Մամուլում, զանգվածային լրատվական միջոցներով սփռված հաղորդումներում, բարձրաստիճան հոգևորականների քարոզներում, հայ ու օտար պետական բարձր և պատասխանատու պաշտոններ զբաղեցնող այրերի, Հայոց ցեղասպանությունը դատապարտող գրավոր կամ բանավոր հայտարարություններում հաճախ կարելի է հանդիպել երիտթուրքեր և օսմանցիներ բառեզրերին և կամ օսմանյան թուրքերը բառակապակցությանը, ովքեր մեղադրվում են Հայոց ցեղասպանության իրականացման գործում: Իսկ Ցեղասպանության իրականացման պատասխանատու երկիր հիշատակվում է ոչ թէ Թուրքիան, այլ Օսմանյան Թուրքիան կամ Օսմանյան կայսրությունը: Ակամա հարց է առաջանում. արդյոք կարելի՞ է տարանջատել երիտթուրքերին ողջ թուրք ազգից և Օսմանյան Թուրքիան ներկայիս Հանրապետական Թուրքիայից:
Իսրաելի ակադեմիականների շրջանակում և, առհասարակ, ողջ հրեա ժողովրդի մոտ ընդունված է տարանջատել նացիստներին ողջ գերմանացի ազգից և հրեական Հոլոքոսթի պատասխանատու նկատել միայն նացիստներին և ոչ ողջ գերմանացի ազգին: Այս դատողության հիմքում ընկած է թերևս այն փաստը, որ, իրոք, գերմանացիների մեծ մասը ոչ միայն անմիջական մասնակցություն չի ունեցել Հոլոքոսթի իրականացման գործում, այլև նրանք նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց կողքին մի ողջ ազգ է ոչնչանում: Այս առումով, արդարացի է և տրամաբանական հրեական Հոլոքոսթի պատասխանատու նկատել միայն նացիստներին: Սակայն ի՞նչն է պատճառը, որ թույլ չի տալիս Հայոց ցեղասպանության իրականացման պատասխանատու նկատել միայն երիտթուրքերին, այլ ոչ ողջ թուրք ազգին:
Անառարկելի փաստ է, որ Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոսթի միջև առկա են բազմաթիվ նմանություններ, այդուհանդերձ, դրանցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունները, որոնք էլ արգելում են հայ ժողովրդին, հետևելով հրեաների օրինակին, միայն երիտթուրքերին ընդունել Հայոց ցեղասպանության պատասխանատու և ոչ ողջ թուրք ազգին: Որո՞նք են Հայոց ցեղասպանության այդ յուրահատկությունները: Թվարկենք դրանցից ընդամենը մի քանիսը:
Ի տարբերություն Հայոց ցեղասպանության, հրեական Հոլոքոսթի պատճառներից մեկը նրանց ոչ արիական ազգ լինելու փաստն էր: Ըստ այս դատողության՝ ոչ արիական ազգերին հատուկ է անբարոյական կենսակերպ, ցածր արժեհամակարգ, քաղաքակրթությանը անհարիր նորմեր և այլն: Ավելին, հրեաները Եվրոպայում միշտ նկատել են պոտենցիալ մեծ վտանգ ֆինանսական և տնտեսական բնագավառներում: Անժխտելի է նաև այն փաստը, թե, իրօք, հրեական Հոլոքոսթը իրականացվել է Գերմանիայի զինվորական հրամանատարության կողմից և ոչ թե ողջ գերմանացի ազգի կողմից: Հավելենք նաև, որ հրեական Հոլոքոսթը տեղի չի ունեցել իրենց հայրենի հողում: Մինչդեռ Հայոց ցեղասպանությունը իրականացվել է հայ ժողովրդի պատմական հայրենիքում՝ այն հայրենիքում, որտեղ ձևավորվել է ու զարգացել է հայ ազգը, որտեղ հայ ժողովուրդը ստեղծել է համամարդկային արժեք ներկայացնող քաղաքակրթություն և ուրույն մշակույթ: Հայոց ցեղասպանությունը գաղափարախոսության արգասիք չէր, այլ պարզապես Ցեղասպանությունը իրագործելով թուրքը խեղդեց և վիժեցրեց մի հինավուրց ժողովրդի արդար իրավունքը՝ իր իսկ հայրենիքում ապահով ապրելու իրավունքը: Հայոց ցեղասպանությունը իրականացվեց թուրք ազգի մի ստվար զանգվածի մասնակցությամբ և վարձու ու թուրքական կեղծ խոստումներին հավատացած քուրդ ժողովրդի համագործակցությամբ: Իսկ թուրքերի այն չնչին տոկոսը, որն անմիջական մասնակցություն չի ունեցել Ցեղասպանութեան իրականացման գործում, ապա, նրանք անկասկած օգտվել են Ցեղասպանության հետևանքներից՝ բռնագրավելով և տիրանալով հայ ժողովրդի ունեցվածքին, գույքին ու հարստությանը:
Նշենք նաև, որ ի տարբերություն հրեական Հոլոքոսթի, Հայոց ցեղասպանությունը դեռևս չի ճանաչվել ու դատապարտվել այն իրականացնողի կողմից: Ավելին, թուրքերը ոչ միայն ուրանում են Հայոց ցեղասպանությունը, այլև անամոթաբար խեղաթյուրելով պատմական ճշմարտությունը, աշխարհին ներկայանում են ոչ թէ իբրև ցեղասպան ազգ, այլ հայերի կողմից ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, իբրև զոհ: Ուրացմանը համատեղ, ցեղասպանությանը հաջորդած 92 տարիների ընթացքում թուրքերը կանոնավոր կերպով իրականացնում են հայկական մշակութային ցեղասպանություն՝ ոչնչացնելով Թուրքիայում հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին ու կրոնին պատկանող հազարամյա հետքերը, հայկական վանքերն ու եկեղեցիները: Սակայն ավելի մտահոգիչ է այն փաստը, որ այսօր էլ, իր զոհի վրա հարձակվելու և հոշոտելու պատրաստ գիշատիչի պես, Թուրքիան հարմար առիթի է սպասում իր «կիսատ թողած գործը» ավարտին հասցնելու համար: Ասածիս ապացույց կարող են լինել Ցեղասպանությանը հաջորդած տարիների ընթացքում Հայաստանի առաջին հանրապետությունը գրավելու և բնաջնջելու նպատակով դեպի մեր երկիր իրար հաջորդած թուրքական մի քանի զինվորական արշավանքները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Խորհրդային Հայաստանի սահմանի երկայնքով Հայաստանի բնաջնջման նպատակով կենտրոնացած թուրքական 13 դիվիզիաները, նույն ժամանակաշրջանում Թուրքիայի Էրզրում նահանգում ձմռանը ճանապարհներ շինելու պատրվակով զինվորագրված ու ցրտից մահացած 37.000 պոլսահայերը, 1992-ին Հայաստանի արևմտյան սահմանին կուտակված և Հայաստանի վրա հարձակման պատրաստ թուրքական զորքերը ու բոլորովին վերջերս երիտասարդ թուրք ազգայնամոլի դավադիր գնդակից սպանված Հրանտ Դինքը: Այս բոլորը փաստում են, որ մեր օրերի թուրքը ոչնչով չի տարբերւում հարյուր տարի առաջվա օսմանից, և քեմալիստական-հանրապետական Թուրքիան՝ Օսմանյան Թուրքիայից: Իսկ եթե աննշան տարբերություններ էլ կան, ապա դրանք չեն վերաբերում Հայոց հարցին: Մինչդեռ Գերմանիան ոչ միայն չի ուրանում հրեական Հոլոքոսթը, այլ, դեռ 1952 թվականին, ընդունելով իր կատարած ոճիրը, ներողություն է խնդրել հրեա ժողովրդից և վճարել արածի ծանր գինը:
Առ այս, հայ ժողովրդի համար անընդունելի է տարանջատել երիտթուրքերին ողջ թուրք ազգից, որքանով որ դա կնպաստի նրանց ուրացման քաղաքականությանը և նրանց կհեռացնի իրենց կատարած ցեղասպանության հավաքական պատասխանատվությունից:
Ի դեպ, որոշ հրեա պատմաբաններ ու ցեղասպանագետներ ևս սկսել են քննադատել նացիստների տարանջատումը ողջ գերմանացի ազգից և ընդունում են, թե հրեական Հոլոքոսթի պատասխանատուն ողջ գերմանացի ազգն է: Նրանք, միաժամանակ, կոչ են անում իրենց կոլեգաներին՝ վերանայել այս հարցը և փոխել իրենց ավանդական դիրքորոշումը հարցի վերաբերեալ:
/ԿՈՐԻՒՆ ԱԲՂ. ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ, Անդամ՝ Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութեան /
2008-06-14
Ովքեր են Հայոց ցեղասպանության իրական պատասխանատուները
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario