2008-06-17

Սերժ Սարգսյանը հանդիպել է Կոնսուելո Վիդալին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին։ Այդ մասին հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։
Նախագահը չափազանց կարևորել է մեր երկրում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը, որոնք նպատակաուղղված են պետականության ամրապնդմանն ու տնտեսության զարգացմանը։ Գոհունակություն հայտնելով սերտ և կառուցողական գործակցության առթիվ, Սերժ Սարգսյանն ասել է, որ հայկական կողմը պատրաստ է այն խորացնել և ավելի արդյունավետ օգտագործել ընձեռված հնարավորությունները։


Տիկին Կոնսուելո Վիդալի խոսքով, Հայաստանը ՄԱԿ-ի ակտիվ անդամ է և իր դրական ներդրումն է բերում կազմակերպության աշխատանքներին։ Նա Հանրապետության նախագահին ներկայացրել է Հայաստանում ՄԱԿ-ի 12 մասնագիտացված գործակալությունների գործունեությունն ու ծրագրերը` նշելով, որ իրենց ցանկությունն է, որպեսզի դրանք լավագույնս և առավել արդյունավետությամբ ծառայեն Հայաստանի ժողովրդի բարեկեցությանը։ ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաև ասել է, որ ներկայումս մշակվում է Հայաստանի հետ համագործակցության նոր` քառամյա ծրագիր և իրենք կառավարությանն առաջարկում են մատնանշել այն առաջնահերթ ուղղություններն ու ոլորտները, որտեղ ակնկալում են ՄԱԿ-ի օժանդակությունը։

Սերժ Սարգսյանն առաջնային է համարել հումանիտար ծրագրերից անցումը զարգացման ծրագրերին` միաժամանակ ցանկություն հայտնելով, որ համատեղ նախագծերը լինեն շատ ավելի շոշափելի ու նպատակային։ Նա հատկապես կարևորել է ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների փորձագիտական օժանդակությունը` նշելով, որ պետության հնարավորությունները տարեցտարի ավելանում են, և ներկայումս հիմնական խնդիրը դրանք առավել արդյունավետ ու նպատակային օգտագործելն է։

Հանդիպմանը խոսվել է նաև համաշխարհային շուկայում վառելիքի և սննդամթերքի գների փոփոխությամբ պայմանավորված պարենային անվտանգության խնդիրների և այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունների մասին։

Կողմերն անդրադարձել են նաև փախստականների սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին` դրանց լուծման ճանապարհին կարևոր քայլ համարելով բնակարանային սերտիֆիկատների համակարգի կիրառումը։

Հանդիպման ավարտին տիկին Կոնսուելո Վիդալը Հանրապետության նախագահին հրավիրել է ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ` տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքներին ու ծրագրերին։



/Tert.am/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs