ՀՀ—ում ԱՄՆ–ի դեսպանի թեկնածու Մ. Յովանովիչը 1915—ի իրադարձությունների մասին խոսելիս օգտագործել է «Մեծ եղեռն» ձևակերպումը:
«ԱՄՆ–ի կառավարությունը և, իհարկե, ես ճանաչում և սգում ենք մասսայական սպանությունների, էթնիկ զտումների և բռնի տեղահանության համար, որն օսմանյան կայսրության վերջին շրջանում խլեց 1,5 միլիոն հայերի կյանք։ ԱՄՆ—ը ճանաչում է այդ իրադարձությունները որպես 20—րդ դարի ամենամեծ ողբերգություն, «Մեծ եղեռն», ինչպես շատ հայեր անվանում են այն։
Դա է պատճառը, որ ամեն տարվա ապրիլին ԱՄՆ–ի նախագահը հարգում է զոհերի հիշատակը և արտահայտում իր զորակցությունը հայ ժողովրդին»,–ասել է ՀՀ—ում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնում նախագահ Ջորջ Բուշի կողմից առաջադրված թեկնածու Մարի Յովանովիչը՝ ԱՄՆ–ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հունիսի 19—ին կայացած լսումներում։
Ըստ նրա, վարչակազմը հասկանում է, որ շատ ամերիկացիներ հավատում են, որ այդ իրադարձությունները պետք է կոչվեն «ցեղասպանություն»։
Նախագահ Բուշի և նրան նախորդած նախագահների քաղաքականությունն է այդ տերմինը չօգտագործելը։ Նախագահը խրախուսում է Թուրքիայի քաղաքացիներին՝ հաշվի նստել իրենց անցյալի հետ և հաշտվել հայերի հետ։ Նա ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ։ Նախագահ Ջ. Բուշը հավատում է, որ զոհերին հարգելու ամենալավ եղանակն անցյալը հիշելն է, և դեպի ապագա նայելով՝ փոխըմբռնում ու համաձայնություն հաստատելը հայերի և թուրքերի միջեւ։ Դրա բանալին, Մ. Յովանովիչի խոսքերով, Հայաստանի մեկուսակցմանը վերջ դնելն է և սահմանների բացումը։
«Հայաստանի կառավարությունն ակնկալում է, որ մենք պետք է աջակցենք այդ գործին։ Դա հեշտ չէ և շատ արագ չի իրականանա, բայց որոշ հուսադրող նշաններ կան։
Նախագահ Բուշը հավատում է, որ հարաբերությունների նորմալացում հնարավոր է և անհրաժեշտ։ Արդյունքում կբարելավվի յուրաքանչյուր հայի կյանքը։ Իմ գործում առաջնահերթություն կլինի տարածաշրջանային հավասարակշռությանը նպաստելը՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմամբ և Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ։ Ամեն տարի զինվորներ են զոհվում Ադրբեջանի հետ շփման գծում։ Իրավիճակի վատացումն անընդունելի է և անհամատեղելի ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԱՄՆ—ի շահերի հետ։
Այս ուղղությամբ ևս որոշ առաջընթաց քայլ կա։ Հաջողությունը Հայաստանին կբերի անվտանգություն և տնտեսական մեծ հնարավորություններ։ Այս խնդրում ևս իմ ուշադրությունը մեծ է լինելու և ոչ միայն կառավաչրություն—կառավարություն կապի, այլ մարդ—մարդ շփումների տեսանկյունից։ Շփումները վստահություն կբերեն, որն առաջին քայլն է հակամարտության լուծման համար»,—նշել է դեսպանի թեկնածուն։
Նրա խոսքերով, Հայաստանում կառավարման համակարգի կատարելագործմանն աջակցելը ևս ԱՄՆ—ի համար կարևոր նպատակ է։ «Հայաստանի հետ մեր հարաբերությունները ընդարձակ են ու խոր թե երկկողմ հարթության վրա, թե մարդկանց միջև շփումներում։ ԱՄՆ—ն առաջին պետությունների թվում էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը, և առաջինը, որ հիմնադրեց դեսպանություն Երևանում։ Անցած 17 տարիների ընթացքում ԱՄՆ—ը շուրջ 2 միլիարդ դոլարի աջակցություն և նյութական օժանդակություն է տրամադրել հայերին։ Դեռեւս մարտահրավերներ կան, և մենք ակնկալում ենք, որ գործակցությունը կշարունակվի բոլոր ոլորտներում։ Եթե հանձնաժողովը հաստատի իմ թեկնածությունը, ես կանեմ ամեն հնարավորը, որ ԱՄՆ—ի հետաքրքրությունները պաշտպանվեն, երկկողմ կապերն ակտիվանան, Հայաստանի մեկուսացումը վերանա, և հաստատվի տարածաշջանային կայություն»,–ասել է Մ. Յովանովիչը։
Նշենք, որ դեսպանի թեկնածուին հարցեր է ուղղել դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով ժամանակին երկու անգամ արգելափակել էր նախագահ Ջորջ Բուշի առաջարկած նախկին թեկնածուի՝ Ռիչարդ Հոգլանդի հաստատումը։ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Յովանովիչի նշանակման հարցով քվեարկությունը կանցկացվի, երբ դիվանագետը կպատասխանի նաև գրավոր հարցերին, որոնք նրան հղել են մի շարք սենատորներ, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ—ի նախագահի թեկնածու Բարաք Օբաման, Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ սենատոր Բարբարա Բոքսերը և այլք։
Հիշեցնենք, որ ՀՀ—ում ԱՄՆ–ի նախկին դեսպան Ջոն Էվանսը հետ կանչվեց հայոց ցեղասպանության մասին հրապարակայնորեն խոսելու համար։
2008-06-22
Դարձյալ՝ առանց «ցեղասպանություն» բառի
Suscribirse a:
Enviar comentarios (Atom)
0 comentarios:
Publicar un comentario