2008-06-27

Համաշխարհային դատարանի փաստաթուղթը բացահայտում է, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Չնայած ԱՄՆ նախագահ Բուշը և նրա մի քանի նախորդներ խուսափել են 1915թ. հայերի դեմ կազմակերպված զանգվածային սպանությունները բնութագրել որպես ցեղասպանություն, վերջերս հայտնի դարձավ, որ 57 տարի առաջ Միացյալ Նահանգների կառավարությունը պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը մի փաստաթղթով, որը ներկայացվել էր Արդարադատության միջազգային դատարան, ինչը նաև հայտնի է որպես Համաշխարհային դատարան:

Հայոց Ցեղասպանությանն անդրադարձող` կեսդարյա վաղեմության այս փաստաթուղթը հայտնաբերել է պրոֆեսոր Ուիլյամ Ա. Շաբասը, ով 2008թ. հունիսի 4-ին այն տեղադրել էր «PhD Studies in Human Rights» կայքէջում: Պրոֆեսոր Շաբասը, որը ցեղասպանության և միջազգային իրավունքի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետ է, Գելվեյ քաղաքում գտնվող Իռլանդիայի ազգային համալսարանի մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի տնօրենն է:

Միացյալ Նահանգների կառավարության կողմից Արդարադատության միջազգային դատարան ներկայացված այս փաստաթուղթը ընդգրկված է Արդարադատության միջազգային դատարանի 1951թ. մայիսի 28-ի զեկույցում, որը վերնագրված է. «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժի վերաբերյալ կոնվենցիային ուղղված վերապահում»:
Հայոց Ցեղասպանության մասին խնդրո առարկա հիշատակումը գտնվում է Արդարադատության միջազգային դատարանի զեկույցի 25-րդ էջում. «Ցեղասպանության մասին կոնվենցիան արդյունք է անմարդկային և բարբարոսական գործողությունների պրակտիկայի, որը տարածված է եղել որոշ երկրներում մինչ երկրորդ համաշխարհային պատերազմը և դրա ընթացքում, երբ կրոնական, ռասայական և ազգային փոքրամասնությունների ամբողջ խմբեր գտնվել են կանխամտածված ոչնչացման սպառնալիքի տակ և ենթարկվել են կանխամտածված ոչնչացման: Ցեղասպանության գործողություններ տեղի են ունեցել մարդկային պատմության ամբողջ ընթացքում:

Քրիստոնյաների հալածանքները Հռոմի կողմից, հայերի կոտորածները թուրքերի կողմից, միլիոնավոր հրեաների և լեհերի ոչնչացումը նացիստների կողմից ցեղասպանության հանցանքի վառ օրինակներն են»:

Սա շատ կարևոր հայտարարություն է, քանզի այն արվել է այդ ժամանակվա ամերիկյան կառավարության կողմից միայն մեկ նպատակով` ասել ճշմարտությունը` առանց հաշվի առնելու որևէ քաղաքական կամ այլ նկատառումներ: Ո՛չ հայերը և ո՛չ էլ թուրքերը Միացյալ Նահանգների հայտարարության վերաբերյալ քարոզչություն կամ հակաքարոզչություն չեն իրականացրել: Այլ կերպ ասած` այն պարզապես արվել է պատմական փաստերի հիման վրա:

Որքան այլ է իրավիճակն այսօր, երբ Սպիտակ տունը պատրաստակամորեն տեղի է տալիս Թուրքիայի կառավարության սպառնալիքներին և ճնշումներին` խոչընդոտելով Ներկայացուցիչների պալատին` ընդունել Հայոց Ցեղասպանությունը հիշատակող բանաձևը: Այժմ, երբ Միացյալ Նահանգների կառավարության կողմից ընդունված այս քննադատական փաստաթուղթը, որը ներկայացվել էր Արդարադատության միջազգային դատարանին, ի հայտ է եկել, այլևս կարիք չկա ավելորդ ջանքեր գործադրել` փորձելու և վերահաստատելու համար Հայոց Ցեղասպանության փաստերը Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից, մասնավորապես` քանի որ Ներկայացուցիչների պալատը 1975թ. եւ 1984թ. ընդունել է Հայոց Ցեղասպանության հիշատակմանը վերաբերող, համապատասխանաբար, 247 և 148 բանաձեւերը:

Ավելին, չկա ոչ մի հատուկ պատճառ պնդելու, որ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, քանի որ նախագահ Ռոնալդ Ռեյգանը դեռեւս 1981թ. ապրիլի 22-ին հրապարակել է թիվ 4838 նախագահական հռչակագիրը, որում նշված է. «Հոլոքոստի դասերը պետք է երբեք չմոռացվեն, ինչպես և դրանից առաջ տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը, դրանից հետո եղած կամբոջացիների ցեղասպանությունը, ու ինչպես շատ այլ նմանատիպ հալածանքներ` ուղղված շատ այլ ժողովուրդների դեմ»:

Իհարկե, եթե ընտրված մի պաշտոնյա հրապարակի Հայոց Ցեղասպանության փաստերը վերահաստատող հայտարարություն, նման ճանաչումը կարժանանա աշխարհասփյուռ հայության հավանությանը: Մյուս կողմից, եթե պետական մի պաշտոնյա ժխտի կամ հրաժարվի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, ապա ամերիկահայերը լավ պատճառ կունենան նրան չաջակցելու ընտրություններում:

Անկախ այդ բանից, թե որքանով են համաձայն նախագահ Ռեյգանի քաղաքականությանը, շատ մարդիկ ընդունում են, որ նա սկզբունքային մարդ էր: Նրա հաջորդները` նախագահ Ջորջ Հ.Վ. Բուշը, Բիլ Քլինթոնը եւ Ջորջ Վ. Բուշը, չեն կարողացել դրսևորել նման բարոյական առաջնորդություն: Իրենց նախագահական քարոզարշավների ընթացքում նրանք խաբեցին ընտրողներին` խոստանալով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, և ընտրվելուց հետո խախտեցին իրենց խոստումները:

Հիշատակված վերջին երեք ԱՄՆ նախագահները ոչ միայն չկատարեցին իրենց խոստումը, այլև շատ ավելի հեռուն գնացին. նրանք իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ արեցին` կանխելու համար Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերը: Այս ստոր մերժողականների անունները պետք է ընդմիշտ փորագրվեն հատուկ «անպատվության պատին», որպեսզի հաջորդ սերունդները չմոռանան պարսավանքի արժանի նրանց վարքի մասին:

1951թ. Միացյալ Նահանգների կառավարության կողմից Միջազգային դատարան ներկայացված պաշտոնական հայտարարության, ինչպես նաև 1975թ. եւ 1984թ. ընդունված երկու բանաձևերի, նախագահ Ռեյգանի 1981թ. հայտարարության և ԱՄՆ ավելի քան 40 նահանգների և ԱՄՆ հարյուրավոր քաղաքների կողմից ընդունված բանաձևերի հիման վրա հայերը այժմ Միացյալ Նահանգներին կարող են դասել այն ավելի քան 20 երկրների շարքում, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:

Նրանք, ովքեր պնդում են, որ Միացյալ Նահանգները չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, խեղաթյուրում են այս հարցի շուրջ Միացյալ Նահանգների կառավարության հստակ արձանագրումը:

Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիան կուրիերի» հրատարակիչ
Երկիր

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs