2002թ.-ից ապաստանի համար Հայաստանին են դիմել 1100 օտարերկացիներ, մասնավորպես Թուրքիայից, Իրաքից, Լիբանանից, Կուբայից: Ինչպես հունիսի 20-ի ասուլիսում հայտնեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը, նրանցից 160-ը դիմել են փախստականի կարգավիճակ ստանալու, իսկ մնացածը` ժամանակավոր ապաստանի համար: Միայն 2007թ.-ին գործակալությունը օտարերկրյա քաղաքացիներից ստացել է 289 դիմում, այդ թվում 271-ը` ժամանակավոր ապաստանի, 18-ը` փախստականի կարգավիճակ ստանալու համար:
Գ.Եգանյանը նշեց, որ գրեթե բոլոր ժամանակավոր ապաստան հայցողներին, որոնց մեծամասնությունը Իրաքի քաղաքացիներ են, տրվել է 1 տարի ժամկետով ապաստանի իրավունք: Իսկ փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմողների ընդամենը 13%-ին է այդ կարգավիճակը տրվել: Ըստ նրա, կոնկրետ գործերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ անձինք իրենց մշտական բնակավայրերը լքում են սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, քաղաքացիական պատերազմի, զինված կոնֆլիկտների պատճառով եւ Հայաստանը հիմնականում ընտրում են որպես տարանցիկ երկիր` հետագայում արեւմուտք մեկնելու համար:
Գործակալության պետը նշեց նաեւ, որ ապաստան հայցողները մեկ ամսով տեղավորվում են 2000թ.-ին ստեղծված հատուկ կացարանում` մեկամսյա ժամկետում բժշկական զննում եւ փաստաթղթային ստուգումներ անցկացնելու նպատակով: Այնուհետեւ, մինչեւ փախստականի կարգավիճակ ստանալու վերաբերյալ դիմումների քննարկման ավարտը, նրանք տեղավորվում են ժամանակավոր կացարաններում: Ապաստան հայցողները ստանում են փախստականի կարգավիճակ հայցողի վկայական, միանվագ դրամական օգնություն` 10 հազար դրամ (ավելի քան 30 ԱՄՆ դոլար), թարգմանչական եւ իրավաբանական անվճար ծառայություններ:
/ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ/
2008-06-20
Անցած վեց տարիների ընթացքում ապաստանի համար Հայաստանին դիմել են 1100 օտարերկրացիներ
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario