Այն կոնգրեսականներն ու ընկերությունները, ովքեր հանդես են եկել ընդդեմ մարտի 4-ի բանաձևի, պետք է շատ թանկ վճարեն իրենց անբարոյական արարքի համար։ Նրանց բացասական քվեների և նամակների անտեսումը կխրախուսի նրանց կրկին հանդես գալ ընդդեմ բանաձևի, երբ այն ներկայացվի Կոնգրեսի լիագումար նիստին։ Այս մասին գրում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը «Ամերիկահայերը չպետք է թույլ տան, որ Օբաման ու Քլինթոնը թաղեն Ցեղասպանության բանաձևը» վերնագրով հոդվածում: Ըստ Սասունյանի, եթե ամերիկահայերին հաջողվի այդ անձանցից որևէ մեկին նոյեմբերին պարտության մատնել, ապա մյուսներին դաս կլինի, որ Ցեղասպանության բանաձևին դեմ քվեարկելով նրանք կարող են խաչ քաշել իրենց քաղաքական գործունեության վրա։«Չնայած ամերիկահայ ընտրողները չեն կարող «իրենց հաշիվները մաքրել» նախագահ Օբամայի հետ, քանզի այս տարվա նոյեմբերին նրա թեկնածությունը քվեարկության չի դրվում, սակայն բանաձևին դեմ հանդես եկած քսաներկու կոնգրեսականներից տասնութի թեկնածությունը դրվելու է քվեարկության։ Ամերիկահայերը պետք է հնարավոր ամեն ինչ անեն` կանխելու բոլոր նրանց վերընտրությունը, ովքեր մարտի 4-ին դեմ են քվեարկել Ցեղասպանության բանաձևին»,- գրում է Սասունյանը` հավելելով, որ պետք է արշավ սկսել նաև ամերիկյան գլխավոր պաշտպանական հինգ ընկերությունների՝ Lockheed Martin Corp., Boeing Co., Raytheon Co., United Technologies Corp. և Northrop Grumman Corp նախագահների դեմ, ովքեր համատեղ նամակ էին հղել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին` կոչ անելով մերժել Հայոց ցեղասպանության բանաձևը, որպեսզի վտանգի չենթարկեն իրենց ապրանքաշրջանառությունը Թուրքիայի հետ։ Սասունյանը նշում է, որ բողոքի նման արշավ պետք է իրականացնել նաև ընդդեմ Aerospace Industries Association-ի, որն իր հերթին առանձին նամակ էր հղել Կոնգրեսին` ընդդեմ Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման։
Ըստ Սասունյանի` ամերիկահայերը չպետք է թույլ տան, որ նախագահ Օբաման և պետքարտուղար Քլինթոնն իրենց կամքը պարտադրեն Միացյալ Նահանգների Կոնգրեսին: «Ամերիկահայերը պետք է կապ հաստատեն իրենց ներկայացուցիչների հետ յուրաքանչյուր ընտրատարածքում, ամբողջ երկրով մեկ, անգամ ամենահեռավոր շրջաններում և հայտնեն նրանց, որ Ցեղասպանության բանաձևին չաջակցելու դեպքում, նրանք նոյեմբերին կզրկվեն հայ ընտրողների քվեներից։ Քաղաքական գործիչներն ավելի շուտ կլսեն իրենց ընտրողներին, քան նախագահ Օբամային, քանզի նա է իրենց պաշտոնների վտանգման հիմնական պատճառը։ Ուստի, վերջին հաշվով բանաձևի ճակատագիրը գտնվում է ամերիկահայերի ձեռքում: Եթե նրանք տոկունություն հանդես բերեն և բավարար քանակությամբ աջակիցներ ձեռք բերեն կոնգրեսականների շրջանում, ապա ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին այլ բան չի մնա անելու, քան բանաձևը ներկայացնել լիագումար նիստին` անկախ այն բանից, թե վարչակազմն ինչ կթելադրի նրան։ Հակառակ դեպքում, շատ այլ հարցերով բորբոքված ընտրողները կարող են դուրս գցել պաշտոնատար անձանց` վտանգելով նաև խոսնակի նրա պաշտոնը»,- գրում է «Կալիֆոռնիա կուրիերի» խմբագիրը։
Սասունյանը նշում է, որ ամերիկահայերը չպետք է մոռանան իրենց խորին երախտագիտությունը հայտնել կոնգրեսական հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին և բանաձևին «կողմ» քվեարկած քսաներկու մյուս կոնգրեսականներին և պետք է խանդավառությամբ աջակցի նրանց վերընտրությանը։
2010-03-10
Չի կարելի թույլ տալ Օբամային ու Քլինթոնին թաղել Ցեղասպանության բանաձևը. Հարութ Սասունյան
Publicado por Hayasa en 18:51
Etiquetas: Իրադարձային, Հայաստան, Քաղաքական
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario