2010-01-19

Hurriyet. Հայաստանը խախտեց խաղի կանոնները

«Հայաստանի Սահմանադրական դատարանն անցած շաբաթ վավերացրեց արձանագրությունները։ Սակայն երեկ երեկոյան հրապարակված ութ էջանոց որոշումը սառը ցնցուղի ազդեցություն ունեցավ։ Որովհետև, համաձայն ՍԴ-ի որոշմանը, արձանագրությունների դրույթները կարող են կյանքի կոչվել միայն երկու պայմանի իրականացման դեպքում։ Վճռի համաձայն` արձանագրությունները շրջանառության մեջ կդրվեն «դիվանագիտական հարաբերությունների հաստատման» և «ընդհանուր սահմանի բացման» դեպքում»։ Այս մասին «Հայաստանը խախտեց խաղի կանոնները» վերտառությամբ հոդվածում գրում է թուրքական Hurriyet օրաթերթը` մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարության` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի կայացրած որոշման առնչությամբ տարածած հաղորդագրությունը։

«Սակայն ՍԴ-ի ամենակարևոր մեկնաբանությունը թերևս դա չէ։ ՍԴ-ն հայտարարել է, որ արձանագրություններով նախատեսված պատմական հարցերի ուսումնասիրման համար ստեղծվելիք հանձնաժողովը բացարձակապես չի քննարկելու 1915թ. իրադարձությունները։ Հայաստանի ՍԴ-ի մեկնաբանությամբ, այդ հանձնաժողովը ստեղծվելու է «ցեղասպանության» հարցի միջազգայնացման նպատակով»,- նշում է Hurriyet-ը։

Թուրքական օրաթերթն ընդգծում է, որ այդ մեկնաբանությունը Թուրքիայի տեսանկյունից վճռորոշ նշանակություն ունի, քանի որ հենց Թուրքիան էր առաջարկել 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման համար ստեղծել պատմաբանների հանձնաժողով։ «Սակայն Հայաստանն ընդդիմանում էր այդ առաջարկությանը։ Եվ որոշվեց պատմական հարցերի ուսումնասիրության համար ստեղծել միջազգային հանձնաժողով»։

Ըստ Hurriyet-ի, մյուս կարևոր կետը ՍԴ-ի որոշման մեջ արձանագրություններում ամրագրված «փոխադարձ սահմանների ճանաչման» դրույթն է։

«Թուրքիան այդ դրույթը մեկնաբանում էր որպես Հայաստանի կողմից 1921թ. Կարսի պայմանագրի ընդունում։ Սակայն ՀՀ ՍԴ-ն որոշում է կայացրել առ այն, որ այդ կետը կարող է գործել միայն Հայաստանի Հանրապետության անկախացումից, այսինքն` 1991-ից հետո ձեռք բերված համաձայնագրերի դեպքում»։

Թուրքական պարբերականը հետևություն է անում, թե Հայաստանի ՍԴ-ի որոշումը կարող է էլ ավելի բարդացնել գործընթացը։ «Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է խաղի կեսից փոխել կանոնները։ Դժվար թե Թուրքիան ընդունի իր համար մեծ կարևորություն ունեցող պատմական հանձնաժողովի և սահմանների հետ կապված մեկնաբանությունները»,- եզրափակում է Hurriyet-ը` հավելելով, որ կարևոր է լինելու նաև այն, թե ինչպես կարձագանքեն ստեղծված իրավիճակին գործընթացին ներգրավված երկրները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և որպես միջնորդ հանդես եկող Շվեյցարիան։


Tert.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs