեն դռնփակ լինել», - նշել է Ա. Գոչունյանը։2007 թվականի հունվարի 19-ին երիտասարդ ազգայնական Օգուն Սամասթի կողմից սպանված Հրանտ Դինքի գործով դատարանի առջև է առնվազն 19 մարդ, հիմնականում` տրապիզոնցի ազգայնականներ։ Ապրիլի 28-ին վերսկսված դատական նիստը հետաձգվել էր, երբ դատարանը լսել էր սպանության գործով 19 կասկածյալներից 3-ի վկայությունները։

Ըստ «Ժամանակ» թերթի խմբագրի` այս երկու ամիսներին «գործի ընթացքը փոխող և ընդհանրապես գործի առնչությամբ լայն արձագանք ստացող բացահայտումներ չեն եղել։ Այս պահի դրությամբ, կոնկրետ գործի ընթացքը փոխող նորություններ չկան։ ԶLՄ-ները և բոլոր ՀԿ-ները, որոնք զբաղվում են այս գործով, տեղեկացնում են, որ մեկ տարի է, ինչ դատավարությունը սկսված է, և այս մեկ տարում որեւէ լուրջ տեղաշարժ արձանագրված չէ։ Գործընթացը բավական դանդաղ է ընթանում»։

Օրերս Անկարայում և Ստամբուլում ձերբակալվել են երկու տասնյակից ավելի մարդիկ` այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ և պաշտոնաթող զինվորականներ, ովքեր կասկածվում են մի շարք սպանություններ նախապատրաստելու մեջ։

Դատախազության տվյալներով՝ ձերբակալվածները կարող են լինել «Էրգենեկոն» ծայրահեղ ազգայնական խմբավորման անդամներ, որը, ըստ ենթադրությունների, առնչություն ունի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությանը, ինչպես նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի դեմ մահափորձին։



/Թերթ.am/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs