Հայաստանը ԱՊՀ-ի տարածքի այն սակավաթիվ պետություններից մեկն է, որը, ըստ ամերիկյան Foreign Policy- հանդեսի, չի դասվում ձախողվածների թվին, հայտնում է azatutyuna.am-ը։
Foreign Policy-ն արդեն չորրորդ տարին է, ինչ հրապարակում է աշխարհի պետությունների կայունության աստիճանին նվիրված հետազոտության արդյունքները` փորձելով պարզել, թե արդյոք շա՞տ են աշխարհի այն երկրները, որոնց պետական ապարատի բնականոն գործունեությունը վտանգված է։ Որքան բարձր է պետության զբաղեցրած տեղն այս ցանկում` այնքան ավելի մտահոգիչ է այնտեղ տիրող իրավիճակը։ Այս առումով, Հայաստանը միջին ցուցանիշ ունեցող երկրների շարքում է։
2007 թվականին Հայաստանն այս ցանկում 112-րդ տեղն էր կիսում Կիպրոսի և Ալբանիայի հետ մեկտեղ, իսկ այս տարի 109-րդ տեղն է կիսում Ուկրաինայի հետ։
Foreign Policy-ի փորձագետները 12 տարբեր չափանիշների են անդրադառնում` մարդու իրավունքների պաշտպանության մակարդակից մինչև պետական կառույցների լեգիտիմության աստիճանն ու երկրում տիրող տնտեսական ու ժողովրդագրական կացությունը։
Հայաստանի ցուցանիշներից Foreign Policy-ի մասնագետներն առավել մտահոգիչ են համարում արտագաղթի ծավալները, փախստականների թիվը։ Երկրում խնդիրներ կան մյուս բնագավառներում ևս` դատական համակարգի արդյունավետություն, մարդու իրավունքների պաշտպանություն։
Որպես հարևան Ադրբեջանի ամենալուրջ խնդիր` Foreign Policy-ի փորձագետները մատնանշում են պետական ապարատի քրեականացումն ու դելեգիտիմացումը, ինչը, ըստ նրանց, վտանգում է Ադրբեջանի` որպես պետության բնականոն զարգացումը։
Այդուհանդերձ, ոչ Հայաստան և ոչ էլ Ադրբեջանը աշխարհի ամենաանկայուն 60 պետությունների թվին չեն դասվել։ Պետությունների այս խմբում են Կենտրոնական Ասիայի բոլոր հանրապետությունները` բացառությամբ Ղազախստանի, ինչպես նաև Բելառուսը, Մոլդովան ու Վրաստանը։
Վրաստանի հիմնական խնդիրներ են` փախստականների մեծ թիվը, «սառեցված» հակամարտությունները, երկրում տիրող իրավիճակից դժգոհ բնակչության մեծ խմբերի առկայությունը։ Բացի այդ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս օտար պետությունների միջամտությունը երկրի ներքին գործերին։
Հայաստանի անմիջական հարևաններից բավական անկայուն վիճակում են նաև Թուրքիան ու Իրանը` համոզված են ամերիկացի մասնագետները։
Թուրքիան, որը ցանկում 92-րդն է, ըստ Foreign Policy հանդեսի` տնտեսական բավական լուրջ խնդիրներ ունի, մասնավորապես` երկրի տնտեսական զարգացումը հաստատուն բնույթ չի կրում։ Բացի այդ, Թուրքիայի ուժային կառույցները քաղաքացիական իշխանություններից անկախության բավական բարձր մակարդակ ունեն, ինչը եւս չի նպաստում պետություն կայունությանը։
Իրանը ընդգրկվել է առավել ռիսկային համարվող 60 պետությունների թվում։ Տնտեսության զարգացումը իսլամական հանրապետությունում շարունակական բնույթ չունի, անվտանգության ուժերն ու բանակը գործում են ինչպես «պետություն պետության ներսում», մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը խիստ ցածր է։
Աշխարհի առավել ձախողված եւ անկայուն պետությունը, ըստ վերլուծաբանների, Սոմալին է, որը, Foreign Policy-ի գնահատականով, որպես միասնական պետական կազմավորում փաստացիորեն դադարել է գոյություն ունենալ 1991 թվականին։
Աշխարհի ամենակայուն պետությունները սկանդինավյան երկրներն են` Նորվեգիան, Ֆինլանդիան և Շվեդիան։
/Թերթ.am /
2008-06-25
Foreign Policy հանդեսը Հայաստանը չի դասել ձախողված պետությունների թվին
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario