«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Կիբեր-գրաքննության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ սուր գրաքննության են ենթարկվում և իշխանությունների կողմից վերահսկվում համացանցային կայքերը:
RSF-ի «Համացանցի թշնամիները» վերտառությամբ զեկույցում քաղաքացիների՝ համացանցից օգտվելու հնարավորությունները սահմանափակող «ամենաահավոր խախտումներ կատարող» երկրների ցանկում տեղ են զբաղեցրել Սաուդյան Արաբիան, Բիրման, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Եգիպտոսը, Իրանը, Ուզբեկստանը, Սիրիան, Թունիսը, Թուրքմենստանը և Վիետնամը:
Զեկույցի «համացանցը վերահսկող» երկրների ցանկում են ընդգրկվել Թուրքիան և Ռուսաստանը:
Նշվում է, որ մինչև օրս Թուրքիայում տաբու են համարվում «Աթաթուրքի, բանակի, Հայկական և քրդական հարցերի քննարկումները», ինչի պատճառով հազարավոր կայքէջեր են արգելափակվում։ Որպես դրա վառ օրինակ` RSF-ը նշում է YouTube-ի արգելափակումը:
Զեկույցում նաև ասվում է, որ քանի որ Ռուսաստանում ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է Կրեմլի կողմից, համացանցն ավելի ազատ տեղեկատվության աղբյուրի է վերածվել: Սակայն այդ անկախությունը մի շարք բլոգերների ձերբակալությունների և հետապնդումների պատճառով հայտնվել է սպառնալիքի տակ: Ըստ RSF-ի` վարչակարգի քարոզչությունն սկսում է ավելի մեծ տեղ զբաղեցնել համացանցում և վտանգ կա, որ համացանցը կվերածվի քաղաքական վերահսկողության գործիքի:
Թերթ.am
0 comentarios:
Publicar un comentario