2008-06-24

Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը և Մերձավոր Արևելքի հիմնադրամը ստորագրել են համագործակցության պայմանագիր

Ամերիկայի` Հայոց ցեղասպանության թանգարանը (ԱՀՑԹ) և Մերձավոր Արևելքի հիմնադրամը ստորագրել են համագործակցության պայմանագիր։ Հիմնադրամի` Նյու Յորքում տեղակայված միջազգային կենտրոնակայանում երկու կազմակերպությունների անունից պայմանագիրը ստորագրել են ԱՀՑԹ-ի հոգաբարձու, Շինարարության ու գործառնությունների կոմիտեի նախագահ Վան Գրիգորյանը և Մերձավոր Արևելքի հիմնադրամի խորհրդի նախագահ Շանթ Մարտիրոսյանը։ Ինչպես հայտնում է Ամերիկայի` Հայոց ցեղասպանության թանգարանից, պայմանագիրը թանգարանի ցուցանմուշներում Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի արժեքավոր փաստաթղթերի ու իրերի գործածման հնարավորություն է ընձեռում։ Հիմնադրամը նաև մարդասիրական նախաձեռնությունների մասին հարուստ փաստական նյութ ունի։
«Անթիվ հայ որբերի պատմությունների մասին մեզ են պատմում արխիվները։ Այդ պատմությունները մեզ են հասել նաև Մերձավոր Արևելքի օգնության կազմակերպության աշխատակիցների օրագրերի և գրությունների միջոցով։ Վաշինգտոնի սրտում տեղակայված այս թանգարանը հարգանքի տուրք կլինի նրանց հերոսական ջանքերին»,- պայմանագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է Շ.Մարտիրոսյանը։


Մերձավոր Արևելքի հիմնադրամը Հայ և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի իրավահաջորդն է։ Կոմիտեն հիմնվել է 1915թ-ին, իսկ ավելի ուշ` 1919-ին, Կոնգրեսի ակտով դարձել է Մերձավոր Արևելքի օգնության կորպորացիա։ Մերձավոր Արևելքի օգնության կազմակերպությունը հիմնել և շահագործել է մանկատներ, հիվանդանոցներ, դպրոցներ Բալկաններում, Կովկասում ու Մերձավոր Արևելքում` մեղմացնելու Հայոց ցեղասպանությունից փրկվածների տառապանքները, ովքեր ապաստան էին փնտրում Օսմանյան կայսրությունից դուրս։ Ըստ Մերձավոր Արևելքի հիմնադրամի փաստաթղթերի` 1915-1930թթ. Մերձավոր Արևելքի օգնության կազմակերպությունը 117 մլն դոլարի օգնություն է ցուցաբերել, նրա գործունեության շնորհիվ փրկվել է միլիոնավոր մարդկանց կյանք, մասնագիտական դասընթացներ են կազմակերպվել 132 հազար հայ որբերի համար։

Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը նախատեսվում է բացել 2010 թ-ին Վաշինգտոնում։ Թանգարանը տեղակայված կլինի Վաշինգտոնի պատմական Ազգային բանկի շենքում, որը գտնվում է 14 և G փողոցների խաչմերուկում` Սպիտակ տնից մի քանի քայլ հեռավորության վրա։ Շինարարության ավարտից հետո այն կլինի հայ համայնքի առաջին միջազգային մակարդակի թանգարանը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ու այն վերապրածների հիշատակին։ Ապրիլին թանգարանը համագործակցության պայմանագիր է կնքել ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ։


/Արմենպրես/

0 comentarios:

Suscribete via RSS

Entradas RSS

Add to The Free Dictionary Top Blogs Suscribirse a Bloglines Add to Excite MIX Top Blogs Top Blogs Top Blogs Top Blogs