Դոլարը համաշխարհային ֆինանսական գահից տապալելու գաղափարի ջատագովների բանակը լուրջ համալրում է ստացել. նրանց միացել է դոլարի ամենաջերմեռանդ պաշտպաններից մեկը:
Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելլիկը հրապարակավ խոստովանել է, որ հաջորդ տասնամյակում յուանը լիարժեք այլընտրանք է դառնալու ամերիկյան արժույթին:
Ելույթ ունենալով Սինգապուրի համաժողովում՝ Ռոբերտ Զելլիկն ամերիկյան իշխանություններին կոչ է արել չգերագնահատել դոլարի դերը: Զելլիկի կարծիքով՝ առողջ դրամավարկային քաղաքականության բացակայությունը և բյուջեի հսկայական դեֆիցիտն ԱՄՆ-ին կարող են լուրջ խնդիրների առջև կանգնեցնել:
Մինչ ամերիկյան իշխանություններն զբաղված են իրենց սեփական ֆինանսական համակարգը կարգի բերելով՝ չինական յուանը քայլ առ քայլ մոտենում է համաշխարհային տնտեսական պատվանդանին:
Այժմ Չինաստանը զգուշությամբ յուանը վերածում է փոխարկելի արժույթի, սակայն երկրի տնտեսության արագ տեմպերով վերափոխումը, այդ թվում՝ կապիտալի տեղական շուկաների զարգացումը, կհանգեցնի նրան, որ Չինաստանի ազգային արժույթը շուտով իր հզորությամբ կհավասարվի դոլարին:
«Սպասեք 10-15 տարի և կտեսնեք, թե ինչպես է յուանը միջազգային արժույթի վերածվում»,- հայտարարել է Ռոբերտ Զելլիկը՝ նշելով, սակայն, որ այսօր կենտրոնական բանկերն իրենց արտարժութային պահուստներում դոլարը որևէ այլ արժույթով փոխարինելու շատ փոքր հնարավորություն ունեն:
Չինական արժույթի ամրապնդմանն ակամայից նպաստում է Ճապոնիան. աշխարհի երկրորդ տնտեսությունը չի փորձում համաշխարհային կարգավիճակ տալ յենին, ինչը դոլարի և յուանի շահերից է բխում:
Մյուս կողմից՝ դոլարի և յուանի պոտենցիալ մրցակից է եվրոն:
«Կապիտալ» օրաթերթ
0 comentarios:
Publicar un comentario