Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները կոշտ քննադատության են ենթարկել Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրություների նախաստորագրման փաստը, հայտնում է թուրքական Hurriyet-ը։
Եթե նույնիսկ Թուրքիայի կառավարությունը ստորագրի Արձանագրությունները, ամեն դեպքում դրանք անհնար կլինի ի կատար ածել՝ առանց խորհրդարանի կողմից վավերացման, նշում են ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները։
Թուրքիայի «Հանրապետական ժողովրդական» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ, նախկինում ՆԱՏՕ-ում Թուրքիայի դեսպան Օնուր Օյմենը հայտարարել է, որ Հայաստանը բավականաչափ չի փոխել իր քաղաքականությունը, ոչ էլ ի կատար է ածել անհրաժեշտ նախապայմանները՝ երկու երկրների միջև խաղաղություն հաստատելու համար։ Բացի այդ, Օնուր Օյմենին հետաքրքրում է, թե արդյո՞ք «Հայաստանը պաշտոնապես հաստատում է այն, որ դուրս կգա Լեռնային Ղարաբաղի տարածքներից»։
«Ադրբեջանի խորհրդարանում իր ելույթի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վտահեցրել է, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղյան հակամարտությունը։ Սակայն այժմ դուք նույնիսկ հայտնում եք սահմանի բացման ժամանակացույցի մասին։ Ինչպե՞ս դուք կարող եք համոզել Ադրբեջանին»,- հայտարարել է Օյմենը՝ դիմելով Թուրքիայի իշխանություններին։
Թուրքիան անում է այն ամենը, ինչ թելադրում է ԱՄՆ-ը՝ անգամ եթե դա արվում է երկրի հուսալիության և վստահության հաշվին, կարծում է Օյմենը:
Նա հավելել է, որ «դա սխալ քաղաքականություն է և վնասում է երկրի հուսալիությանը»։ «Հայաստանն ի պատասխան ոչ մի բան չի խոստացել, և այսպիսով այն, ինչ անում է Թուրքիան, լինելու է պարզապես միակողմանի զիջում»,- ընդգծել է ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության փոխնախագահը։
Թուրքիայի մեկ այլ ընդդիմադիր՝ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահի տեղակալ Դենիզ Բյոլյուքբաշին նույնպես կոշտ քննադատության է ենթարկել երկրի կառավարության քաղաքականությունը։
«Այս Արձանագրությունները նման են կարմիր գորգի, որով ողջունում ենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով բազմիցս շեշտել է, որ մտադիր չէ այցելել Թուրքիա, քանի դեռ չի ձեռնարկվել որևիցէ քայլ սահմանը բացելու համար»,- հայտնել է Բյոլյուքբաշին։
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario