«Արեգ» գիտամշակութային երիտասարդական ասոցիացիան ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր կազմակերպել է կլոր-սեղան–քննարկում «Ցեղասպանությունների միջազգային ճանաչումը` որպես կանխարգելման միջոց» խորագրով։
Ստացված հաղորդագրության մեջ նշվում է, որ 1915թ. Օսմանյան կայսրության իրականացրած հայերի ջարդերը միջազգային հանրության համար ազդակ հանդիսացան` մարդկությանը զերծ պահելու նմանօրինակ հանցագործություններից. ստեղծվեց և պատմական, քաղաքական և իրավական շրջանակներում շրջանառության մեջ մտավ «ցեղասպանություն» տերմինը, և 1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպությունը համոզված լինելով, որ մարդկությանը այդ արհավիրքից ազատելու համար միջազգային համագործակցություն է անհրաժեշտ, ընդունեց Կոնվենցիա «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին»։«Կոնվենցիայի 60-ամյակից քիչ անց, հայացք նետելով ցեղասպանությունների շարքին, համոզվում ենք, որ չպատժված հանցագործությունները կրկնվելու հատկություն ունեն։ Այսպես` հայոց ցեղասպանությունը դարձավ հրեաների ողջակիզման, Ռուանդայի ցեղասպանության և այլ բազմաթիվ նմանատիպ հանցագործությունների նախադեպ, մինչդեռ, դրա միջազգային ճանաչումը, թերևս, վերջ դներ մարդկության դեմ ուղղված այդ սարսափելի հանցագործությանը»,– ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Կլոր սեղանի բանախոսներն էին ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը և ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցչի պաշտոնակատար Արմինե Հալաջյանը, ովքեր անդրադարձան ցեղասպանության միջազգային ճանաչման ՀՀ ջանքերին, ժխտողականության դեմ պայքարին և ցեղասպանության երևույթը կանխարգելելու ՄԱԿ-ի ձեռնարկած միջոցներին։ Մտքերի փոխանակման ընթացքում ներկաները` հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ուսանողներ, իրենց վրդովմունքն արտահայտեցին ներկայումս կատարվող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հանդեպ, իրենց համերաշխությունը` ցեղասպանության զոհ դարցած ազգերի նկատմամբ։ Անտարբերությունն ու կանխարգելելու չկամությունը տեղիք են տալիս նոր հանցագործությունների, ընդհուպ մինչև ցեղասպանությունների։ Երևույթները պետք է կոչել իրենց անուններով և պատժել հանցագործներին։ Մասնակիցները նույնպես նշեցին, որ դրա համար պահանջվում է բոլոր երկրների համագործակցությունը։ Դա է ցեղասպանությունից ձերբազատվելու ելքը։
Tert.am
2009-04-15
Երևանում կազմակերպվել է «Ցեղասպանությունների միջազգային ճանաչումը՝ որպես կանխարգելման միջոց» թեմայով կլոր սեղան
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario