ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հեսթինգզը վերջերս հացազրույց տվեց ”Ամերիկայի Ձայն“-ի թուրքական ծառայությանը՝ պատասխանելով նաև հայկական ծառայության կողմից ներկայացված մի քանի հարցերի։
Հարցերը, որոնց վրա կենտրոնացավ նա, թուրք-ամերիկյան հարաբերություններն էին, Քրդստանի աշխատավորական կուսակցությունը և Հայոց ցեղասպանության բանաձևը։
Թուրք-ամերիկյան հարաբերությունները, նրա խոսքերով, լավ են ու ավելի են բարելավվում։
”Չնայած Թուրքիան հայտարարել էր, թե ռազմական իր հենակետերը չէր տրամադրելու դեպի Իրաք թռիչքներ իրականացնելու համար, Իրաքից և դեպի այս երկիր բեռների փոխադրման 75 տոկոսն իրականացվում է Թուրքիայի Ինչիրլիքի հենակետից։ Բացի այդ, Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն է և միակ ամենակարևոր դաշնակիցը տարծաշրջանում “, ասում է նա։
Նրա խոսքերով, մահմեդական Թուրքիայի աշխարհիկ կառավարությունը և այստեղ կայունությունը բխում են ԱՄՆ-ի, Եվրոպական Միության և աշխարհի շահերից։
Թուրքիայի ու ԱՄՆ-ի բարեկամությունը, նրա խոսքերով, արտահայտվում է նաև Իսրայելի ու Սիրիայի միջև ոչ պաշտոնական բանակցություններում միջնորդի դերով հանդես գալու հանգամանքով, քանի որ եթե Սիրիան հետ կանգնի Լիբանանում Հեզբուլլահին և պաղեստինյան տարածքներում Համասին աջակցելուց, դրանից կշահի ԱՄՆ-ը։
”Երբեմն լինում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև փոխըմբռնման պակաս խոսքի ազատության կամ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում։ Սակայն չէ որ Թուրքիան էլ կարող է բերել ԱՄՆ-ի կողմից Գուանտանամոյում իրականացվող մարդու իրավունքների ոտնահարման փաստեր“։
Ուրեմն՝ երկու կողմերն ունեն նման հարցերում աշխատելու կարիք, ասում է նա։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության բանաձևի մասին հայկական ծառայության տված հարցին, ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հեսթինգզը ասում է, թե հարցը Ներկայացուցիչների Պալատ էր բարձրացվել ”սարսափելի ժամանակ“։
”Ես այն ղեկավար անձանցից մեկն էի, ովքեր առաջարկեցին այն հանել օրակարգից։ Եվ հանվեց։ Սակայն չեմ կարծում, որ բանաձևը չի վերադառնա Կոնգրես։ Ուզում եմ ասել նաև, որ Ներկայացուցիչների Պալատը ԱՄՆ-ի կառավարությունը չէ, իսկ կառավարությունը չի ընդունել պատմական այս հարցին կողմ կամ դեմ դիրքորոշում “։
Նա հարցն ուսումնասիրելու համար հանձաժողով կազմելու թուրքական կողմի առաջարկը համարում է կարևոր քայլ։
Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Հեսթինգզը գտնում է, որ Սպիտակ տունն իր կուսակցությանն անցնելու դեպքում դեմոկրատները Թուրքիայի նկատմամբ կընդունեն թարմ մոտեցումներ, հատկապես Կոնգրեսի անդամների կարծիքը հաշվի առնելու միջոցով։
ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հեսթինգզը գտնում է, թե ԱՄՆ-ը կարող է մեծ դեր ունենալ հայ-թուրքական հարաբերությունները մերձեցնելու ուղղությամբ։
”Բայց դեր ունեն նաև Ռուսաստանն ու Եվրոպական Միությունը։ Շատ պարզ է թվում, երբ նայում եք միայն հայկական կամ միայն թուրքական կողմի տեսակետները։ Որպես նախկին դատավոր, գիտեմ, որ լինում են երկու կողմից ավելի կողմեր։ Եվ այս դեպքում, ԱՄՆ-ը չէ, որ պիտի հարցը լուծի՛՛։
Հարցը, նրա խոսքերով պիտի լուծեն Հայաստանն ու Թուրքիան։ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Եվրոպական Միությունը կարող են միայն իրենց ծառայությունները մատուցել։
Չէ որ, ասում է նա, ԱՄՆ-ի արտգործնախարարությունում կան պաշտոնյաներ, ովքեր քարտեզի վրա անգամ չգիտեն Հայաստանի տեղը։
Արամ Վանեցյան -Վաշինգտոն -13/06/2008
2008-06-15
Հարցազրույց ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ալսի Հեսթինգզի հետ
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario