2008-12-26

Հայ լինելն ամոթ չէ. եվրոպացի պատգամավորները քննադատում են թուրքական հիստերիան

Եվրոպացի պատգամավորները բուռն անհանդուրժողականությամբ են արձագանքել Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Ջանան Առիթմանի (նկարում) մեղադրանքներին, ով մատնանշել էր Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի «հայկական արմատները»: Այդ մասին հաղորդել է Today’s Zaman-ը:
Ամենաուժգին արձագանքները հնչեցրել են Հանրապետական ժողովրդական կուսակցության «քույր»՝ եվրոպական Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները: Եվրոպական խորհրդարանում սոցիալիստական խմբի փոխնախագահ Հանս Սվոբոդան պիտակել է Առիթմանի դիտարկումները որպես «ռասայական, ազգայնական և անընդունելի»: ԵՄ-Թուրքիա համատեղ խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուստ Լագենդիյկը նշել է, որ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն պետք է ամաչի նման հայտարարությունների համար
«Նախ և առաջ, հարցը Առիթմանի հայտարարության ճշմարտացիության մեջ է, թե արդյո՞ք Գյուլի մայրը հայ է, թե՞ ոչ: Ես նկատի ունեմ, թե արդյո՞ք նախագահ Գյուլն ունի հայկական արմատներ: Սակայն եթե նույնիսկ նախագահ Գյուլի երակներում հոսում է հայկական արյուն, ապա սա ամենևին էլ փաստարկ չէ: Նման կարգի դիտարկումները ռասայական են, ազգայնական և անընդունելի: Առիթմանը կա՛մ պետք է ներողություն խնդրի, կա՛մ հրաժարական տա: Ահա այս երկու այլընտրանքն ունի ժողովրդավարական երկրի քաղաքական գործիչը: Իսկ եթե նա հրաժարական չտա, ապա իսկական ժողովրդավարական երկրում կուսակցության ղեկավարը պետք է պահանջի նրա հրաժարականը, կամ Առիթմանը կարող է հեռանալ ներկուսակցական քվեարկության արդյունքում: Այս ամենը ավելի քան վկայում է այն մասին, որ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը և վերջինիս ներկա ղեկավարությունը հեռու են եվրոպական չափանիշներից»,- ասել է Հանս Սվոբոդան:
Նա նաև հավելել է, որ եթե նույնիսկ Աբդուլլա Գյուլն ունի հայկական արմատներ, ապա դա ոչինչ չի նշանակում, քանի որ, ըստ Սվոբոդայի, Թուրքիայում ապրում են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր ունեն հայկական ծագում:
«Նրանք Թուրքիայի լիիրավ քաղաքացիներ են և իրավունք ունեն` հավակնելու յուրաքանչյուր պաշտոնի»,- նշել է Հանս Սվոբոդան` մեջբերելով այլ օրինակներ: «Հիքմետ Չեթինն ունի քրդական արմատներ, Թուրքիայում կան արաբական ծագում ունեցող քաղաքական գործիչներ: Ֆրանսիայի նախագահը Հունգարիայից է, իսկ վերջինիս կաբինետում բազմաթիվ պաշտոններ են գրավում աֆրիկյան ծագում ունեցող գործիչները: «Հայ» լինելու պիտակավորումը մեծ խայթառակություն է Թուրքիայի համար: Եվրոպայում նման դիտարկումների համար քաղաքական գործիչն առնվազն պետք է ներողություն խնդրեր»,- եզրափակել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը:
ԵՄ-Թուրքիա համատեղ խորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուստ Լագենդիյկը նշել է, որ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը պետք է ամաչի Առիթմանի հայտարարությունների համար: «Ոչ մի քաղաքական կուսակցություն չպետք է հպարտանա նման պատգամավորներով: Վերոնշյալ դիտարկումները սկանդալային բնույթ են կրում, և պետք է ամաչել: Ես լիովին հասկանում եմ այն բուռն արձագանքը, որը հաջորդեց տիկին Առիթմանի հայտարարություններին: Ինձ ամենևին էլ հետաքրքիր չէ, թե արդյո՞ք Գյուլի մայրն ունի հայկական արմատներ, թե՞ չէ: Գյուլը խիզախորեն արձագանքեց մտավորականների, և մյուսները պետք է հետևեն նրա օրինակին, իսկ քաղաքական կուսակցությունները ողջունեն այն»,- նշել է Լագենդիյքը:
Սակայն Լագենդիյկը քննադատել է նաև նախագահ Գյուլի` Առիթմանին հասցեագրված բողոքը:
«Եթե նա հայտարարեր, որ ինքը մահմեդական և թուրք է և չունի հայկական արմատներ` հավելելով, որ ինչ կլիներ, եթե նույնիսկ նրա մայրը հայ լիներ, այդ ամենը կողջունվեր: Հայ մայր ունենալը ամոթ չէ: Գյուլի փոխարեն` իմ առաջին արձագանքը չէր լինի Առիթմանին դատի տալը: Վախենում եմ, որ Առիթմանի դեմ դատական հայց հարուցելը նշանակում է, որ Գյուլը վիրավորվել է մեղադրանքներից»,- եզրափակել է իր մեկնաբանությունները ԵՄ-Թուրքիա համատեղ խորհրդարանական հանձնաժողովի համանախագահը:


Tert.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs