2009-10-24

«Դուք տեսաք` ինչ կատարվեց Թուրքիայի և Հայաստանի միջև...». Ջո Բայդենը տարածաշրջանի խնդիրների մասին

Հարավային Կովկասի ժողովուրդները սկսում են հասկանալ, որ իրենց սեփական շահը առավել ընդարձակ համագործակցության մեջ է, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Պրահայում` «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Միացյալ Նահանգները գնահատում իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ վերջին զարգացումները մի կողմից բազմաթիվ հնարավորություններ, մյուս կողմից` ռիսկեր են պարունակում, Ջո Բայդենն ասել է. «Մեծ ազգերն ու մեծ դաշինքները օգտվում են փոփոխությունների ընձեռած առավելություններից և դրանք դարձնում են հնարավորություններ: Ես ողջունում եմ պետքարտուղար Քլինթոնի ջանքերը. դուք տեսաք` ինչ կատարվեց Թուրքիայի և Հայաստանի միջև, դուք տեսնում եք` ինչ է կատարվում այժմ մյուս` երկարատև և լուծում չստացած տարաձայնություններում»:
Կարծիք հայտնելով, թե տարածաշրջանի երկրները սկսել են հասկանալ, որ ընդարձակ համագործակցությունը բխում է իրենց սեփական շահերից, Բայդենն ասել է. «Այդ համագործակցությանը ոչ թե սերն է դրդում, այլ անհրաժեշտությունն ու կարիքը»:

«Շատ բարդ ժամանակաշրջան է սպասվում, որը վտանգներ է պարունակում, սակայն, ես կպնդեի, որ հնարավորություններն ավելի են, քան վտանգները: Ես առավել դրական, քան բացասական զարգացումներ եմ տեսնում, սակայն այս ամենը հմտություններ եւ ավելի շատ հաջողություն է պահանջում: Այնպես որ, մենք աշխատում ենք մեր բարեկամների հետ Թուրքիայում, Եվրոպայում, Կենտրոնական Եվրոպայի և Կովկասի երկրներում, որոնք իրական փոփոխությունների առջև են կանգնած»,- ասել է ԱՄՆ-ի փոխնախագահը:

«Եկեք խնդրին այլ տեսանկյունից նայենք. տասը տարի անց այդ տարածաշրջանը իսկական չափորոշիչ է լինելու, քննություն, որով մեր սերունդները որոշելու են` արդյոք մենք հաջողել ենք 21-րդ դարում իրական փոփոխությունների հասնել աշխարհում», - կարծիք է հայտնել ԱՄՆ-ի փոխնախագահն ու ընդգծել։ «Կարծում եմ` բոլորն էլ հասկանում են, թե ինչի կհանգեցնի առաջընթացի բացակայությունը Հարավային Կովկասում, և, քանի որ շատերն են աշխատում այդ ուղղությամբ, ես ավելի շատ լավատես եմ, քան հոռետես», – Բայդենի խոսքերն է մեջբերում «Ազատություն» ռադիոկայանը:

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs