ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չորեքշաբթի օրն անցկացվեցին լսումներ ՝՝Սառեցված հակամարտություններ և փակ սահմաններ” խորագրով, որին հրավիրված էր երկրի արտգործնախարարի օգնական Դանիել Ֆրիդը: Նա հիմնականում պատասխանեց կոնգրեսականների` հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցերի։
- Ինչու՞ է ԱՄՆ-ը հանդուրժում Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների բարձրագոչ հայտարարությունները։
- Ի՞նչ քայլեր է ԱՄՆ-ի վարչակազմը ձեռնարկում հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու, ինչպես նաև թուրքական ու ադրբեջանական շրջափակումները վերացնելու ուղղությամբ։
- Ինչո՞ւ վարչակազմը, ընդունելով ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքը, ինչպես օրինակ Կոսովոյի դեքպում, նույն մոտեցումը չի ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում։
- Ինչո՞ւ ԱՄՆ-ը պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը։
- Ինչո՞ւ է ԱՄՆ-ը Ադրբեջանին հատկացնում ֆոնդեր, որոնք վերջինս կարող է օգտագործել պատերազմական նպատակների համար։
Արտգործնախարարի օգնական Դանիել Ֆրիդը հարցերին պատասխանեց` երբեմն խուսափելով դրանց սրությունից։
Ըստ նրա` ԱՄՆ-ը աջակցում է հայ-թուրքական սահմանը բացելուն, խրախուսում երկու կողմերին, բայց հավատում, որ դրա համար նախ հարկավոր է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում։
Նրա խոսքերով, խրախուսելի է այն հանգամանքը, որ Հայաստանի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հանդես եկան հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին հայտարարություններով։
Նա նշել է, որ դա նաև բխում է ԱՄՆ-ի շահերից, քանի որ Թուրքիայի հետ լավ հարաբերությունները Հայաստանին թույլ կտան հրաժարվել միայն Ւրանի հետ լավ հարաբերություններ ունենալու տարբերակից։
Հատկապես սուր էին Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերը։ Արդյո՞ք ԱՄՆ-ը չի ընդունում, որ 1915թ. իրականացվել է ցեղասպանություն ընդդեմ հայերի։ Այս հարցով հանդես եկան մի քանի կոնգրեսականներ` մասնավորապես Ադամ Շիֆը, Ջո Նոլենբերգը, Բրեդ Շերմանը և Դայան Ուոթսընը։ Վերջինիս համառ պնդմանը, որ Ֆրիդը պատասխանի, թե ԱՄՆ-ը ընդունում է, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, թե` ոչ, Ֆրիդը շարունակ փորձում էր շրջանցել կոնկրետ պատասխանը այնքան ժամանակ, մինչև Ուոթսընը պահանջեց պատասխանել ՝՝այո՛՛ կամ ՝՝ոչ՛՛։ “Ես փորձում եմ պատասխանել, տիկին,” պատասխանել է նա: Ուոթսընը նման խոսակցությունն անպտուղ է որակել։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներից հետո պատասխանելով Ամերիկայի Ձայնի Հայկական ծառայության հարցերին` Դանիել Ֆրիդը ասել է. ՝՝Ողջունելի է, որ Կոնգրեսը Հարավային Կովկասի խնդիրների, էներգետիկ անկախության նկատմամբ ցուցաբերում է նման հետաքրքրություն։ Եվ մենք Եվրոպայի, երբեմն՝ Ռուսաստանի հետ միասին աշխատում ենք ղարաբաղյան խնդիրը լուծելու ուղղությամբ: Մեր ուշադրության կենտրոնում է նաև աբխազական խնդիրը՝ Վրաստանի տարածքային ամբողջականության համատեքստում։”
Հանդիպումից հետո մեր հարցերին պատասխանեցին նաև Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայըն Արդունին և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
՝՝Գովելի է Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հաուըրդ Բերմանի կողմից կազմակերպված այս քննարկումը. միջոցառում, որը կոնգրեսականներին տվեց շրջափակման, հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության ու հայերիս հուզող այլ խնդիրների մասին հարցեր տալու հնարավորություն։ Սա ցույց տվեց այս հարցերում Կոնգրեսի մտահոգությունները։ Սա ցույց տվեց այս հարցերի վրա աշխատանքները շարունակելու կարեւորությունը,” կարևորեց Բրայըն Արդունին:
Արամ Համբարյանի կարծիքով, սա շատ լավ հնարավորություն էր հանդես գալու կարծր հարցերով։ “Շատ գոհ չենք պատասխաններով, սակայն այն, որ կա հարց ու պատասխան, արդեն իսկ մի քայլ առաջ է։ Այս վարչակազմից նորություններ չենք ակնկալում արտաքին քաղաքականության բնագավառում, սակայն եթե Բարաք Օբաման ընտրվի նախագահ, նոր եռանդ և ուղղություն կհաղորդվի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը։”
/Tert.am/
2008-06-21
Հայաստանին վերաբերող հարցերի քննարկում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario