Թուրքական Referans թերթը, անդրադառնալով պաշտոնական Անկարայի՝ հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի կայացրած որոշման առնչությամբ իր մտահոգությունները հայտնելու և երաշխիքներ ստանալու համար Շվեյցարիա դիվանագետ գործուղելու որոշմանը, գրում է, որ այս ուրբաթ Բեռն մեկնող Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուին հնարավոր է՝ ձերբակալեն Շվեյցարիայում։Իր այս տեսակետը թուրքական պարբերականը հիմնավորում է Շվեյցարիայում գործող Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրենքով և Սինիրլիօղլուի՝ Բեռն կատարելիք այցի վերաբերյալ ներկայացնում է իր սցենարը.
«Մի պահ պատկերացնենք՝ Սինիրլիօղլուն հասել է Շվեյցարիա, և նրան դիմավորում են լրագրողները։ Երբ նրան հարցնեն այցելության նպատակի մասին, հավանաբար Սինիրլիօղլուն կտա հետևյալ պատասխանը. «Ինչպես գիտեք, Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես եկել Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների ստորագրման հարցում։ Սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ արգելակվեց այդ գործընթացը։ Մենք Շվեյցարիա ենք ժամանել գործընթացի շարունակման համար երաշխիքներ ստանալու նպատակով»։ Մի լրագրող էլ եթե հարցնի. «Իսկ ինչպիսի՞ երաշխիքներ եք ուզում», թուրք դիվանագետը կպատասխանի. «ՍԴ որոշումն իրավական խոչընդոտ է ստեղծում հարաբերությունների կարգավորումից հետո ձևավորվելիք պատմաբանների հանձնաժողովի կողմից Ցեղասպանության հարցի քննարկման համար։ Ըստ մեզ՝ Ցեղասպանություն չի եղել, սակայն պատրաստ ենք քննարկել հակառակ կողմի տեսակետը։ Սակայն եթե հայկական կողմը հայտարարի, թե դրա հետ կապված քննարկումներին դեմ է, այդ ժամանակ անիմաստ կդառնա հանձնաժողովի ձևավորման նպատակը, կխցանվի նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դա կանխելու նպատակով Շվեյցարիայից իրավական գրավոր երաշխիք ենք ուզում՝ Ցեղասպանության պնդումները հանձնաժողովում առանց կանխակարծության քննարկելու առնչությամբ»»։
Referans-ը գրում է, որ նման արտահայտություններից հետո մեծ է հավանականությունը, որ Սինիրլիօղլուի դեմ շվեյցարական արդարադատությունը կսկսի հետաքննություն Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու մեղադրանքով։
«Իսկ եթե Սինիրլիօղլուի այդ հայտարարություններն ուղիղ եթերով լսի մի դատախազ, նրա դեմ, Շվեյցարիայի օրենքների համաձայն, հետաքննություն կսկսվի ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով։ Սակայն քիչ հավանական է, որ Սինիրլիօղլուն նման հայտարարություններ անի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Բայց այս սցենարն այնքան էլ իրականությունից հեռու չէ։ Հարկ է հիշել միայն ցեղասպանության ժխտման համար Շվեյցարիայում դատապարտված երեք թուրք քաղաքացիներին»,- նշում է թուրքական պարբերականը։
Թերթ.am
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario