«Հայաստանի անվտանգությունը կազինո չի, որ այսօր տանուլ տաս, վաղը փողդ հետ բերես»,-այսօր ԱԺ կազմակերպած ՙՆախաստորագրված արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը՚ թեմայով լսումների ժամանակ հայտարարեց տնտեսագետ, քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Թեւանյանը:
Դիմելով դահլիճում ներկա ՀՀԿ-ականներին, նա հարցրեց. «Ձեզ ինչ է եղել, էս ինչ օրն եք ընկել, էս ինչ քիրվայության քարոզ եք անում»,-ապա տեղեկացրեց, որ Հայաստանը պարտվելու է եւ այդ պարտության համար քաղաքական պատասխանատվությունը կրելու է Հանրապետականը:
ՀՀԿ-ականները բավականին վրդովվեցին, անգամ վիրավորական խոսքեր նետեցին դահլիճից, պատգամավոր Վազգեն Կարախանյանն անգամ ոտքի կանգնեց, դուրս եկավ նստած տեղից, ասես «հաշիվ պարզելու», սակայն կրքերը մի փոքր հանդարտվեցին, երբ Թեւանյանի ելույթը դահլիճն ընդունեց բուռն ծափահարություններով:
Ընդհանրապես, այսօրվա քննարկումն առանձնանում է շատ հետաքրքրիր միտումով: Առայժմ ելույթ ունեցած բոլոր պատվիրակները, որոնք կապ չունեն իշխանական կոալիցիայի հետ փաստարկված ներկայացնում են մտահոգությունները եւ խիստ քննադատում նախաստորագրված արձանագրությունները:
Նախկին հանրապետական Տիգրան Թորոսյանը հայտարարեց, որ այս պահին Թուրքիայի առաջ քաշած բոլոր նախապայմանները ընթացքի մեջ են այս երկու արձանագրություններով եւ Մադրիդյան սկզբունքներով. Էլ ի՞նչ նախապայման պետք է Թուրքիան առաջ քաշեր, եթե հնարավոր բոլոր զիջումները նախապայմաններն արդեն կատարվում են: Ապա «Ա1+»-ին Տիգրան Թորոսյանը ասաց ֆուտբոլային լեզվով. «Այս պահին հաշիվը 3-0 է հօգուտ Թուրքիայի, եւ խաղը մի դարպասի վրա է, ցավոք այդ դարպասն էլ դարպասապահ չունի»:
ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանն էլ նկատելով, որ ՀՀ անկախության 3-րդ իշխանությունն աչքի է ընկնում ոչ միայն մերկ, կոշտ բացահայտ պրագմատիզմով, այլեւ ցինիզմով' գումարած անգրագետ դիլետանտիզմը բոլոր հարցերում , բայց այս անգամ քիթը վեր ցցած, որովհետեւ մի քանի անգլերեն ֆրազ են սովորել:
Նա հիշեցրեց հանրապետության վարչապետի բազմիցս արած հայտարարությունները, որ կառավարման համակարգում ահավոր անգրագիտություն է տիրում, ապա Սամվել Նիկոյանի ղեկավարած «Մարտի 1-ի» հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ խոսվում էր դատական եւ իրավապահ համակարգերի դիլետանտիզմի մասին. «Ինչո՞ւ եք կարծում, որ դիվանագիտական ասպարեզում այդ դիլետանտիզմը չկա, ես դրա ապացույցն ունեմ: Ինչո՞ւ մեզ հասցրին այս արձանագրություններին. Արդյո՞ք սպառված էին բոլոր ճանապարհները հասնելու միակ «ոգեշնչող երեւույթին»' ճանապարհի բացմանը»:
Կանադայում Հայաստանի նախկին դեսպան Արա Պապյանի ելույթը բավականին կոշտ էր եւ քննադատական եւ կրկին ընդունվեց բուռն ծափահարություններով;
«Մենք բոլորս կողմնորոշված ենք, եթե ելույթ ենք ունենում ժողովրդի համար, գնանք փողոց ելույթ ունենանք»,-առաջարկեց Գալուստ Սահակյանը: Նա էլ նկատեց, որ իրենք ունեն բավականին մտահոգություններ. «Դուք ունեք մտահոգություններ, մենք ունենք սարսափելի մտահոգություններ, բայց ունենք վճռականություն»,-ասաց Սահակյանը եւ արեց մի սենսացիոն հայտարարություն/ «Մենք բարիդրացիական հարաբերություններ չենք հաստատում Թուրքիայի հետ, դա հնարավոր չէ, մենք ուղղակի դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատում»:
Հանրապետական Վարդան Այվազյանն էլ հայտարարեց, թե հասկանում են, որ գործ ունեն տնտեսական մոնստրի հետ, եւ կանգնելու են լուրջ խնդիրների առաջ, բայց «կամ պետք է նստենք տեղներս մնանք, կամ փորձենք առաջ գնա, զարգանալ»: Նա նախընտրում է երկրորդը:
Ի դեպ, զարգացման առումով Անդրանիկ Թեւանյանը նկատեց, որ Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա, խախտվի Ադրբեջանի հետ հավասարակշռությունը եւ արդյունքում Հայաստանը հաղթի սառը պատերազմում Ադրբեջանին. «Դա բացառվում է»,-ասաց Թեւանյանը: Քննարկումները շարունակվում են:
Նկատենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում նկատեց, թե բավականին ուշ է նախաձեռնվել Սերժ Սարգսյանի հանդիպումը սփյուռքի հետ:
Աղբյուրը. Ա1+
2009-10-01
«ՀՀ անվտանգությունը կազինո չի»
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario