2009-10-01

Բազմաթիվ հարցադրումներ մնացին անպատասխան

Աժ-ում հայ-թուրքական հարաբերությունների եւ արձանագրությունների քննարկումը տեւեց ուղիղ 7 ժամ, որի կեսից ավելին Էդվարդ Նալբանդյանը չէր մասնակցում, մի մասում ընդհանրապես ԱԳՆ-ից ներկայացուցիչ չկար:

Այսինքն, լսումների սկզբում արված հայտարարությունը,թե նախարարը վերջում կպատասխանի հարցադրումներին, ըստ էության չէր համապատասխանում իրականությանը, քանի որ վերջում նախարարը դիվանագիտորեն պատասխանեց միայն մի քանի հարցի: Բանավոր փաստարկները, ելույթներում հնչած մտահոգություններն ըստ էության մնացին անպատասխան. Իսկ հարցերի մի տրցակի էլ Նալբանդյանը չպատասխանեց' պատճառաբանելով, որ ձեռագրերը «ռասշիֆրովկա է» պետք անել: Նալբանդյանը հեռակա կարգով պատասխանեց նաեւ Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե օրինակ' մենք մինչ օրս չենք ճանաչել ասենք Վրաստանի սահմանները: «Բայց դա այդպես չէ»,- ասաց նախարարը' չմանրամասնելով, թե «ինչպես է»: «Դա չի համապատասխանում իրականությանը, չի կարելի այդպես, պետք է ավելի ուշադիր լինել»,- զգուշացրեց գործող ԱԳ նախարարը նախկին նախարարին:




Պատասխանելով հարցին, թե ով է նախաձեռնել հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման գործընթացը եւ ով է արձանագրությունների հեղինակը, Նալբանդյանը պատասխանեց, որ հայկական կողմը: Եվ զարմացավ, թե ինչ թերահավատություն կա մեր ուժերի նկատմամբ:
Նախարարը կրկին ու կրկին հայտարարեց, որ փաստաթղթում չկա որեւէ ակնարկ Ղարաբաղի կամ ցեղասպանության մասին եւ այդպիսի վտանգ չկա:

Ի դեպ, նախարարի պարզաբանումների պատճառով, որոնցում ոչ մի նոր միտք չհնչեց, ելույթ ունենալու իրավունքից զրկվեցին մի քանի տասնյակ մարդիկ, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ֆիզիկոս Սիմոն Կամսարականը եւ այլն:

Վերջինիս նյարդերն, ի դեպ, տեղի էին տալիս եւ մի քանի անգամ ստիպված առանց միկրոֆոնի հենց տեղից պատասխանեց նախարարին, իսկ նիստը վարողի դիտողություններին, թե չի կարելի պատասխանեց. «2 անգամ 2-ը հավասար է 4-ի, եւ թող մեզ չհամոզեն, որ հավասար է 6-ի»:

Այնուհետեւ լրագրողների հետ զրույցում Կամսարականը հայտարարեց. «Ինչպես անվանել եթե ոչ հանցագործություն, նախարարի գործողությունները, որ չարաշահում է պաշտոնական լիազորությունները եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ իսկական պայմանագիրն անվանում է ընդամենը արձանագրություն»: Կամսարականը հանցագործություն է համարում եւ այն փաստը, որ Նալբանդյանը հայտարարում է, թե այդ փաստաթղթերում չի խոսվում Կարսի պայմանագրի եւ Հայոց ցեղասպանության մասին: «Այն, որ ուղղակիորեն այդ մասին գրված չէ, չի նշանակում, որ չկա: Փաստաթղթերի դրույթները հստակ ապացուցում են այն, ինչ ասված էր Կարսի պայմանագրով»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանը անկախություն ստանալուց հետո չի վավերացրել այդ պայմանագիրը:

Նրա խոսքերով, սուտ է նաեւ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների վերաձեւման հարց չկա, քանի որ սահմանները գծվել են ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ, իսկ Հայաստանը Հայկական ԽՍՀ իրավահաջորդն է: Կամսարականը հիշեցրեց, որ 1991թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության մասին հռչակագրում դա չկա, իսկ Կարսի պայմանագիրը դադարել է գործել 1922թ. դեկտեմբերի 30-ից՝ ԽՍՀՄ ստեղծման մասին պայմանագրի ստորագրումից հետո:

Աղբյուրը. Ա1+

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs