ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման հաջորդ օրը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի արած հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ–ն այս հարցի վերաբերյալ իր դիրքորոշումները շարունակ փոփոխում է։ Այսօրվա ասուլիսին նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանը՝ նշելով, որ նախընտրական շրջանում Հիլարի Քլիթոնն այլ հայտարարություններով էր հանդես գալիս։ Պատգամավորը բանաձևի հետագա ճակատագրի առնչությամբ լավատեսորեն է տրամադրված. «Հույս ունենք, որ այս գործընթացն իր տրամաբանական ավարտը կունենա, և բանաձևը բոլոր փուլերում կընդունվի։ Բանաձևի ներածականում ԱՄՆ նախագահին կոչ է արվում հավաստել, որ տեղի ունեցածը Ցեղասպանություն էր, ինչպես նաև կոչ է արվում, որ ապրիլի 24–ին Օբաման կատարվածը Ցեղասպանություն որակի»։
ԱՄՆ Կոնգրեսում բանաձևի քննարկմանը ներկա Նահապետյանը ձեռքբերում է համարում այն, որ ելույթ ունեցած կոնգրեսականներից որևէ մեկը չի ժխտել, որ տեղի է ունեցել Ցեղասպանություն։
Բանախոսը նշեց, որ «բանաձևի ամբողջական ընդունումը մեծ գործընթաց է, որի առաջին փուլը հաղթահարվել է»։ Ըստ Նահապետյանի՝ մինչև այս տարվա նոյեմբերի 2–ը, այսինքն՝ նախքան այս Կոնգրեսի լիազորությունների ավարտը, պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի կատարվի հաջորդ քայլը, և բանաձևը մտնի լիագումար նիստի օրակարգ։
Հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը Ցեղասպանության ճանաչման բանաձևը Թուրքիայի դեմ կիրառվող մահակ որակեց։ «Թուրքիայի հետագա դիրքորոշումներից է կախված, թե այդ մահակը որքան ժամանակ կկիրառվի և ինչ ազդեցություն կունենա։ Այս հարցում կանխատեսումներ անելը վաղ է, քանի որ գործընթացը տարբեր իրավիճակներ կարող է թելադրել»,– նշեց պատգամավորը։
Թերթ.am
2010-03-09
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario