Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն առանցքային տեղ են զբաղեցնում ԱՄՆ հայ համայնքի գործունեության նպատակների մեջ։ Ամերիկահայությունը մինչ օրս շեշտը դրել է լոբբիստական գործունեության վրա և հասել է որոշակի արդյունքների։ Մասնավորապես, երկու անգամ՝ 2000 և 2007թթ., ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ 2000թ. միայն ամերիկյան գործադիր իշխանության և, մասնավորապես, նախագահ Բիլ Քլինթոնի ակտիվ միջամտության արդյունքում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չընդգրկվեց Ներկայացուցիչների պալատի օրակարգում՝ այդպիսով ճանաչում չստանալով վերջինիս կողմից։ Նման միտում նկատվում է նաև 2007թ. Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված 106-րդ բանաձևի պարագայում, թեև Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձևի ընդունման հույսերը դեռևս վերջնականապես սպառված չեն, քանի որ մեկ տարվա ընթացքում այն կարող է քննարկման դրվել Ներկայացուցիչների պալատում։ Փաստորեն, լոբբիստական գործունեության շնորհիվ ամերիկահայ համայնքը թեև հասել է նշանակալի հաջողությունների, սակայն հարցի վերջնական լուծման համար դեռ շատ ջանքեր են պահանջվում։ Վերջին շրջանում նկատվող միտումները կարծես թե ցույց են տալիս, որ ԱՄՆ մեր հայրենակիցները, թերևս, եկել են այն գիտակցության, որ լոբբիստական գործունեությունն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործը հաջողելու համար։ Ուստի, անհրաժեշտ է այն համադրել նաև այլ ոլորտներում ակտիվ գործողությունների հետ։ Կարևորագույն ոլորտներից մեկը, որտեղ փորձում է ակտիվացնել իր ջանքերը ամերիկահայ համայնքը, հասարակական կարծիքի հետ աշխատելու, այն է՝ քարոզչության ասպարեզն է։
Հայ դատի տեսակետից բարենպաստ հասարակական կարծիք ձևավորելու առաջին լուրջ քայլը կարող է լինել Վաշինգտոնում Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնադրումը։ Ինչպես հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող «Նոր Մարմարա» օրաթերթը, 2007թ. նոյեմբերի կեսերին Կալիֆորնիայում տեղի ունեցած Ամերիկայի Հայկական համագումարի հիմնադրման 35-ամյակին նվիրված հանդիսությունների ժամանակ ներկայացվել են մի տեսաերիզ ու մի գրքույկ ապագա թանգարանի ճարտարապետական էսքիզների ու ցուցանմուշների վերաբերյալ։ Ըստ ծրագրի՝ թանգարանը պետք է զբաղեցնի 20 հազար մ2 տարածք և ունենա հետագա ընդլայնման հնարավորություն։ Թանգարան-համալիրում պետք է գործեն նաև մարդու իրավունքների ու ցեղասպանության բաժին, հայկական ինքնության վերաբերյալ լրատվական բաժին, վերապրածների թատրոն և այլն։ Հայոց ցեղասպանության թանգարանը, ուր ներկայացվելու են բազմաթիվ ցուցանմուշներ, միաժամանակ հանդիսանալու է նաև յուրահատուկ ուսումնական, մշակութային, լրատվական կենտրոն՝ մատչելի գրեթե բոլոր տարիքի անձանց համար։
2008-06-12
Ամերիկահայ համայնք. գործողությունների նոր ասպարեզ
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario