2010-03-10

Թուրքիան չպետք է պատրվակ դարձնի թիվ 252 բանաձևը. Los Angeles Times

Los Angeles Times պարբերականը, անդրադառնալով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձևին և դրա առնչությամբ Թուրքիայի բարձրացրած աղմուկին, գրում է, որ Թուրքիան չպետք է պատրվակ դարձնի այդ բանաձևի ընդունումը` Հայաստանի հետ հաշտեցման գործընթացն անդունդ գլորելու համար:

«Օսմանյան կայսրության անկման ժամանակաշրջանում մոտ 1.5 միլիոն հայ կոտորվեց: 1915-18թթ. թուրքերի կողմից հայերի դեմ իրականացվածը ցեղասպանություն էր, և պետք է հենց այդ եզրույթով հիշատակել…Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի և մյուս անդամների կողմից բանաձևի ընդունումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարցի առնչությամբ Միացյալ Նահանգների կողմից բարոյական մոտեցում պահանջող ընտրողներին տրված խոստումների իրականացում»,- գրում է ամերիկյան պարբերականը` նշելով, որ ներկա պահին Բարաք Օբաման հարցի առնչությամբ փորձում է շարունակել Քլինթոնի և Բուշի ճանապարհը. «Այժմ Կոնգրեսն ու նախագահ Բարաք Օբաման հայտնվել են մի վիճակում, երբ պետք է որոշում կայացնեն` ինչպես կանդրադառնա նման խորհրդանշական քայլը ամերիկյան ռազմավարական շահերին: Ներկա պահին երևում է, որ Օբաման գնալու է Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշի ճանապարհով և «ոչ» է ասելու»:

Los Angeles Times-ը գրում է նաև, որ Միացյալ Նահանգների համար կարևոր է պաշտպանել հայկական կոտորածների հետ կապված պատմական իրողությունը: Սակայն, ըստ պարբերականի, ավելի կարևոր է, որ թուրքերն իրենք հաշվի նստեն սեփական պատմության մութ էջերի հետ:

«Սակայն Թուրքիան դա անելու փոխարեն թիվ 252 բանաձևի ընդունումից հետո խորհրդակցությունների համար կանչեց Վաշինգտոնում իր դեսպանին: Հայատարարելով, թե որոշումը վնասում է իր արժանապատվությանը` սպառնաց, որ դա բացասական ազդեցություն է ունենալու նաև արձանագրային գործընթացի վրա»,- գրում է պարբերականը:

«Մենք հասկանում ենք, որ ամերիկյան բոլոր վարչակազմերը միշտ կարևորել են Թուրքիայի հետ կենսական նշանակություն ունեցող ռազմավարական դաշինքի անհրաժեշտությունը: Անցած տարի Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների ստորագրման հարցում կարևոր դերակատարություն ունեցած պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ համաձայնագրով նախատեսվում է մի հանձնաժողովի ստեղծում, որը քննության կառնի երկու երկրների արյունալի պատմությունը, հայտարարեց, թե «որևէ երկրի գործը չէ, թե երկու երկրներն ինչպես կլուծեն իրենց միջև առկա խնդիրը»:

Դա ճիշտ է, սակայն հասկանում ենք նաև հայերի այն մտավախությունը, թե հանձնաժողովը չի կարող լիարժեք լույս սփռել պատմական անցքերի վրա: Նպատակը անցյալի ուրվականներին հանգիստ թողնելով Թուրքիային Հայաստանի հետ հաշտեցնելն է: Իսկ դրա իրական բեռը` Հայոց ցեղասպանության ճանաչումը, ընկած է Թուրքիայի ուսերին»,- եզրափակում է Los Angeles Times-ը:

Թերթ.am

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs