Թուրքերի համար իրենց առաջին թշնամին Միացյալ Նահանգներն է, իսկ երկրորդը` Հայաստանը։ Այս մասին են վկայում Անկարայի համալսարանի Եվրոպական համայնքների հետազոտման կենտրոնի իրականացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքները։
Հարցման մասնակիցների 37,5%-ը որպես թշնամի երկիր է դիտում Միացյալ Նահանգները, 10,9%-ը` Հայաստանը, 10,6%-ը` Իսրայելը, 6,1%-ը` Հունաստանը, իսկ 5,1%-ը` Ֆրանսիան։
Հարցվածների 29,9%-ի կարծիքով, Թուրքիայի բարեկամ երկիրն Ադրբեջանն է, 15,7%-ի կարծիքով` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։
Հարցին, թե «Թուրքիայի Ազգային մեծ ժողովը պե՞տք է արդյոք վավերացնի հայ-թուրքական Արձանագրությունները», մասնակիցների 69,7%-ը պատասխանել է` «այո»։ Սակայն «այո»-ին հաջորդել են հետևյալ պարզաբանումները. հարցվածների 35%-ի կարծիքով, հայ-թուրքական Արձանագրությունները պետք է վավերացվեն հայերի` «ադրբեջանական տարածքներից դուրս գալուց հետո», 28,6%-ի կարծիքով` Արձանագրությունները պետք է վավերացվեն այն ժամանակ, երբ «հայերը կհրաժարվեն Հայոց ցեղասպանության պնդումներից»։ Եվ միայն 6,1%-ն է կարծում, որ արձանագրությունները «պետք է անհապաղ վավերացվեն` առանց որևէ նախապայմանի»։
Այս հարցումն անցկացվել է 2009թ. հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի ինը նահանգներում, այդ թվում` Անկարայում և Ստամբուլում։ Հարցումը, որին մասնակցել է 1032 մարդ, անցկացվել է ուսյալ խավի` ուսանողների, հասարակական գործիչների, մտավորականների և այլոց շրջանում։
Թերթ.am
0 comentarios:
Publicar un comentario