2009-02-26

Օնլայն ցուցադրություն՝ Ցեղասպանության թանգարանի պաշտոնական կայքէջում

1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստան» խորագրով, որում հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանը, պատմում է բռնագաղթի ճանապարհի իր սարսափները։ Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։
Կորցնելով ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջև, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք և քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում. նրա պատմությունը արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանությունների մասին վկայություններ են։

«Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեն առաջարկեց գրքի սյուժեի հիման վրա ստեղծել մի կինոնկար, որի ամբողջ հասույթը (այն հետագայում կազմեց 30մլն. ամերիկյան դոլար) պետք է տրամադրվեր Մերձավոր արևելքի որբանոցներում գտնվող շուրջ 60 հազար հայ որբերի կենսաապահովմանը։ 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը (շուրջ 10 հազար անձանց, այդ թվում և հայ բռնագաղթվածների 200 երեխաների մասնակցությամբ), որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր և ընդհանրապես` ցեղասպանության թեմային անդրադարձող առաջին ֆիլմն էր աշխարհում։

«Հոգիների աճուրդ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919թ. փետրվարի 16-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում, Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի և Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ։

Ընդհանուր առմամբ ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ 23 նահանգների մեծ քաղաքներում, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, այդ թվում` Մեքսիկայում, Կուբայում և ամենուր բացառիկ հաջողություններ է ունեցել` արժանանալով «դարակազմիկ կինոնկար» գնահատականին։

«Հոգիների աճուրդ» ֆիլմը Մեծ Բրիտանիա է բերվել 1919թ. դեկտեմբերին և ենթարկվել է պետական գրաքննությանը։ Երկար բանակցություններից հետո Սկոտլանդ Յարդի համաձայնությամբ ֆիլմը ցուցադրվել է 1920թ. հունվարի 20-ին թագավորական Ալբերտ Հոլլում։ Որոշ ժամանակ անց ֆիլմի ցուցադրումը մեկընդմիշտ դադարեցվում և հանվում է ցուցադրությունից։ 1920-ական թթ. սկզբին ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական գրադարաններից գրաքննության ենթարկվեց և հանվեց նաև «Հոշոտված Հայաստան» գիրքը։

Ավելի քան ութսուն տարի կինոյի պատմաբանները փնտրում են «Հոգիների աճուրդ» ֆիլմի 9 ժապավենները (մասերը), սակայն որևէ հետք առայժմ չի հաջողվել գտնվել։ Կա վարկած, որ նիտրատի հիմքի վրա պատրաստված այդ հազվագյուտ ժապավենները ջրի տակ են անցել դեպի Բաթումի նավահանգիստ շարժվող խորտակված նավի հետ միասին, կամ դրանք գողացվել ու ոչնչացվել են Բաթում քաղաքում։ Ֆիլմի ամբողջական տարբերակը` 85 րոպե տևողությամբ, ցավոք, ցայսօր չի պահպանվել, և միայն 1994թ. արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանի ջանքերով հայտնաբերվել է ժապավենի 20-րոպեանոց մի հատվածը միայն, որի պատճեն պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում։ Ֆիլմն ունեցել է նաև անգլերեն, հետագայում` ֆրանսերեն ու հայերեն ենթագրեր բոլոր տեսարանների համար, որոնց ցանկը բնագրով պահպանվում է Շարժանկարների արվեստի և գիտության ակադեմիայի Մարգրեթ Հերիքի գրադարանի Սելիջի հավաքածուում և լույս է տեսել 1997թ. Scarecrow Press-ի կողմից հրատարակված Էնթոնի Սլայդի «Հոշոտված Հայաստանը և Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքում։
«Հոշոտված Հայաստան» ֆիլմի 90-ամյակի առթիվ ՀՑԹԻ թողարկել է հոբելյանական բացիկ և կազմակերպել է օնլայն ցուցադրություն` թանգարանի պաշտոնական կայքէջում՝ www.genocide-museum.am.



Աղբյուրը` Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs