ԵԽԽՎ դիտարկման հանձնաժողովն անհրաժեշտ է համարում, որպեսզի Վեհաժողովը երկարաձգի 1609 բանաձևի պահանջների կատարման ժամկետը Հայաստանի համար։ Ժամկետն առաջարկվում է երկարաձգել մինչև 2009 թվականի հունվարին կայանալիք ձմեռային նստաշրջանը։ Այդ մասին ասվում է «Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 բանաձևի կատարումը» զեկույցում։
Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ Դիտարկման հանձնաժողովն ափսոսում է այն առնչությամբ, որ Վեհաժողովի պահանջների կատարմանը նպատակաուղղված որոշակի միջոցառումների իրագործումն ուշանում է։ Այդուհանդերձ, Դիտարկման հանձնաժողովը խոստովանում է, որ Հայաստանի իշխանություններին տրամադրված ժամկետը սահմանափակ էր։
«Ժամանակի սղության պատճառով անհնար էր գնահատական տալ այն բանին, թե Վեհաժողովի պահանջների կատարմանը նպատակաուղղված իշխանությունների նախաձեռնությունները որքանով են համապատասխանել, օրինակ, մարտի 1-ի իրադարձությունների անկախ, թափանցիկ հետաքննության անցկացման առնչությամբ։ Այդուհանդերձ, հանձնաժողովը Վեհաժողովին առաջարկում է 2009 թվականի հունվարին կայանալիք ձմեռային նստաշրջանում քննարկել թիվ 1609 բանաձևի պահանջների կատարման գործում Հայաստանի ձեռք բերած առաջընթացը։ Եթե 1609 բանաձևում, ինչպես նաև տվյալ զեկույցում նշված պահանջները կատարված չլինեն, Դիտարկման հանձնաժողովը Վեհաժողովին առաջարկում է հունվարի նստաշրջանում արդեն քննարկել Հայաստանի պատվիրակության մանդատը դադարեցնելու և նրան ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը», - նշվում է փաստաթղթում։
Միևնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ թեև Դիտարկման հանձնաժողովը ողջունում է այն առաջընթացը, որին Հայաստանի իշխանությունները հասել են Վեհաժողովի պահանջների կատարման գործում, այդուհանդերձ, չնայած քաղաքական կամքի առկայությանը, առաջընթացն ամենևին էլ բավարար չէ։ Փաստաթղթում, մասնավորապես, մտահոգություն է հայտնվում այն փաստի առնչությամբ, որ մարտյան իրադարձություններին մասնակցելու համար ձերբակալված անձինք մինչ օրս կալանքի տակ են։ Զեկույցում նշվում է, որ նրանց գործերը կամ պետք է անմիջապես կարճվեն, կամ պետք է մուտքագրվեն դատարան։ Բացի այդ, 300 և 225 հոդվածներով մեղադրվող անձինք պետք է անմիջապես ազատ արձակվեն, եթե չկան հստակ ապացուցյներ, որ նրանք հեղինակել են քրեօրեն դատապարտելի արարքներ։ Զեկույցում նշվում է, որ անընդունելի են համարվում այն դատավճիռները, որոնք հիմնված են միմիայն ոստիկանների վկայությունների վրա և չեն պարունակում անկախ մարմինների վկայություններ։
«Այդ գործոնը նպաստում է իշխանությունների և ընդդիմության միջև հարաբերությունների լարվածությանը և կարող է ձախողել երկխոսության և բարենորոգումների հնարավորությունները։ Անհրաժեշտ է ձեռնարկել հետագա քայլեր։ Մենք իշխանությունների հետ երկխոսությունը բոյկոտող բոլոր քաղաքական ուժերին կոչ ենք անում վերանայել սեփական դիրքորոշումը և օգտվել իշխանությունների առաջարկած հնարավորությունից», - նշվում է զեկույցում։
Բացի այդ, զեկույցում խոսվում է այն մասին, որ իշխանությունները չպետք է խոչընդոտեն հանրահավաքների անցկացմանը։ Մասնավորապես, ողջունվում է այն փաստը, որ հունիսի 20-ի հանրահավաքն անցավ առանց միջադեպերի։
Փաստաթղթի հեղինակները դիմում են ԵԽ գլխավոր քարտուղարին խնդրանքով, որքան հնարավոր է արագ նշանակել ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին, ով կմեկնի Երևան և հնարավորություն կունենա անընդմեջ հետևել իրականոցվող քայլերին և ստեղծված հանձնաժողովի աշխատանքին։
/Թերթ.am/
2008-06-24
ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են անում Հայաստանի համար երկարաձգել 1609 բանաձևի պահանջների կատարման ժամկետը
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario