2008-06-10

Հայկական ապրանքներն Իսպանիա քիչ են արտահանվում

Իսպանական շուկայում հայ գործարարներն իրենց տեղը դեռ չունեն :
Իսպանիայի Թագավորությունում ՀՀ հյուպատոսարանը տեղակայված է Վալենսիա քաղաքի կենտրոնում՝ Ռեյնո դե Վալենսիա պողոտայում: Զբաղեցնում է երկու փոքրիկ սենյակ, աշխատակազմը նույնպես մեծ չէ: Հյուպատոսարանը բացվել է 4 տարի առաջ և իր գոյությամբ առաջին հերթին լուծել է մի շատ կարևոր խնդիր՝ Թագավորությունում բնակվող մի քանի տասնյակ հազար ՀՀ քաղաքացիներ անհրաժեշտության դեպքում այլևս ստիպված չեն լինի հասնել մոտակա երկրների ՀՀ դեսպանատներ:


Այս և այլ հարցերի շուրջ «Առավոտը» զրուցեց Իսպանիայում ՀՀ հյուպատոս Մհեր Բադալյանի հետ:

- Ինչո՞ւ ոչ մայրաքաղաք Մադրիդում, այլ Վալենսիայում է տեղակայվել ՀՀ ներկայացուցչությունը:


- Նախ, որովհետեւ մեր հայրենակիցների հիմնական մասը բնակություն էր հաստատել Վալենսիայում և ոչ շատ հեռու գտնվող ծովափնյա քաղաքներում: Ի դեպ, ասեմ, որ Մադրիդն էլ մոտ երեք ժամվա հեռավորության վրա է, հեռու չէ: Երկրորդ, որը քիչ էական չէր՝ այս քաղաքում է ապրում ՀՀ Պատվո հյուպատոս Լուիս Բարբերա Սապատերոն, ով սիրահոժար իր գրասենյակից տարածք առանձնացրեց մեր հյուպատոսարանի համար, տրամադրեց աշխատակիցներ եւ անհրաժեշտ միջոցներ: Մինչ օրս էլ նա մեծ աջակցություն է ցուցաբերում:


- Ինչպե՞ս կգնահատեիք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների զարգացումը:

- Ի սկզբանե դրանք ձևավորվել են խիստ դրական բարեկամական մթնոլորտում և այժմ էլ այդպես շարունակվում են: Իտալիայում, Իսպանիայում և Պորտուգալիայում մեր երկրի արտակարգ և լիազոր դեսպանը Ռուբեն Շուգարյանն է: Նա հաճախ է այցելում Մադրիդ (նստավայրը՝ Հռոմ), հանդիպում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կապված այն հանգամանքի հետ, որ ԵԱՀԿ նախագահող երկիրը 2007-ին Իսպանիայի Թագավորությունն է, մեր դեսպանն այս տարվա ընթացքում արդեն 3 կարևոր հանդիպում է ունեցել Իսպանիայի արտգործնախարարությունում, քննարկել թե՛ հայ-իսպանական, թե՛ ԵԱՀԿ-Հայաստան հարաբերություններին վերաբերող խնդիրներ: Ավելացնեմ, որ մինչև տարեվերջ նախատեսվում է Երևանում բացել Իսպանիայի Թագավորության դեսպանատուն, որին կհետևի (համենայնդեպս՝ նախատեսվում է) ՀՀ դեսպանատան բացումը Մադրիդում: Ի դեպ, հունիսի 4-ին նախատեսվում է Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անգել Մորատինոսի առաջին այցը Հայաստան:

- Իսկ առևտրատնտեսական հարաբերություննե՞րը:

- Կան: Գուցե ոչ մեծ ծավալի հասնող, որովհետև տարածությունն իր դերը խաղում է, բայց կան: Դրանք առկա են առավելապես արտահանման ոլորտում: Այն է՝ այստեղից Հայաստան է արտահանվում կամ ներկրվում ձիթապտղային և շինարարական պատրաստի արտադրանք: Իսկ Հայաստանից Իսպանիա, որքան ես եմ տեղյակ, հետաքրքրություն ներկայացնող ներկրման ծավալներ չկան: Ժամանակի ընթացքում այդ խնդիրն էլ կլուծվի և իսպանական շուկայում հայ գործարարները կգրավեն իրենց տեղը: Դրան մեծապես կարող է նպաստել ապրիլի 23-27-ը Վալենսիայում կայացած պաշտոնական հանդիպումը, որը նախաձեռնել էր Լուիս Բարբերան: Նրա և իսպանական «ԻՎԵՔՍ» առևտրային կազմակերպության հրավերով Հայաստանից ժամանել էր պատվիրակություն՝ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ:
Արդյունքում ստորագրվեց ԿԳ ոլորտում համագործակցության հուշագիր, իսկ Վ. Մովսիսյանի ներկայացրած ծրագրերը հետաքրքրեցին հանդիպման մասնակից գործարարներից շատերին:

- Իսպանիայում բնակվող հայերից մի քանիսի հետ զրուցելիս հասկացանք, որ Հայաստանի հետ մշակութային կապերը համակարգված չեն: Չկա գոնե հասարակական կառույց, որ զբաղվի այդ գործով:

- Ճիշտ է, այդ խնդիրը կա: Հայկական միությունները դեռ ձևավորման փուլում են, իսկ համայնք, որպես այդպիսին՝ չկա: Ինչ վերաբերում է մեր դեսպանությանը կամ հյուպատոսարանին, ապա մենք կարող ենք աջակցել այդ խնդրի լուծմանը միայն այն դեպքում, եթե մեզ տեղյակ են պահում: Իսկ այդպիսի դեպք, գոնե ես՝ չեմ հիշում: Ճիշտ է, Հայաստանից ոչ հաճախ այցելող խմբերն ու անհատ կատարողները երբեմն հրավեր են ուղարկում մեզ, բայց՝ մասնակցության:
Եթե ժամանակին տեղյակ պահեն, մենք էլ մեր հերթին կտեղեկացնենք իսպանաբնակ հայերին: Բայց չեն ասում, իսկ համերգից 1-2 օր առաջ տեղեկանալով, բնականաբար, մենք չենք հասցնի իրազեկել այդ մասին: Հաճախ չենք էլ տեղեկանում: Օրինակ, մի խմբի գալ-գնալու մասին իմացանք այն ժամանակ, երբ վերադարձից հետո խմբի ղեկավարը դիմել էր ԱԳ նախարարություն, թե մեր կատարողներից մեկը չի վերադարձել, խնդրում ենք փնտրեք-գտեք:

- Գտա՞ք:

- Նման դեպքերում համագործակցում ենք տեղի իրավապահ մարմինների հետ: Դիմեցինք նրանց, բայց չգտան:

- Ձեր տեղեկությամբ՝ իսպանական կալանավայրերում Հայաստանի քաղաքացիներ կա՞ն:

- Այո, ցավոք՝ կան: Պաշտոնական ճշգրիտ տվյալ թույլ տվեք չհրապարակել: Նրանց մոտավոր թիվը կազմում է շուրջ երկու տասնյակից ավելի: Պատժվել են օրենսգրքի տարբեր խախտումների համար, գերակշիռ մասը՝ գողության: Այս մեղադրանքով ձերբակալվածներից մի քանիսին էլ արտաքսել են երկրից: Հյուպատոսությունում 8-ամսյա իմ աշխատանքի ընթացքում 34 նման դեպք է եղել:


Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆԸ Վալենսիա
աղբյուրը` armtown.com

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs