Եվրոպայի և եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, ամփոփելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հանդիպումների արդյունքները Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հետ, անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը։
Խոսելով հայ-թուրքական Արձանագրությունների մասին՝ Ֆիլիպ Գորդոնը վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը տվյալ գործընթացին։
«Սա բարդ գործընթաց է, որն առերեսում է քաղաքական դիմադրություն երկու կողմերում էլ։ Եվ երբ մենք ասում ենք՝ դա պետք է կատարվի խելամիտ ժամկետներում, նկատի ունենք, որ մենք չենք ցանկանում տեսնել միմիայն գործընթացը, այլև դրա ավարտը։ Եվ ինչպես դուք գիտեք, Հայաստանի կառավարությունը երկար ժամանակ պնդել է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը պետք է լինի առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում։ Դա իրենց կարծիքն է, ինչպես և մեր»,- մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք «առանց նախապայմանների» ենթադրում է, որ հայերը որպես նախապայման առաջ չեն քաշում Ցեղասպանության հարցը, Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ առանց նախապայմանների նշանակում է «երկու երկրների կողմից էլ նախապայմանների բացակայություն»։
«Այս գործընթացի հետ կապելու շատ հարցեր կան, սակայն, մեր կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, ըստ էության, շատ արժեքավոր է, և այն չպետք է հետաձգվի կամ կապվի այլ հարցերի հետ։ Այդ գործընթացը պետք է առաջ շարժվի»,- հայտնել է Ֆիլիպ Գորդոնը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը նաև հավելել է, որ Հայաստանը, առանց Թուրքիայի հետ բաց սահմանի, մեկուսացած է։ «Վրաց-ռուսական պատերազմի ժամանակ մենք դրան ականատես եղանք։ Եվ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը կարող է, հիրավի, պատմական զարգացում լինել, որը շահավետ կլինի երկու երկրների ժողովուրդների համար էլ։ Այն կնպաստի նրանց միջև առևտրային հարաբերությունների հաստատմանը ևս։
Հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից ոչ մի կերպ «չի շահում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը», Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ «մենք բազմիցս ասել ենք, և այժմ էլ կրկնում եմ՝ այս երկու հարցերի միջև ոչ մի կապ կամ նախապայման չկա»։
Թերթ.am
2009-09-30
«Կրկնում եմ՝ նախապայման չկա». ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հայ-թուրքական հարաբերությունների մասին
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario