Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարություն է կատարել, որը կարող է փոխել իրադրրությունը տարածաշրջանում: Խոսքը հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման մասին է, ինչն անհրաժեշտ է ԱՄՆ-ին, ԵՄ-ին և իհարկե Թուրքիային: Չէ որ, հենց այդ կետը կարող է որոշիչ լինել ԵՄ-ի հետ բանակցություններում: Միացյալ Նահանգներին էլ է պետք խողովակատարերի անվտանգությունը, որը Ադրբեջանն ու Թուրքիան ի վիճակի չեն ինքնուրույն ապահովել:
ՀՀ նախագահը Մոսկվայում հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ է. Հարևան պետությունների միջև 21-րդ դարում չպետք է լինեն փակ սահմաններ: Ըստ Ս.Սարգսյանի, թուրքական կողմն առաջարկում է ձևավորել մի հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի պատմական փաստերը: «Մենք դեմ չենք այդպիսի հանձնաժողովի ստեղծմանը, բ այց այն ժամանակ, երբ կբացվի սահմանը մեր պետությունների միջև: Այլապես, այն կարող է դառնալ հարցը տարիներով երկարաձգելու և շահավետ միջոց»,- նշել է նա: «Առաջիկայում մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ , ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին Երևան` միասին դիտելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը»,- հայտարարել է Ս.Սարգսյանը: Ավելորդ չի լինի հիշեցնել, որ Թուրքիայի նախագահը առաջիններից մեկն էր, ով շնորհավորեց Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնին ընտրվելու առթիվ:
Ճիշտ է, թերևս չենք կարող խոսել հայ-թուրքական սահմանի բացման անգամ մոտավոր ժամանակահատվածի մասին: Սակայն այն, որ Հայաստանի նախագահը պատրաստ է երկխոսության, արդեն լավ է: Փաստորեն, ԱՄՆ պետդեպարտամենտի հանձնարարականները երկխոսություն սկսելու առումով կարող են իրականություն դառնալ: Սակայն, ինչպես ասում էր և ասում է հայկական կողմը, առանց նախապայմանների: Թուրքական կողմից այդ նախապայմանները չափազանց շատ են: 1921 թվականի Մոսկվայի համաձայնագրի ճանաչում, Ղարաբաղի հակամարտութունն ու Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Հայկական կողմից, ինչպես հայտնի է, նման բան չկա: Բնական է, Հայաստանը կշարունակի երաշխավորի դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության համար և ձգտել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը: Թուրքիայում պետք է հասկանան, որ ավելի հեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քան միլիոններ ծախսել և շանտաժի ենթարկել ողջ աշխարհը: Եվ այդ հարցում Անկարային շատ է «խանգարում» Ադրբեջանը:
Բաքվին կարելի է հասկանալ. Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում չունենալով իրական դաշնակիցներ` նա հույսը դնում է Թուրքիայի վրա, որը ավելի մոտ է իրեն: Եվ ինչպես բազմաթիվ անգամներ ասվել է. Թուրքիան իրոք դարձել է Բաքվի, նրա շահերի, նրա էներգակիրների պատանդը և որքան դա կշարունակվի, հայտնի չէ. պարզապես հետաքրքիր է` ինչպես կվերաբերվի Ադրբեջանը, եթե Աբդուլահ Գյուլը ժամանի Երևան… Եթե Թուրքիայի նախագահը իրոք ցանկանում է բարելավել հարաբերությունները և պատասխանի Սարգսյանի հրավերին, ապա դա կլինի մեծ առաջընթաց: Եվս մի բան. նման հրավերները արվում են միայն այն ժամանակ, երբ կա որոշակի պայմանավորվածություն գոնե երկու երկրների ԱԳՆ մակարդակներով և անպայման երրորդ երկրի, տվյալ դեպքում ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Ռուսաստանը այս երկխոսությանը չի մասնակցում, քանի որ չի վերահսկում իրավիճակը և թվում է այնքան էլ չի ցանկանում այդ բաց սահմանը, արդարացիորեն ենթադրելով, որ այդպես Հայաստանը կարող է հեռանալ ռուսական ազդեցությունից:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական, իսկ ավելի վաղ թուրք-խորհրդային սահմանի ճանաչմանը, ապա այս դեպքում շատ ավելի բարդ դրություն է: 1953 թվականի մայիսի 30-ին ԽՍՀՄ կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնությունների բացակայության մասին, նկատի ունենալով Կարսի շրջանը, Էրզրումն ու Սուրմալուն: Խորհրդային Միությաւնը փլուզվեց, և անկախ Հայաստանը հանդիսանում է ոչ թե ՀԽՍԽ, այլ Հայաստանի Առաջին Հանրապետության իրավահաջորդը և, բնականաբար, որևէ պարտավորություն չունի ԽՍՀՄ համաձայնագրերի առումով:
ԱՄՆ Կոնգրեսում լսումների ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրոպայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը հայտարարել է. «Խնդրի կարգավորման մասերից մեկը ԱՄՆ-ն համարում է հայ-թուրքական սահմանի բացումը: Առկա ստատուսքվոն վնասակար է երկու կողմերին էլ: ԱՄՆ-ն աջակցում է հայերի և թուրքերի երկխոսությանն ու համագործակցությանը գիտաժողովների, հանդիպումների և ծրագրերի փոխանակման միջոցով: Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերականգնումը շատ նուրբ և հիվանդագին հարց է: Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության որոշ մութ էջերի հետ. մեկուկես միլիոն հայերի սպանություն և տարհանում Օսմանյան կայսրությունից: Դա հեշտ չէ, ինչպես և ԱՄՆ-ի համար, երբ պետք էր ժամանակ սեփական պատմության մութ էջերը ճանաչելու համար: Իր հերթի, Հայաստանը պետք է պատրաստ լինի սահմանների ճանաչմանը և տարածքային պահանջներ չներկայացնել ժամանակակից Թուրքիային և կառուցողական մոտեցում դրսևորել Թուրքիայի ջանքերի նկատմամբ»,- ասել է Ֆրիդը: Այս երևույթում նաև հետաքրքիր է այն, որ Ֆրիդը ոչինչ չասաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին:
Իսկ Հայաստանի գործերով ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի խոսքերով, Հայաստանում նախագհական ընտրություններից հետո երկկողմանի հարաբերություններում որոշ առաջխաղացումներ են նկատվել, և դա կարող է լավ հիմք դառնալ, որպեսզի ուղի գտնվի դեպի փոխզիջում: «Երկկողմանի հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար պաշտոնական Երևանն ու Անկարան պետք է միասին աշխատեն, իսկ ԱՄՆ-ն միայն կաջակցի հարաբերությունների հաստատմանը»,- ընդգծել է Ջոզեփ Փենինգթոնը:
PanARMENIAN.net
Շարունակել կարդալ >>>
Leer mas >>>