4-րդ անգամ` ամենամեծ հույսերով, բայց ամենավատ արդյունքներով: Հանրայինի ստուդիայից սփյուռքի հայությանն ուղղված կոչերը` “փոխել պատմության ընթացքը”, իրականացան, բայց հակառակ նշանով: Անդրեի ու Հայկոյի հաստատած 8-ը Սիրուշոն կարողացավ կիսել` հասցնելով 4-ի, իսկ թերևս ամենամեծ վստահություն վայելող Արշակյան քույրերը հազիվ կարողացան մնալ տասնյակում:
2009-ի հայկական Եվրատեսիլն առաջին անգամ հնարավորություն տվեց շուրջ 20 երգիչ-երգչուհիների հավակնել մեր երկիրը ներկայացնելու պատվին, սակայն բոլոր շշուկներն ու ոլորտի որոշակի հոտառություն ունեցողները փաստում էին, որ հերթը Արշակյան քույրերինն է, երգչուհիներ, ովքեր հայտնի են իրենց լավ ձայնային տվյալներով ու կատարողական վարպետությամբ: Նախընտրական փուլի ավարտին կասկածները հաստատվեցին, բայց նաև նոր քննարկումների հիմք դրեցին, որոնք ահազանգում էին ներուժի ոչ ճիշտ օգտագործման մասին:
Ամեն տարի մեզանում Եվրատեսիլի համար երգ ընտրելիս` միակ նախապայմանը Եվրոպային առավելագույն կերպով գրավելն է սահմանվում: Եվ ամեն անգամ այս հարցում հեղինակություն ունեցող մարդկանց կարծիքն էլ հիմք են դառնում երգի ընտրության համար: Ինգա և Անուշ Արշակյանների տարիների փորձի ու ժողովրդականության մեջ նոր կետ ամրագրեց իրենց պրոդյուսերական գործը ստանձնած Շարմ ընկերությունը. փոփ-ֆոլք սահմանեցին իրենց առաջադրած երգի ժանրն ու սկսեցին զբաղվել մրցույթի համար անհրաժեշտ այլ պատրաստություններով: Բեմն ու մասնակիցների կերպարները կերտելու պատասխանատվությունը նորից արտահանվեց Ռուսաստան` այս անգամ գուցե կապելով հյուրընկալող երկրի փորձի հետ: Տեսահոլովակ, ընդամենը մի քանի պրոմո տուրեր, երկար փնտրված կերպարներ, լայնածավալ ինտերնետային PR. երգից անկախ` մարդիկ սկսեցին մի պահ իսկապես հավատալ հաջողության հեռանկարին: Կովկասյան մոգական քրմուհիները, սակայն, ի վիճակի չեղան գերել Եվրոպային:
Եվրատեսիլի հայկական ամենավատ արդյունքի պատճառներն այլևս կկապվեն մրցույթի փոփոխված կանոնների հետ. առաջին անգամ համաեվրոպական երգի ընտրության գործում իր որոշիչ դերն ուներ ժյուրին: Բայց ի՞նչը կարող էր ավելի մեծ դեր ունենալ, քան երգը, որպեսզի միակ 12 բարձրագույն միավորը մեզ շնորհեր Չեխիան, որ հայաշատ Ֆրանսիան բավարարվեր ընդամենը 6 միավորով, իսկ Ռուսաստանից սպասվող 12-ը կրճատվեր 7-ով:
Փոխարենը մեր հարևաններն այս տարի առանձնացան իրենց դիրքերով. թուրքական պորտապարն ու երգի շուրջ ծավալված սկանդալային պատմությունները Հադիսեին հաստատեցին 4-րդ պատվավոր հորիզոնականում, իսկ Իրանում ծնված և իր ադրբեջանական արմատներով հպարտացող Առաշն ու ադրբեջանցի գործընկերուհին իրենց թեթև երգով սահուն ամրագրեցին իրենց տեղը եռյակում: Եվրոպայի այս տարվա երկրորդ երգը ճանաչվեց Իսլանդիայից ուղարկված լիրիկական կատարումը, դե իսկ լավագույնն այս տարի նորվեգական “Հեքիաթ”-ն էր հեքիաթային կորսված, բայց դեռ հուսառատ սիրո պատմությամբ, հեքիաթ, որն առայժմ կմնա որպես հայկական երազանք:
P.S. Հայաստանից առավելագույն բալեր ուղարկվեցին, իհարկե, եղբայրական Ռուսաստանին և բարեբախտաբար ընդամենը 1 միավորի տարբերությամբ Արշակյան քույրերն առաջ անցան Անաստասիա Պրիխոդկոյից և չլքեցին տասնյակը: Ի դեպ, Հայաստանը նաև մեկ միավոր շնորհեց Ադրբեջանին և 4 միավոր Թուրքիային: Վերջին քաղաքական զարգացումների համատեքստում սա խոսուն փաստ է:
Tert.am
0 comentarios:
Publicar un comentario