2009-04-07

Օբաման չի փոխել իր կարծիքը Հայոց Ցեղասպանության իրողության վերաբերյալ

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր Անկարայում պաշտոնական հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ։ Ինչպես հայտնում են թե՛ թուրքական, թե՛ ամերիկյան լրատվամիջոցները, Բարաք Օբաման իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության շուրջ իր դիրքորոշումն անփոփոխ է մնում։

Ինչպես մեջբերում է Օբամայի խոսքերն AP-ը, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նա հավատարիմ է իր՝ 2008թ. հնչեցրած այն համոզմունքին, որ Օսմանյան կայսրության թուրքերը 20-րդ դարի սկզբին հայերի զանգվածային կոտորածներ են իրականացրել։ Սակայն այս անգամ Օբաման նման զգայուն թեմայի շուրջ Թուրքիայում խոսելիս՝ առավել աչալուրջ է գտնվել՝ չկրկնելով «ցեղասպանություն» բառը, հայտնում է AP–ը։

«Դե ինչ, իմ տեսակետը հայտնի է, և ես չեմ փոխել իմ դիրքորոշումը»,- հայտարարել է այսօր ԱՄՆ նախագահը՝ ելույթ ունենալով Աբդուլլա Գյուլի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2008թ. նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բարաք Օբաման իր պաշտոնական կայքում հայտարարություն էր զետեղել առ այն, որ «Հայոց ցեղասպանությունը մեղադրանք չէ, անձնական կարծիք չէ, այլ իրողություն, որի մասին վկայում են բազմաթիվ պատմական փաստեր»։ Օբամայի կայքում գրված էր, որ «Միացյալ Նահանգները արժանի են ունենալ մի առաջնորդ, ով ճիշտն է ասում Հայոց ցեղասպանության մասին։ Ես մտադիր եմ լինել այդ նախագահը»։

Իսկ այսօր Օբաման, չհրաժարվելով իր խոստումից, նույնությամբ չի կրկնել 2008թ. խոսքերը, բայց և չի հրաժարվել դրանցից։ Հավանաբար, նա նրբանկատ է գտնվել այն պատճառով, որ գտնվում էր Թուրքիայի մայրաքաղաքում։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահը գովեստի խոսքեր է հնչեցրել Աբդուլլա Գյուլի՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման գործընթացում ակտիվ մասնակցության առնչությամբ։ Նա նշել է, որ Գյուլի ցանկությունը «լուծել երկար տարիների հարցերը» գովելի է։

Օբաման ասել է, որ նա ցանկանում էր նպաստել այդ բանակցությունների զարգացմանը, այլ ոչ թե հրահրել դրանք՝ հօգուտ մի կողմի։ «Եթե երկու կողմերը կարող են առաջ շարժվել և լուծում գտնել խրթին և ողբերգական պատմության շուրջ, ապա ես կարծում եմ՝ ողջ աշխարհը պետք է նպաստի դրան»,- նշել է Օբաման։
Հայոց ցեղասպանության հարցից զատ՝ երկու երկրների նախագահները քննարկել են մի շարք ռազմավարական կարևորության հարցեր։ Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Աբդուլլա Գյուլը հայտարարել է, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները միասին են աշխատել տարբեր հարցերի շուրջ։

Ինչպես պարզ է դարձել հանդիպումից հետո, թուրքական կողմն առավել շատ ցանկանում է, որպեսզի երկու երկրների համատեղ ջանքերն ուղղվեն «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ պայքարին, Կիպրոսի հակամարտության հարցում լուծում գտնելուն, ինչպես նաև Միացյալ Նահանգների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դեպքում հնարավոր խնդիրների լուծմանը։

Ամերիկյան կողմի համար գլխավոր թեմաներից է եղել Թուրքիայի աջակցությունը Իրաքից զորքերի դուրս բերման հարցում, ինչպես նաև Աֆղանստան-Պակիստան հակամարտությունը, էներգետիկ դիվանագիտությունը, Իրանը և առավել ամուր անդրատլանտյան հարաբերությունները։

Բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներից մեկը նշել է, որ «Թուրքիայի խորհրդարանում ԱՄՆ նախագահը կհաստատի, թե Թուրքիան ինչպիսի առանցքային դաշնակից է իր երկրի համար, ինչպես նաև Եվրոպայի կարևոր մասնիկ»։
Հիշեցնենք, որ Բարաք Օբաման սկսել է իր պաշտոնական այցը Թուրքիա Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան կատարած այցելությունից, որտեղ նա ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք է մատուցել ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հիմնադրին։

«Լինելով Միացյալ Նահանգների 44-րդ նախագահը՝ ես ձգտում եմ բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև»,- նշել է Օբաման՝ հույս հայտնելով, որ համերաշխություն կլինի ամենուրեք։



Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs