«Ամոթ է, որ արտաքին գործերի ծառայություններում աշխատելը որպես կարիերա ընտրած պաշտոնյաները հանձնաժողովի առաջ կանգնեն և դժվարություններ ունենան ընդունելու պատմական փաստերը և ճանաչելու միջազգայնորեն ընդունված իրականությունները: Զարմանալի է, որ մենք կարող ենք խոսել մեկուկես միլիոն մարդկանց մասին, որոնց կոտորել են, կանանց մասին, որոնց բռնաբարել են, կամ բոլոր մյուսների մասին, որոնց բռնի տեղահանել են իրենց բնօրրանից, և նախագահի մակարդակով հաստատումներ լսել այդ բոլորի մասին, բայց չկարողանալ անվանել այդ ամենը իր իսկական անունով: Դա մի տեսակ անմիտ պար է, որ վարչակազմը պարում է ցեղասպանություն եզրի գործածման շուրջը», ասել է համբերությունը կորցրած դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը ունկնդրելուց հետո ՀՀ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանի թեկնածու Մարի Յովանովիչի անհեթեթ պատասխանները ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումներում, որոնց մասին «Ազգը» գրել է հունիսի 20-21-ի համարներում:
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը գրում է, որ Յովանովիչի խոսքերում երեք հիմնական թերություն կա: «Մեծ եղեռն» բառերի օգտագործումը նրա կողմից խելացի քայլ էր գուցե, բայց եթե նա ցանկանում էր հայկական եզրեր գործածել, ավելի ճիշտ կլիներ «Հայկական ցեղասպանություն» եզրը գործածել», գրում է նա և շարունակում. «Երկրորդ` ոչ թե Յովանովիչն է ասում` «շատ հայեր անվանում են», այլ հայերը կամ բոլոր հայերը հավատացած են, որ «կատարվածը ցեղասպանություն էր, և երրորդ` ճիշտ չէ, որ «Մ. Նահանգների երկու կուսակցություններից նախկին նախագահների քաղաքականությունն է եղել» չգործածել ցեղասպանություն բառը: Յովանովիչը պետք է տեղյակ լիներ, որ նախագահ Ռոնալդ Ռեյգանը օգտագործել էր այդ եզրը դեռ 1981 թվին:
Վերջին հարցի վերաբերյալ լսումների ժամանակ խուսափողական պատասխան է տվել նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը: Կոնգրեսական Ադամ Շիֆի հարցին, թե արդյոք հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն կորակե՞ր, նա պատասխանել է. «Այս վարչակազմի և նախագահի քաղաքականությունն է չօգտագործել այդ բառը, չնայած ուզում եմ հստակ լինել այն հարցում, որ մենք երբեք չենք ուրացել զանգվածային սպանությունների, ոճրագործությունների, բռնի տեղահանությունների և գազանությունների պատմական փաստերը, որոնք տեղի են ունեցել այդ տարիներին»:
Անկախ այն հանգամանքից, Սենատը կընդունի՞, թե՞ կմերժի Յովանովիչի թեկնածությունը, իրական հանցագործները պետքարտուղարության և Սպիտակ տան նրա ղեկավարներն են, որոնք ամոթի ամեն զգացում անտեսելով ենթարկվում են ճնշումներին օտարերկրյա չնչին մի իշխանության, որի ղեկավարները համարձակվում են լռեցնել այս մեծ երկրի առաջնորդներին: Մեր միակ հույսն այն է, որ առաջիկա նախագահական ընտրություններից հետո նախագահ Բուշից բացի մենք ցտեսություն կասենք բոլոր նրանց, ովքեր ստել են ու խաբել հանրությանը հանուն ժամանակավոր քաղաքական շահերի` անգամ նսեմացնելով ամերիկյան արժեքները», եզրափակում է իր հոդվածը Հարութ Սասունյանը:
/armtown.com/
2008-06-27
Խստիվ քննադատվել է ԱՄՆ դիվանագետների «պարը ցեղասպանություն բառի շուրջը»
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario