2010-02-12

Եթե Արձանագրությունները չվավերացվեն, Ցեղասպանության բանաձևը կընդունվի. Սասունյան

«Ի՞նչ են անելու թուրքերն այժմ, երբ Ցեղասպանության բանաձևը նախատեսված է դնել քվեարկության։ Նրանք ընկել են իրենց իսկ խաբեությունների թակարդը։ Եթե նրանք բանաձևի ընդունումը կանխելու նպատակով շտապեն վավերացնել Արձանագրությունները, ապա կհակադրվեն իրենց ադրբեջանական դաշնակցին և ներքին քաղաքական ապակայունություն կստեղծեն։ Մյուս կողմից, եթե նրանք Արձանագրությունները շուտով չվավերացնեն, ապա այս տարի Ցեղասպանության բանաձևը Կոնգրեսի հավանությանն արժանանալու շատ մեծ հավանականություն կունենա»։

Այս մասին գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը իր «Ախ, ինչ խճճված ցանց ենք հյուսում, մինչ հմտանում ենք խաբելու մեջ» վերնագրով հոդվածում։ Հոդվածի վերնագիրն ընտրված է Վալտեր Սկոտի «Մարմիոն» դյուցազներգական պոեմից, որը ճշգրտորեն նկարագրում է խաբեությունների այն թակարդը, որը, ըստ հոդվածագրի, թուրք ղեկավարները լարել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ձգտման կեղծ տպավորություն ստեղծելու նպատակով։

Ըստ Սասունյանի` Հայաստանի հետ սահմանը բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քողի տակ թուրքական իշխանությունն իրականում նպատակադրվել էր զիջումներ կորզել Հայաստանից Արցախի հարցում, Ցեղասպանության փաստերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել և խոչընդոտել Թուրքիայից տարածքային պահանջատիրությանը, կանխել այլ երկրների, հատկապես Միացյալ Նահանգների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը, և դրական կերպար ստեղծել՝ հեշտացնելով Թուրքիայի մուտքը Եվրամիություն։

Հոդվածագիրը նշում է, որ Վաշինգտոնի համբերության բաժակը լցվել է` Արձանագրությունները քարշ տալու Թուրքիայի անընդհատ արդարացումներից։ «Ի պատասխան` Օբամայի վարչակազմը Ցեղասպանության բանաձևը կարող է որպես մտրակ կիրառել` խթանելու Թուրքիային վավերացնել Արձանագրությունները։ Բացի այդ, Թուրքիան չի կարող առաջվա նման ակնկալել Իսրայելի կամ Ամերիկայի հրեական կազմակերպությունների աջակցությունը` Ցեղասպանության բանաձևը խոչընդոտելու հարցում, վարչապետ Էրդողանի կողմից Իսրայելի ղեկավարների հասցեին վերջին տարվա ընթացքում անդադար հնչած վիրավորանքների պատճառով»։

Ըստ Սասունյանի` հրաժարվելով վավերացնել Արձանագրությունները, Թուրքիան Օբամայի վարչակազմի ձեռքից խլում է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու իր արդարացումը։ «Չնայած Ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական բազմիցս խոստումներին, նախագահ Օբաման 2009թ. ապրիլի 24-ի իր ուղերձում ձեռնպահ մնաց Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելուց։ Նա անխոհեմաբար ընդունեց թուրքական այն կեղծ դիրքորոշումը, որ երրորդ երկրները չպետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, քանի որ Հայաստանն ու Թուրքիան փորձում են կարգավորել իրենց հարաբերությունները»։

«Կալիֆոռնիա կուրիերի» խմբագիրը նշում է նաև, որ նորմալ պայմաններում նախագահի կամ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հավելյալ քայլեր անելու անհրաժեշտություն չէր առաջանա, քանի որ այն արդեն հաստատված իրողություն է։ ,1975 և 1984 թթ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր է ընդունել, իսկ նախագահ Ռեյգանը այն ընդունել է 1981 թվականի նախագահական Հռչակագրում։

Սակայն, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ետ գլորելու Թուրքիայի նենգ ծրագրերը, չափազանց կարևոր է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը վերահաստատի Ցեղասպանության իր ճանաչումը։ Այն նաև համարժեք պատասխան կլինի Թուրքիայի խարդախ մարտավարությանը, որը Հայաստանի հետ սահմանը բացելու կեղծ պատրվակով, արձանագրությունները շահագործում է զիջումներ կորզելու համար»,- գրում է հոդվածագիրը։

Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs