Երևանի ժամանակով 16:00-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ելույթ է ունեցել երկրի խորհրդարանում` ներկայացնելով հայ-թուրքական Արձանագրությունները և Թուրքիայի ԱԳՆ աշխատանքների ընթացքը:
Թուրքիայի ԱԳ ղեկավարը հատուկ ընդգծել է, որ վերջին 17 տարվա ընթացքում սա առաջին լուրջ գործողությունն էր Հայաստանի հետ հարաբերություններում:
Նա նշել է, որ Արձանագրությունների ստորգրումը շատ կարևոր քայլ էր Հայաստանի հետ խաղաղության հաստատման, ինչպես նաև ողջ հարավկովկասյան տարածաշրջանի համար: Դավուտօղլուի խոսքով՝ Հարավային Կովկասում շատ են հակամարտությունները, և անցյալ տարվա Հարավային Օսիայի պատերազմը ցույց տվեց, որ նման կերպ շարունակել չի կարելի:
Թուրքիան խաղաղություն է ցանկանում տարածաշրջանում, - ասել է ԱԳ ղեկավարը:
Ելույթից հետո Դավութօղլուին բազմաթիվ հարցեր ուղղեցին, եղան նաև դժգոհ պատգամավորներ, ովքեր բողոքեցին հայ-թուրքական Արձանագրությունների դեմ:
Մասնավորապես, դժգոհ էր Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Շուքրու Էլեքդաղը, ով կրկնեց իր կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալի այն թեզը, որ Թուրքիան կորցնում է Ադրբեջանը:
Քրդամետ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սելահեթին Դեմիրթաշը, իր հերթին, հայտարարել է, որ իր կուսակցությունը կողմ է հայ–թուրքական հարաբերություններին։ Միևնույն ժամանակ նա հայկական հարցին վերաբերող մի շարք սուր հարցեր է բարձրացրել։
Պատգամավորը հայտարարել է, որ Թուրքիայի պատմության մեջ եղել են ժամանակներ, երբ «հայկական» բառը օգտագործվել է որպես անեծք։ «Մենք պետք է հիշենք դա», – հայտարարել է Դեմիրտաշը՝ ավելացնելով, որ մինչ այժմ Թուրքիայի կառավարությունն անվտանգության համապատասխան միջոցներ չի կիրառում, ինչպես դա երևաց Հրանտ Դինքի սպանության դեպքում։
Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Թուրքիայից, խորհրդարանի ամբիոնից Դեմիրտաշը ևս մեկ ուշագրավ հայտարարություն է արել։ «Հայերի ջարդերը իրենց արտացոլումը չեն գտել մեր պատմության գրքերում», – հայտարարել է պատգամավորը՝ հավելելով, որ Թուրքիայում պատմության դասագրքերը պետք է ձերբազատվեն խտրականության դրսևորումներից։ Նա հայտարարել է, որ թուրքական հասարակությունը կապրի եղբայրության մթնոլորտում այն ժամանակ, երբ պատմության կարտացոլվի «խաղաղության համընդհանուր լեզուն»։
Թերթ.am
0 comentarios:
Publicar un comentario